13/07/2024

Ադրբեջանին եւս մեկ հնարավորություն՝ փակելու ԼՂ հայ բնակչության քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների հարցը

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին սենսացիոն բացահայտում է արել եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրինականության մասին Սահմանադրական դատարանի վճիռը որակել «բացարձակ քաղաքական» ոչ իրավազոր եւ «հակասահմանադրական»:

Հասանլին վկայակոչել է սահմանադրության համապատասխան հոդվածը, որով կարգավորվում է խորհրդարանի լուծարումը:

Ըստ այդմ, Ադրբեջանում չկա խորհրդարանի ինքնալուծարման սահմանադրական նորմ, իսկ նախագահն իրավասու է ցրել Միլլի մեջլիսը, եթե վերջինս մեկ տարվա ընթացքում երկու անգամ կառավարության անվստահության հարց է հարուցում, չի նշանակում Սահմանադրական կամ Գերագույն դատարանի դատավորին կամ տեւական ժամանակ օրինաստեղծ աշխատանք չի իրականացնում: Ներկա իրավիճակում այս հիմքերից ոչ մեկն առկա չէ, ուստի խորհրդարանական արտահերթ ընտրությունները հակասահմանադրական են,- ասել է Հասնալին, որի տեսակետը պաշտպանում է սահմանադրագետ Հաֆիզ Հասանովը:

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը միավորում է Ադրբեջանի երկու հիմնական ընդդիմադիր համարվող կուսակցություններին՝ «Մուսավաթին» եւ «Ժողովրդական ճակատին»: Առաջինն, ըստ երեւույթին, կմասնակցի Ալիեւի քաղաքական շոուին, երկրորդն ի՞նչ որոշում կընդունի՝ առայժմ դժվար է կանխատեսել: Վերջերս ԱԺՃ անդամ, Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին դժգոհել էր, որ հանրությունն իրենց քննադատում է թե ընտրությունները բոյկոտելու, թե մասնակցելու համար:

Միլլի մեջլիսի արտահերթ ընտրություններ, անկասկած, անցկացվելու են նաեւ օկուպացված Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանի օրենսդրությամբ նախկին ԼՂԻՄ տարածքում կազմավորված է երեք մեծամասնական ընտրատարածք: Նախկինում այդ ընտրատարածքներից պատգամավորները նշանակվել են:

Սեպտեմբերի 1-ին նախատեսված քվեարկությունն կազմակերպվելու հարցում, եթե Ստեփանակերտում բնակչություն չկա, բայց ընտրատարածքն օրենքով կազմավորված է: Նույնը՝ բնակչությունը բռնատեղահանված է, բայց ստացվելու է այնպես, որ նա Ադրբեջանի Միլլի մեջլիսում «ընտրված ներկայացուցիչ» ունի: Ընտրությունների հակասահմանադրականության մասին խոսող Ջամիլ Հասանլին, բնական է, այդ խնդրին չի անդրադառնալու:

Տասնամյակներ շարունակ Բաքուն միջազգային բոլոր հարթակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ բանակցություններում հավաստիացրել է, որ ԼՂ հայ բնակչությունն իր քաղաքացիներն են, նրանց իրավունքները պաշտպանված են սահմանադրությամբ եւ օրենքներով:

Այսօր 150 հայ Լեռնային Ղարաբաղից բռնատեղահանված է, իսկ ինչ-որ մարդիկ, որ ներկայացնում են Ադրբեջանի բանակը, հատուկ ծառայությունները, ուժային կառույցները, Ստեփանակերտում Միլլի մեջլիսի «պատգամավոր են ընտրելու»: Իրավական առումով ստացվում է, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն ոչ միայն սահմանադրության, այլեւ Ընտրական օրենսգրքի կոպտագույն ոտնահարման առումով:

Ո՞վ է միջազգայնացնելու այս խնդիրը: Հունիսի 28-ին Երեւանում գործող «Միասին» շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «տեղահանումը կազմակերպելու» մեղադրանք է ներկայացված:

Արդյոք դա չի՞ արվել, որպեսզի Ադրբեջանին եւս մեկ հնարավորություն տրվի՝ փակելու ԼՂ հայ բնակչության քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների հարցը: Մինչդեռ Միլլի մեջլիսի արտահերթ ընտրությունը բացառիկ հնարավորություն է, որպեսզի Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունը միջազգայնացվի՝ կասկածի տակ դնելով կազմավորվող խորհրդարանի առհասարակ լեգիտիմությունը: