27/07/2024

Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանից․ փաստեր, որ Ալիևը ստում է

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, նախ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հետո արդեն նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 5-6-ին հայտարարեցին, որ Ադրբեջանի սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտերը տարածքային պահանջներ չեն պարունակում հարևան պետությունների և Հայաստանի նկատմամբ, մինչդեռ Հայաստանի Սահմանադրությունը և այլ օրենսդրական փաստաթղթերն այդպիսի պահանջներ պարունակում են:

Ավելին, Ալիևը, կրկնելով իր արտգործնախարարի նույն միտքը, հավելել էր․ «Առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության, խաղաղության պայմանագիրն անհնար է ստորագրել»։

Ադրբեջանի նախագահը նաև նկատել է, որ իր երկիրը «երբեք չի ունեցել տարածքային նկրտումներ Հայաստանի նկատմամբ»։ «Այդ նրանք են ունեցել տարածքային պահանջներ մեր նկատմամբ։ Իրենց Անկախության հռչակագրում, որը հետո դարձավ իրենց Սահմանադրության մաս, կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Ալիևը։

«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է Ալիևի այս հայտարարության հետքերով, ուսումնասիրել այդ երկրի Սահմանադրությունը, օրենսդրական դրույթները, հայտարարությունները և գտել դրանցում տարածքային ուղիղ պահանջներ Հայաստանի նկատմամբ, որքան էլ այդ երկրի պաշտոնյաները հակառակը պնդեն։

Այսինքն՝ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահը ստում է։

Այսպես, 1995 թվականին ընդունված Ադրբեջանի սահմանադրության պրեամբուլայում նշվում է, որ «Ադրբեջանի Հանրապետության անկախության մասին» սահմանադրական օրենքի սկզբունքները համարվում են հիմնական սկզբունքներ։ 1991-ին ընդունված այս օրենքի 2-րդ հոդվածով Ադրբեջանի Հանրապետությունը 1918-1920 թթ․ գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն է։ Սահմանադրական նույն օրենքի պրեամբուլայում նշվում է, որ օրենքի ընդունումը հիմնված է 1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի Ազգային խորհրդի կողմից ընդունված Անկախության հռչակագրի սկզբունքների վրա։

Այդ երկրի Անկախության հռչակագրի 1-ին կետը սահմանում է՝ Ադրբեջանի Հանրապետությունը կազմված է «արևելյան և հարավային Անդրկովկասից»։ Ազգային խորհրդի մեկ այլ որոշմամբ Ադրբեջանը հրաժարվում էր Երևանի նկատմամբ «իրավունքներից»։

1919-ի նոյեմբերին Անտանտի երկրներին ներկայացված վարչատարածքային բաժանման համաձայն, Ադրբեջանը հավակնում էր Հայաստանի տարածքների զգալի մասի, այդ թվում՝ ներկայիս Հայաստանի տարածքների՝ Սյունիք, Վայոց Ձոր, ինչպես նաև՝ տարածքների Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռվա, Շիրակի մարզերից։

Փարիզի Խաղաղության կոնֆերանսում ներկայացված փաթեթում, որը ներկայացվել էր 1919-ին՝ քարտեզի հետ միասին, Ադրբեջանը պահանջներ չուներ միայն Երևանի ու Լոռվա, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզի տարածքների որոշ հատվածների նկատմամբ։

1920-ի նոյեմբերին Ազգերի լիգայում Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը 108 հազար ք/կմ տարածքի հավակնություն էր հայտնել՝ հավելելով, որ Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանային վեճերի հարցերը լուծվելու դեպքում այդ տարածքը 141 հզր ք/կմ է լինելու։ Արդեն դեկտեմբերին Ազգերի լիգայի 5-րդ հանձնաժողովը մերժել էր Ադրբեջանի հայտը՝ բացատրելով, որ դժվար է եղել որոշել Ադրբեջանի ընդհանուր տարածքը և որ հարևանների հետ սահմանային վեճերի պատճառով հնարավոր չի որոշել այդ երկրի ներկայիս սահմանները։

Նախիջևանի Ինքնավար Մարզի 25-ամյակի առիթով 1999-ին ընդունված Հեյդար Ալիևի որոշման մեջ նշվում է, որ «․․․նախևառաջ հնագույն Ադրբեջանի տարածքի մաս կազմող Զանգեզուրը (Սյունիքի մարզ) ընդգրկվել է Հայաստանի ԽՍՀ-ի տարածքի մեջ»։

«Փաստերի ստուգման հարթակը» իր ուսումնասիրության ընթացքում, բացի վերոնշյալ ցցուն փաստերից, առնչվել է նաև բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունների և Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի ընդունած որոշումների, որոնցում ուղիղ տեքստով ներկայացվում են տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, ապա այնտեղ այդ երկրին տարածքային պահանջ չի ներկայացվում։ Հայաստանի Մայր օրենքում հղում է կատարվում ՀՀ Անկախության հռչակագրին, որտեղ էլ հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին։ Այս հանգամանքն էլ, թերևս, Ադրբեջանին վախերի առիթ է տվել։

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,- նշվում է ՀՀ Սահմանադրության պրեամբուլայում:

1990 թ․ օգոստոսի 28-ին ընդունված ՀՀ Անկախության հռչակագրում նշվում է․ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 4-ին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ վերահաստատել է այս տարվա հունվարի 23-ին արված իր հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։ «Այնպես որ, այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի, իրենց իրավական դաշտում՝ սկսած Սահմանադրությունից»,- ասել էր Միրզոյանը:

Այսպիսով, ի հեճուկս Բաքվից հնչող պնդումների, թե իրենք չունեն հավակնություններ Հայաստանի տարածքների նկատմամբ, Ադրբեջանի սահմանադրությունն ու մի շարք օրենքներ, ինչպես նաև պաշտոնատար անձանց բազմաթիվ հայտարարություններ վկայում են հակառակի մասին: Ավելին, Ադրբեջանի օրենսդրական դաշտում Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների մասին է հայտնել նաև ՀՀ արտգործնախարարը:

Հասմիկ Համբարձումյան