23/12/2024

Ակցիաներին մասնակցելու նպատակով տարեցներին գումար տրամադրելու համար մեղադրվող վանաձորցին կալանավորվել է

Շարունակվում է Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից բարեգործական ճաշարանի շահառուներին Երևանում և Տավուշում հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող, սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից էր դարձրել ՀՀ-ում տեղի ունեցող հավաքներին և բողոքի ակցիաներին:

Մասնավորապես, Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ, երիտասարդի կազմակերպմամբ, 3000 ՀՀ դրամ գումարի դիմաց, տարբեր օրերի մասնակցել էին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից Տավուշի մարզում իրականացված ճանապարհների փակման ակցիային, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացված հավաքին, ավելի վաղ՝ նաև այլ վայրերում հրավիրված այլ հավաքներին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վանաձորի 27-ամյա բնակչին մեղադրանք էր ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Միջնորդություն էր ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Դատարանի՝ մայիսի 16-ի որոշմամբ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարվել է, և անձը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, նմանատիպ հնարավոր այլ հանցավոր գործողությունների իրականացման, և դրանցում հնարավոր այլ անձանց ներգրավման, վերջիններիս ինքնությունները պարզելուն, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ: