16/07/2024

Մնացածը «խարույկին բենզին լցնելու» քարոզչություն է

Հայաստանի նախկին եւ Արցախի անպաշտոն ՄԻՊ-ը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ Հայաստանի իշխանություններին մեղադրում են բռնատեղահանված արցախցիների դեմ «ատելության քարոզչություն ծավալելու» մեջ:

Նրանք ասում են, որ զանգվածային անկարգությունների մասնակից արցախցիները բերման են ենթարկվել առանձնակից դաժանությամբ, ոստիկանության բաժանմունքներում նրանց նկատմամբ ցուցաբերվում է հատուկ նվաստացնող վերաբերմունք:

Հատկապես կարեւորվել է Ստեփանակերտի, Մարտակերտի եւ Ասկերանի քաղաքապետերի նկատմամբ «քաղաքական հետապնդումը»: Հայտարարության հեղինակները գնահատմամբ արժանացել են այդ վերաբերմունքին «հավաքներին աջակցություն հայտնելուց հետո»: Որ սոցիալական հարթակներում, քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներում «սիբիրախտի տեսակ» կա եւ արցախցիների նկատմամբ կենցաղային անհանդուրժողականություն է քարոզում՝ անառարկելի փաստ է:

Բայց, ինչպես ռուսները կասեն, «մահակը երկու ծայից է». Ոչ պակաս անհանդուրժողական է նաեւ սոցիալական ցանցերի արցախյան սեգմենտը, որ «ժեխ» է անվանում իշխող կուսակցության օգտին քվեարկած Հայաստանի քաղաքացուն, ծաղրում երեւանցիներին, թե «պատրաստվեք, որ Նիկոլ եղբայր թուրքերին ընդունեք». Հայաստանի նախկին եւ Արցախի անպաշտոն ՄԻՊ-ը, եթե ապաքաղաքական գործիչներ են, պետք է տեսնեին եւ արձանագրեին նաեւ այս ակնհայտ իրողությունը, որ խմորվել է Ստեփանակերտում եւ բռնագաղթի տրանզիտով տեղափոխվել Երեւան:

Ով շահագրգռված չէ իրավիճակի սրացմամբ, պարտավոր է զսպվածության կոչ անել «ֆեյսբուքաճակատամարտի» բոլոր կողմերին կամ առնվազն ինքը դրսեւորի ընդօրինակելի վարք, կեցվածք, քաղաքացիական դիրքորոշում: Հայտարարության հեղինակները, ցավոք, ընտրել են ամեն ինչում Հայաստանի իշխանություններին մեղադրելու տարբերակը: Իսկ դա ստույգ վկայություն է, որ նրանք հանդես են գալիս բացառապես որպես Նիկոլ Փաշինյանին, «քաղաքացիական պայմանագիր կուսակցության» արմատական ընդդիմություն: Այսինքն, իրենք քաղաքական գործիչներ են, ոչ թե՝ իրավապաշտպան:

Ընդ որում, հայտարարությունը հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անոնսավորած հանրահավաքի նախօրեին: Կարելի է հարյուր տոկոսի վստահությամբ կանխատեսել, որ հունիսի 17-ի հավաքի լեյտմոտիվը լինելու է «բռնագաղթված արցախցիների դեմ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ կուսակցության ատելության» թեման: Պատկերավոր ասած, «խարույկի ցախը կա, մնում է դյուրավառ հեղուկ ցփնել եւ հրահանը չթաքցնել»

Բայց ի՞նչ է դա տալիս կամ կարող է տալ: Նոր զանգվածային անկարգություննե՞ր, որ ոստիկանության կդրդեն օրենքով իրեն վերապահված գործառույթները կիրառել ավելի լայն ծավալո՞վ: Հետո՞: Ցանկացած հավաք, որ անցակցվում է առանց իրազեկման եւ Երեւանի քաղաքապետի համաձայնության՝ ապրիորի ոչ օրինական է: Ոստիկանությունն իրավասու է անցկացումը թույլ չտալ կամ երկու անգամ զգուշացումից հետո անցնել հավաքը ցրելու գործողության:

Ու՞մ է ձեռնտու, որ այդպես կամ ավելի վատ լինի, հարյուրավոր կարգազանց քաղաքացիներ բերման ենթարկվեն: Հաստատ բռնատեղահանված արցախցիների ճնշող մեծամասնությանը դա ձեռնտու չէ, ոչ էլ՝ ոստիկանությանը, իշխանությանը: Դիմակայությունը «տաճար տանող ճանապարհ չէ,» պետք է փնտրել եւ գտնել իշխանություն-բռնատեղահանված արցախցիներ երկխոսության ձեւաչափ եւ անցնել առարկայական հարցերի քննարկման:

Ոչ թե հայտարարել, որ «Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախի հետ առնչությունից,»: Արցախը 2022թ. ապրիլի 14-ին Ազգային ժողովի միաձայն Հայտարարությամբ ապալեգիտիմացրել է ԼՂ կարգավորման հարցում Հայաստանի դերակատարությունը եւ հետագա իրադարձությունների համար ստանձնել պատմա-քաղաքական պատասխանատվություն: Դրանով Ստեփանակերտը խզել է Երեւանի հետ առնչությունը:

Մնացածը «խարույկին բենզին լցնելու» քարոզչություն է, որ, գուցե, այլոց դերակատարությամբ կարելի էր հասկանալ, բայց երբեք՝ Հայաստանի նախկին եւ Արցախի անպաշտոն ՄԻՊ-ի հեմահեղինակությամբ։