Հարցին, թե ո՞վ է հանձնել Արցախը,- Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը պատասխանել է. «Արցախի գործող իշխանությունները»: Հեղինակավոր թերթի խմբագիրը համարում է, որ «դա մտնում է արցախցիների դեմ քստմնելի քարոզչության տրամաբանության մեջ»: Կարծում եմ՝ վարչապետի խորհրդականը նման միանշանակ ձեւակերպում չէր անի, եթե հարցադրումը բոլոր առումներով ցինիկ չլիներ, բայց դա այլ թեմա է:
Արցախցիների դեմ «քստմնելի քարոզչությունը» ո՞րն է, որտե՞ղ, ինչպե՞ս է դրսեւորվում: Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենայի առգրավումը կամ նրան Քննչական կոմիտե հրավիրելը, կամ Ստեփանակերտի քաղաքապետի դեմ քրեական վարույթի հարուցումն «արցախցիների դեմ քստմնելի քարոզչությու՞ն» է:
Այս ձեւակերպման հեղինակը միջին-վիճակագրական արցախցու հանդիպե՞լ է, տեղյա՞կ է, թե նա Արցախի իշխանությունների, ռազմաքաղաքական եւ գործարար վերնախավի, բյուրոկրատական չինովնիկության մասին ինչ է ասում, նրանց շահատակություններից ինչեր գիտի: Ըստ երեւույթին՝ ոչ, որովհետեւ բռնատեղահանված արցախցիների գերակշիռ մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է, թե ինչու՞ Արցախի պաշտոնյաններին թողել է անպատիժ:
Կարելի է, իհարկե, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի միջոցով փորձել ներշնչել, որ արցախցի պաշտոնյաները «հերոսություն են գործել»՝ իրենց ծառայողական մեքենաներն անվնաս Երեւան հասցնելով, բայց արժե տեսնել, թե բռնագաղթված արցախցին ինչ քամահրանքով է լսում նրան:
Մարդիկ ամեն ինչ տեսել են, զգացել իրենց մաշկի վրա: Եվ ոչ այնքան ծիծաղելի, որքան որ զավեշտական է, երբ ընդդիմությանը հարող մի գործիչ բռնագաղթված ստեփանակերտցի կնոջ անունից պատմություն է հորինում, թե Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյան հազարավոր մարդկանց հետ գիշերը հացի հերթի էր կանգնում: Ոչ մի ստեփանակերտցի հացի հերթում նույնիսկ քաղաքային ավագանու չի հանդիպել:
Փոխարենը վկայում են, որ մինչեւ սեպտեմբերի 19-ը քաղաքում մի քանի ռեստորաններ են գործել: Շատերը գիտեն, թե վերնախավն ինչպես է ռուսական զորախմբի հրամանատարության միջոցով հոգացել կենցաղային կարիքները: Սա է իրականությունը, եւ այդ նվաստացումների ու զրկանքների միջով անցած միջին-վիճակագրական արցախցին ոչ մի կապ չունի նրանց հետ, ում Նիկոլ Փաշինյանը կամ նրա խորհրդականը քննադատում է:
Մի քանի օր առաջ Դավթաշենում տաքսի էի պատվիրել: Վարորդը ստեփանակերտցի էր: Կուզենայի, որ «արցախցիների դեմ քստմնելի քարոզչություն» ձեւակերպման հեղինակը լսեր երեք պատերազմ անցած այդ մարդուն: Թեեւ համոզված եմ, որ դրանից ոչինչ չի փոխվելու:
Իսկ ինչի՞ց է ծագել այս ամենը: Նրանից, որ քառասունչորսօրյա պատերազմի ձախողման համար իր բաժին պատասխանատվությունը ստանձնելու փոխարեն Ստեփանակերտի քվազէլիտան հանրությանը ներշնչել է, որ «Արցախը Նիկոլն է ծախել»: Եվ հետեւողականորեն տորպեդահարել է իրավիճակի կառավարման բոլոր փորձերը:
Կարող է պարադոքսալ հնչել, բայց նախընտրելի կլիներ, որ Ստեփանակերտը բացահայտ միանար «Հայրենիքի փրկության» շարժմանը, քան ընդուներ երկդիմի կեցվածք եւ Երեւանում մի բան ասեր, տեղում՝ բոլորովին այլ: Երբ 2022թ.-ին Արայիկ Հարությունյանը հրապարակայնացրեց, որ Լաչինի միջանցքը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով փոխարինելու որոշումն Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱԺ-ում ներկայացված բոլոր կուսակցությունների առաջնորդների մասնակցությամբ, որոնցից շատերը տառացիորեն կես ժամ հետո հարցազրույցներ են շռայլել եւ թիրախավորել իրեն, պաշտոնական Երեւանը պետք է լրջագույն հետեւություն աներ, որ Արցախն այլեւս բանակցունակ եւ վստահելի պարտնյոր չէ:
Ըստ երեւույթին, արդարացի է Հայկ Խանումյանը, երբ առաջարկում է զսպվածություն ցուցաբերել եւ թեման փակել: Բայց զու՞սպ է, արդյոք, Ստեփանակերտի էլիտան:
Բաց մի թողեք
Համակենտրոնացման ճամբար Կուրսկո՞ւմ․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, բայց փաստեր չի ներկայացնում
«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործերից հրաժարվելու հարց ՀՀ օրակարգում առկա չէ․ Նաիրա Զոհրաբյանը սխալ տեղեկություն է տարածել
Ադրբեջանը թեպետ մեղադրում է Հայաստանին զինվելու համար, բայց գերակա է համարում իր երկրի ռազմական ծախսերի աճը