Նախկին ռեժիմի ագիտպրոպը մեկ անգամ չէ, որ ազդարարել է՝ գործող իշխանությունից ազատվելու միակ սահմանադրական գործիքը (անվստահություն հայտնելը ժամանակի զուր վատնում է՝ հաշվի առնելով ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը) փողոցի, լայն զանգվածների ճնշման տակ վերջինիս հրաժարական պարտադրելն է՝ ինչպես դա տեղի ունեցավ 2018-ին։
Եվ քանի որ 2018-ի ֆենոմենը կրկնել այդպես էլ չի հաջողվում՝ ժողովուրդը, մեղմ ասած, արհամարհում է ընդդիմադիր դաշտից հնչող «ոտքի ելեք» ոճի ճիչերն ու աղաղակները, ուստի այդ աղաղակների ու ճիչերի հեղինակները բառիս բուն իմաստով գազազում են արհամարհված լինելու փաստից և, ի պատասխան իրենց ցուցաբերված արհամարհանքի, կասկածի տակ են դնում ՀՀ քաղաքացիների մտավոր ունակությունները, բարոյական նկարագիրը, հայրենիքը սիրելու կարողությունը՝ ընդհուպ անպատվելով պոտենցիալ «իշխանափոխիչներին»։
Հոգեբանական դիվերսիայի այս մեթոդը, հիշեցնենք, իր ամենանողկալի դրսևորումներով կիրառվում էր «Հայրենիքի փրկության շարժման» (ապաև՝ «Դիմադրություն» շարժման) օրերին, երբ իշխանությանը հեռացնելու համար փողոց թափված մի խումբ ընդդիմադիր կուսակցություններ ամբիոնից «նախիր», «ժեխ» էին անվանում հրապարակ չեկող քաղաքացիներին, ընդհուպ հայհոյելով՝ «չեն գալիս՝ «վրեն» գան»։ Նույն այդ քաղաքացիներն այնուհետ ատելության խոսքի թիրախ դարձան՝ պիտակվելով որպես «թուրքի եթիմ», և վերջիններիս գենետիկ պատկանելությունը՝ հայ լինելը, կասկածի տակ դրվեց։ Նույն այս վայրենի, պառակտիչ քարոզչությունը իշխանությանը սատարող քաղաքացիների հանդեպ տարվում է նաև այսօր՝ Տավուշում տեղի ունեցող սահմանազատման գործընթացի համատեքստում, երբ այդ գործընթացը տապալելու կոչերը լայն արձագանք չեն գտնում հանրության լայն շրջանակների կողմից, ինչն էլ առիթ է տալիս այդ կոչերի հեղինակներին դիմելու նույն տեխնոլոգիային՝ հոգեբանական դիվերսիայի։
«…Դե եթե փող սիրող հայ ոստիկանն ու երկրապահը ուժ են կիրառում հող տալու դեմ դուրս եկած հայ մարդու նկատմամբ, որպեսզի այդ ընթացքում բանակի մի շարք պատվազուրկ ներկայացուցիչներ հողերն ազատեն ու հանձնեն թշնամուն, էլ ի՞նչ եք ուզում ուրիշից: Նժդեհը երիցս իրավացի էր: Զարմանալու ոչինչ չկա, ամեն ինչ ծրագրված է ու հասկանալի: Ինձ միայն այն 680.000-ի ազգային պատկանելությունն ու գենետիկ հետազոտության տվյալներն են հետաքրքիր: Աստված տա նրանք հայ լինեն:
«Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները (կրթական ցենզը որքան բարձր՝ այնքան վատ) կամա, թե ակամա դարձան այս պետության գերեզմանափորը»,- իր սահմանադրական իրավունքներն իրացրած ժողովրդին օրերս «նայեզդ» էր արել կարկառուն ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր, հեղափոխության օրերին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած, կրթական բարձր ցենզով Արտակ Զաքարյանը։ Վերջինս, Նժեդեհի «երիցս ճիշտ լինելու» պահը շեշտելիս, ենթադրաբար նկատի է ունեցել նրա մտքի արգասիքը ՝«Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքն անմրցելի է»։ Ստացվում է՝ Արտակ Զաքարյանը, հղում անելով Նժդեհին, ոտքի չկանգնող և իրենց չմիացող քաղաքացիներին անվանում է… «տականք»…
Մինչ 680 հազար քաղաքացիները, որոնց գենետիկ պատկանելությունը կասկածի տակ է դրվել, համարժեք կարձագանքեն Արտակ Զաքարյանին՝ ենթադրենք, թե ինչ նախապատմություն ունի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերմունքը իշխանության աղբյուրի նկատմամբ։ Տարիներ շարունակ Զաքարյանն ու նրա կուսակցությունը ժողովրդին վերաբերվել են որպես մսի ու արյան զանգվածի, անզգամ ու անգաղափար մատերիայի՝ զուրկ ինքնիշխան որոշումներ կայացնելու ունակությունից, որի ձայնը կարելի էր ընտրությունների ժամանակ փողով առնել, կեղծել վերջինիս կամարտահայտությունն ու իշխել…
