23/12/2024

Գորիսում՝ անշարժ գույքեր, 358 535 382 ՀՀ դրամ գումար ․․․ Առուշ Առուշանյանից բռնագանձման ենթակա գույքերը

ՀՀ դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցով պահանջում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող մի շարք գույքեր, ինչպես նաև գումար և ՍՊԸ-ում նրա ունեցած 100 տոկոս մասնակցությունը։

Բռնագանձման ենթակա գույքերն են Գորիս համայնքի Զ. Անդրանիկ փողոցում գտնվող բնակելի տունը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, Գորիսի Վերիշեն, 1-ին փողոցի թիվ 2 արտադրամասը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, Գորիսի Վերիշեն, 1-ին փողոցի թիվ 2/1 հողամասն ամբողջությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, Գորիսի Զ. Անդրանիկ փողոցում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքի 33.27 տոկոսը, ինչպես նաև «Գոր Մետալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում Առուշ Առուշանյանին պատկանող 100 տոկոս մասնակցությունը։

datalex.am-ում հրապարակված դատարանի որոշումից տեղեկացվում է նաև, որ հօգուտ ՀՀ-ի Ա. Առուշանյանից բռնագանձվելիք գույքի ցանկում է նաև 223 471 ՀՀ դրամ գումարը, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել ու բռնագանձել, 358 535 382 ՀՀ դրամ գումարը՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ։
Հայցադիմումը, նշենք, 30.01.2024 թվականի որոշմամբ դատարանն ընդունել է վարույթ։

Հայցադիմումին կից դատախազությունը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն, որը դատարանը բավարարել է՝ արգելելով Առուշ Առուշանյանին կատարել վերոնշյալ գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն, արգելել «Գոր Մետալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը իրեն պատկանող անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարում՝ բացառությամբ շրջանառու միջոցների (արտադրանք, հումք, ապրանքներ (աշխատանքի արդյունք կամ ձեռք բերված գույք՝ նախատեսված վաճառքի կամ փոխանակման համար), 358 758 853 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել Առուշանյանին պատկանող գույքի վրա՝ բացառությամբ վերոթվարկյալ գույքերի։

Հավելենք, որ դատարանը՝ ի դեմս Լիլի Դրմեյանի, ապրիլի 1-ի որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակել սույն գործով, որը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 15-ին, ժամը 15:00-ին։