14/12/2024

Մոսկվան ու Թեհրանը փորձում են «օղակել» Բաքվին, իսկ Երեւանը «թողել» են Անկարային

Բաքվում կայացել է ՌԴ արտգործնախարարի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության կարգավորման հարցերի հատուկ ներկայացուցիչ, Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ:

Ըստ տեղեկության, քննարկվել են ադրբեջանա-ռուսական երկկողմ հարաբերությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին եւ ռեգիոնալ իրողություններին առնչվող հարցեր:

Բայրամովը կրկնել է Բաքվի դիրքորոշումը, որ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտ է Հայաստանի Սահմանադրությունը, կրկնելով դրանում իբրեւ թե Բաքվի տարածքային ամբողջության հանդեպ հավակնության առկայությունը։

Ադրբեջանի այս դիրքորոշումը հայտնի է: Խովաեւ-Բայրաով հանդիպման հետաքրքրաշարժ հանգամանքը այն է, որ ռուսաստանցի դիվանագետը մի քանի օր առաջ Թեհրանում էր, որտեղ հանդիպել էր այդ երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի հետ: Այժմ Խովաեւը Բաքվում է, եւ մեծ է հավանականությունը, որ Բաքու այցը Թեհրանի շարունակությունն է: Կգա՞ Խովաեւը նաեւ Երեւան:

Դժվար է ասել, հաշվի առնելով օրինակ այն, ինչ ասել էր Ռուսաստանի փոխարտգործնախարարը օրեր առաջ, նշելով, որ Երեւանը սահմանափակել է ԱԳՆ գծով շփումները Ռուսաստանի հետ: Փոխարենը, Խովաեւի Բաքու այցի եւ Բայրամովի հետ բանակցության ֆոնին տեղի է ունենում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը: Սրանք «համակարգվա՞ծ», թե՞ «հակադրված» զրույցներ են: Միարժեք ասել թե մեկը, թե մյուսը, թերեւս ճիշտ չէ, քանի որ տարրերը ըստ ամենայնի բազմաթիվ են:

Հարկ է նկատել, որ Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարների զրույցը հաջորդում է առաջին դեմքերի հեռախոսազրույցին, ինչը նշանակում է, որ հիմնական «գիծն» այդուհանդերձ այլ է, քան այն, ինչ Խովաեւին տարել է Թեհրան, հետո՝ Բաքու: Կբերի Երեւան, թե ոչ: Ընդ որում, հնարավոր է հարցը դնել նաեւ այլ կերպ՝ իսկ Թեհրանի արտգործնախարարությունից որեւէ մեկը կգա՞ Երեւան, թե՞ Մոսկվան ու Թեհրանը փորձում են «օղակել» Բաքվին, իսկ Երեւանը «թողել» են Անկարային, ինչը Թուրքիայի համար կարող է լինել «պատային» իրավիճակ: