Ստամբուլում Ադրբեջանի Socar նավթագազային պետական ընկերության գրասենյակի դեմ մի խումբ երիտասարդների հարձակման արդյունքում, նրանք փորձել են ներխուժել շենք, ապա կարմիր ներկով «աղտոտել են» հաստատության արտաքին պատերը եւ շքամուտքը:
Բողքի ակցիայի մասնակիցները «վանկարկել են հակաադրբեջանական կոչեր»: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները հայտնում են, որ թուրք ցուցարաներն Ադրբեջանին մեղադրել են «Պաղեստինի ժողովրդի արդար դատն ուրանալու եւ սիոնիստական ռեժիմի հետ համագործակցելու» մեջ:
«Թուրանի» ստամբուլյան տեղեկատուները հայտնել են, որ Ադրբեջանի նավթագազային պետական ընկերության գրասենյակը «գրոհել են երիտասարդական մի կազմակերպության ներկայացուցիչներ, որ սերտ կապ ունի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության հետ, Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել են իշխանության թեկնածուին»:
Նրանք ուշադրություն են դարձրել երկու կարեւոր հանգամանքի. Ոստիկանությունը չի խոչընդոտել, որ «ծայրահեղ իսլամական խմբավորման անդամներն իրականացնեն նախատեսած բոլոր գործողությունները, իսկ իշխող կուսակցությունը նրանց չի դատապարտել»: Ակցիայի ոչ մի մասնակից նույնիսկ «պրոֆիլակտիկ բերման չի ենթարկվել»:
Փաստացի աղբյուրներն ակնարկում են, որ այդ ակցիան անցկացվել է իշխող կուսակցության առնվազն գիտությամբ: Նրանք «Թուրանի» թղթակցին ասել են, թե տեղեկություն ունեն, որ «առաջիկայում ադրբեջանական այլ հաստատությունների դեմ նույնպես բողոքի ակցիաներ կկազմակերպվեն»:
Առայժմ «ծայրահեղ իսլամականները» պահանջում են, որ Ադրբեջանը դադարեցնի Իսրայելին նավթի մատակարարումը: Գազայում ռազմական գործողությունները շարունակվում են գրեթե ութ ամիս: ԱՅդ ընթացքում Էրդողանը բազմիցս քննադատել է Իսրայելին, սպառնացել առեւտրական կապերի խզմամբ:
Բայց դիտորդները նրա անկեղծության «ինդիկատոր» համարել են Ջեյհանից Իսրայելին նավթի մատակարարումը. քանի դեռ էմբարգո չի կիրառվում, ուրեմն Էրդողանի միայն «օդ է տատանում»: Հունիսի 1-ի ակցիայից հետո, իհարկե, Ջեյհանից Իսրայել նավթի մատակարարումը չի դադարի, բայց իշխող կուսակցության հետ աֆիլացված երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների բոողքի ակցիան, երեւի, Էրդողան-Ալիեւ հարաբերություններում «ճեղքվածքի» դրսեւորում է:
Ըստ երեւույթին, Թուրքիայի նախագահն Ալիեւի «կովկասյան տեղապահության» հեռանկարով ոգեւորված չէ: Ռուսաստանի հետ իրավիճակային համագործակցությունից չի հետեւում, որ Թուրքիան պատրաստ է հակադրվել ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը եւ Միացյալ Նահանգներին, իսկ Ալիեւի «կովկասյան տեղապահությունը» փաստացի Ադրբեջանի կարգավիճակի բարձրացում է ենթադրում՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական նախագծումների ծիրում:
Այդ դեպքում Թուրքիան կանգնում է ոչ միայն Արեւմուտքի հետ բարդ երկխոսության, այլեւ «թուրքական աշխարհի հեգեմոնությունը կորցնելու» հեռանկարի առջեւ: Մանավանդ որ Ղազախստանն էլ Կենտրոնական Ասիայում է «խարակտեր դրսեւորում»: Կոպիտ ասած՝ «թուրքական աշխարհի կաթսայում երեք գլուխ չեն եփվի»: Իսրայելա-ադրբեջանական հարաբերություններն, կարծես, առիթ է, որպեսզի Էրդողանն Ալիեւին «ակնարկ հղի»:
Պաշտոնական Բաքուն Ստամբուլում Socar-ի գրասենյակի դեմ հարձակմանը չի արձագանքել: Եւ, ամենայն հավանականությամբ, չի էլ հրապարակայնացնի: Բայց դա չի նշանակում, թե Էրդողանն Ալիեւի «օձիքը բաց է թողնելու»: Ադրբեջանին վերապահել Կովկասի անվտանգության եւ կայունության երաշխավորի կարգավիճակ՝ խորքային իմաստով նշանակում է «թքած ունենալ» թուրք-ադրբեջանական Շուշիի հռչակագրի վրա: Էրդողանը կմարսի՞ այդ անարգանքը:
Բաց մի թողեք
Ինչպես «ահաբեկիչները» դարձան «ընդդիմադիր խմբեր»․ ՌԴ քարոզչական աղբյուրների շրջադարձը՝ Ասադի տապալումից հետո
Ի՞նչն է Զատուլինին անհանգստացրել
Լիլիթ Հովհաննիսյանն ու մյուսներն ինչու չեն մասնակցել «Armenian Music Video Awards»-ին