Հետևապես Զաքարյանի և նրա կուսակցության արժեհամակարգին խորթ է այնպիսի հասկացությունը, ինչպիսին է ժողովրդի կամքի ազատ արտահայտումն ու դրա հետ հաշվի նստելը։ Զաքարյանի ուղեղում մինչև այժմ չի տեղավորվում, որ ՀՀ քաղաքացին այլևս հնազանդ օբյեկտ չէ, որի ձեռքը կարելի է փուչիկ կամ պլակատ տալ ու քշել այս կամ այն միտինգին կամ նախընտրական հավաքին։ ՀՀ քաղաքացին այլևս սուբյեկտ է, որն իր իշխանությունը, Սահմանադրությամբ իրեն վերապահված բոլոր՝ այդ թվում հավաքներին մասնակցելու իրավունքն իրացնելիս կաշկանդված չէ որևէ մեկի կամքով և առաջնորդվում է ըստ սեփական կամքի ու ցանկության։ Ահա այս ճշմարտության հետ է, որ Զաքարյանն ու սերժաքոչարյանական ընդդիմությունը հրաժարվում են առերեսվել, ինչի հետևանքով էլ ժողովրդին դեպի իրենց հակելու փոխարեն պատերազմ են հայտարարում նույն այդ ժողովրդին։
Նախկին պատգամավորի գրառումը, նկատենք, 680 հազար քաղաքացիներին ծաղրի ու ատելության խոսքի թիրախ դարձնելու առաջին դեպքը չէ։ Այդ տեխնոլոգիան գործի է դրվել 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներից հրապարակումից հետո, և ՔՊ-ի հաղթանակը ռևանշիստների խմբակը որակեց «թուրք-ադրբեջանական տանդեմի հաղթանակ»։ Ընդ որում՝ նույնիսկ եկեղեցու մակարդակով, որը կոչված է հոգալ իր հոտի համերաշխությունն ու միասնականությունը։ Այս օրերին Տավուշի դարդով տապակվող հոգևորականներից մեկը՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, հիշեցնենք, ֆեյսբուքի իր էջում ԱԺ ընտրությունների հաջորդ օրը մորմոքացել էր. «Պլեբոսը հաղթեց Դեմոսին, Բնակիչը՝ քաղաքացուն, Սուբյեկտիվ սենտիմենտալիզմը՝ օբյեկտիվ պրագմատիզմին, Էրմենիստանը՝ Հայաստանին, վերջապես Բելը՝ Հայկին…»։ Ժողովրդի մասին այսպես արտահայտված գործիչը՝ անկախ իր զբաղեցրած դիրքից, արդյոք բարոյական իրավունք ունի՞ այսօր ակնկալելու նույն այդ ժողովրդի ակտիվ մասնակցությունը իրեն ակնարկածի կազմակերպած միջոցառումներին։
Տավուշում տեղի ունեցոող բողոքի ակցիաների ժամանակ մեկումեջ ծիկրակող, տավուշցի Լենիկ տատիկի հետ սելֆիներ անող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն էլ 2021-ի արտահերթի հաջորդ օրը ֆեյսբուքում «բնիկ Կարսեցու մտորումներ, ներում չկա» հեշթեգերի տակ գուժել էր. «թուրքը հաղթեց: Հ.Գ. հարգելի՛ ընկերներ, ինձ սփոփելու կարիք չկա: Սա պարզապես իրականության արձանագրում է: Այս հաղթանակը թուրք ժողովրդինն է: Իսկ իմ պայքարը շարունակվում է: Հաղթածները չեն ծնկում: Դրանում մեկ վայրկյան չկասկածեք»:
Ինչ է ստացվում՝ռևանշիստների ագիտպրոպը (շարքային քաղգործչից մինչև բարձրաստիճան հոգևորական), որը գործող իշխանությանը մեղադրում էր հեղափոխությունից հետո հասարակությանը «սևերի և սպիտակների» բաժանելու և այսպիսով հասարակության մի հատվածին մյուսի դեմ հանելու մեջ, այժմ ինքն է զբաղված թշնամանք սերմանելով՝ ովքեր չեն մեկնում Տավուշ՝ «հանձնվելիք հողերի» բնապատկերին սելֆիներ, ֆեյսբուքյան «սթորիներ» անելու, արջի նման սեփական ահից գոռգոռալու և ուշագնաց լինելու, նրանք «անհայրենիքներ» են, «պատվազուրկ», «զբրոդ», որոնց գենետիկ պատկանելությունը ենթակա է կասկածի տակ դրվելու…
Հեղինե Մանուկյան
Բաց մի թողեք
Ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիր խմբեր»․ ՌԴ քարոզչական աղբյուրների շրջադարձը՝ Ասադի տապալումից հետո
Ի՞նչն է Զատուլինին անհանգստացրել
Լիլիթ Հովհաննիսյանն ու մյուսներն ինչու չեն մասնակցել «Armenian Music Video Awards»-ին