05/10/2024

Հյուսիս – հարավ մայրուղու շինարարությունն ու խնդիրները, վերջ չկա

Անցնող շաբաթ Հայաստանի կառավարությունը հաստատեց Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի հետ վարկային համաձայնագիրը, որն ուղղվելու է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային նախագծի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությանը:

Դա ճանապարհի կառուցման թերեւս ամենաբարդ հատվածն է ռելիեֆի տեսանկյունից: Ընդհանրապես, Սյունիքի եւ Վայոց ձորի հատվածները այդ տեսանկյունից ամենից բարդն են անգամ անզեն աչքով: Ըստ կառավարության տարածած հաղորդագրության,նախատեսվում է Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությունն ավարտել 2032 թվականին: Հայաստանն ունի՞ այդքան ժամանակ:

Մյուս կողմից իհարկե հարց է առաջանում, թե Հայաստանն ունի՞ ճանապարհաշինարարական այնքան ռեսուրս, որ այդ ռազմավարական նշանակության ծրագիրն իրականացնի ավելի արագ ժամանակահատվածում:

Մի կողմից ժամանակը այդքան էլ մեծ չէ՝ 8 տարի, մյուս կողմից, հաշվի առնելով առկա փորձն ու նախադեպերը, եթե օրինակ Սիսիան-Տաթեւ ավտոճանապարհն է Հայաստանը կառուցում ավելի քան երեք տարի, ընդ որում մեղմ ասած խնդրահարույց որակով, այն էլ բոլորովին ուրիշ ստանդարտների ճանապարհ, ի տարբերություն միջազգային բարձր ստանդարտ պահանջող Հյուսիս-Հարավի, ապա կարելի է պատկերացնել, թե իրականում քանի տարի կպակահնջվի Հյուսիս-Հարավի համար՝ եթե սահմանված պաշտոնական ժամկետը 8 տարի է:

Հյուսիս-հարավ ծրագիրը արդեն իսկ պետք է լիներ ավարտված, եթե դրա իրականացման ուղղությամբ աշխատանքը բարեխիղճ լիներ ամենասկզբից: Սակայն, «բարեխիղճ» էր միայն այդ ծրագրի նկատմամբ կոռուպցիոն հետաքրքրությունը, որ կար Հայաստանի նախկին կառավարող համակարգում:

2018-ից հետո, հարուցվեցին քրգործեր, սակայն դա էլ իր հերթին հարվածեց ճանապարհի շինարարության տեմպին եւ նոր կառավարությունը ի վիճակի չեղավ ծրագրի արդյունավետության խնդիրը զուգորդել շինարարությանը մեծ տեմպ հաղորդելու խնդրի հետ:

Հնարավոր է բերել բազմաթիվ պատճառներ, բայց կա երկու հանգամանք՝ կա փաստ, որ ճանապարհի շինարարությունը շարունակում է ընթանալ շատ դանդաղ, եւ կա աներկբա հանգամանք՝ որ Հայաստանի համար դա ռազմավարական անհրաժեշտության ծրագիր է, որն ըստ էության ունի այցեքարտային նշանակություն:

Հայաստանը չի կարող հավակնել միջազգային լոգիստիկ վերաձեւումներում լուրջ խաղացող, լուրջ գործընկեր լինելու, եթե երկրում չկան միջազգային մակարդակի ենթակառուցվածքներ կամ դրանց շինարարության արդյունավետ ծրագրեր: Հետեւաբար, Հյուսիս-հարավին թերեւս պետք է մոտենալ համազգային ծրագրի տրամաբանությամբ եւ նկատելիորեն բազմապատկել դրան ուղղվող ռեսուրսներն ու ջանքը: