10/10/2024

«Կրիտիկական զանգվածն» ի՞նչ հարցի լուծման է ներգրավված Երեւանում

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարությունում պնդում է, որ Հայաստանի «իշխանությունները համայնքի ղեկավարին եւ ավագանուն կանգնեցրել են ընտրության առջեւ, ստիպել, որ սեփականաշնորհի համայնքին պատկանող տրանսպորտային միջոցը, որպեսզի պետական հաշվառման վերցնեն»:

Նրա գնահատմամբ՝ «տեղի ունեցողը հետեւանքն է այն բանի, որ Հայաստանի իշխանություններն անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքները եւ կարիքները եւ խուսափում համակարգային որոշումներից»:

Իրավապահ մարմինները, երեւի թե, նրա հայտարարությունը պետք է ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում, քննություն տանեն եւ պարզեն, թե Հայաստանի իշխանության ո՞ր ներկայացուցիչն է, ասենք, Մարտակերտի նախկին քաղաքետին եւ ավագանուն «ստիպել, որ համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցն օտարվի» հատկապես Մ.Գ.-ին: Մեկուկես կամ երկու միլիոն դրամ գնահատված տրանսպորտային միջոցի շուկայական իրացումը թույլ կտար ամենածայրահեղ վիճակում գտնվող մարտակերտցի մի ընտանիքի մեկ տարվա բնակվարձը փակել:

Իսկ Հայաստանի իշխանության «հանցավոր ներկայացուցիչը պարտադրել է, որ տրանսպորտային միջոցը սեփականաշնորհվի քաղաքապետի անունով»: Իսկ թե ինչո՞ւ են իրավապահները հետաքրքրված այդ գործով՝ դաձյալ ռուսերեն տեքստով պարզաբանել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետական նախարարը. «Նրանք հետապնդվում են, որովհետեւ ներկա են գտնվել Արցախի իշխանության հետ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպմանը»:

Համայնքի երեք նախկին ղեկավարների նկատմամբ քրեական վարույթի հարուցումը սոցիալական ցանցերի արցախյան սեգմենտում նույնպես այդ կտրվածքով է ներկայացվում եւ ուղեկցվում չափազանց էմոցիոնալ մեկնաբանություններով: Այնքան, որ գերիշխում է մտայնություն, որ ընդդիմության հանրահավաքներին բոլոր արցախցիները պետք է մասնակցեն: «Եթե անգամ համզոված ենք, որ ոչինչ չի ստացվելու, միայն սրանց (հայաստանաբնակների) ռեխներին խփելու համար պիտի գնանք եւ ապացուցենք, որ ոչ մի արցախցի նիկոլական չէ»:

Այս «սահմանագծային» իրավիճակի համար իշխանությունը, նրա ներկայացուցիչները պատասխանատու՞ են: Անշուշտ: Եւ Արցախի ՄԻՊ-ը հնարավորություն է տալիս, որպեսզի իրավապահները լրջորեն զբաղվեն երեք համայնքապետի նկատմամբ քրեական վարույթի օրինականությամբ: Կոնկրետ՝ պետք է պարզվի, թե իշխանության ո՞ր ներկայացուցիչն է նրանց ստիպել կամ դրդել, որ փաստաթղթերի կեղծմամբ տիրանան համանյքային սեփականություն հանդիսացած շարժական գույքի՝ ավտոտրանսպորտային միջոցի:

Այդ բացահայտումը թույլ կտա, ինչպես ղարաբաղցին է ասում՝ «կծիկը ետ տալ»: Ընդ որում՝ սկսելով ոչ թե մի տրակտոր Հայաստան տեղափոխելուց, այլ՝ ամենավերեւից՝ նախագահականից: Իշխանությունը պետք է շահագրգռված լինի: Այլապես հարկ կլինի արձանագրել, որ «որտեղ է թաղված շան գլուխը» հարցի բացահայտումը ոչ ոքի պետք չէ, իսկ արանքում, իրոք, տուժում են տասնյակ հազարավոր բռնագաղթվածները: Որ դիտվում են իբրեւ «միտինգի մատերիալ»:

Երեսուն-քառասուն հազար «միտինգի մատերիալը» Ստեփանակերտում պաթետիկ կոչերի խառնաձայնությամբ խեղդեց բանականությունը: Եւ, խոստովանենք, նաեւ դա է ԼՂՀ լուծարման, բռնագաղթի պատճառներից մեկը: Նույն «կրիտիկական զանգվածն» ի՞նչ հարցի լուծման է ներգրավված Երեւանում՝ ոչ մի գաղտնիք չկա. նախկին պետական նախարարը բաց տեքստով բոլոր արցախցիների հրապարակ է կանչում, որպեսզի իշխանափոխություն լինի: Մայիսի 26-ին ընդառաջ երեք քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը՝ ի՞նչ է նշանակում: