16/07/2024

Հայաստան «վերադառնալ» ցանկացող «հատուկ նշանակության» ադրբեջանցի՝ որքան Ալիեւը կկամենա, ինչպես է հանձնվել Արցախը

Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե «վերադարձի իրավունքը» պետք է ապահովվի փոխադարձաբար: Այդ մասին նա խոսել է Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը, ի պատասխան նրա դիտարկման, կապված արցախահայության վերադարձի հետ:

Ալիեւը հայտարարել է այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանցիների» վերադարձի մասին, այլ կեպ ասած՝ ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին, նշելով, թե 1988-ից հետո եղել է Հայաստանում ադրբեջանցիների էթնիկ զտում: Ալիեւը սուտ է խոսում: Հայաստանում չի եղել ադրբեջանցիների էթնիկ զտում:

Որեւէ ադրբեջանցու հանդեպ, որը խորհրդային շրջանում ապրել է Հայաստանում, չի եղել բռնություն, չի եղել ուժի կիրառում, չի եղել անգամ ուժի կիրառման սպառնալիք: Հայաստանում ապրող ադրբեջանցիների հանդեպ այդպիսի որեւէ վարքագիծ չի եղել անգամ այն բանից հեո, երբ Ադրբեջանում եղել է Սումգայիթ, Բաքու, եղել են այլ քաղաքներ, որոնցում սպանվել են հայեր՝ էթնիկ պատկանելության համար, հալածվել, ենթարկվել բռնության: Ադրբեջանում կազմակերպված այդ բռնություններից հետո անգամ, Հայաստանում որեւէ բան չի եղել այստեղ ապրող ադրբեջանցիների հետ: Հեռանալու որոշումը նրանք կայացրել են կամովին:

Ավելլին, հեռացել են՝ ազատորեն տնօրինելով իրենց ունեցած գույքը, առանց ավելորդ շտապողականության կամ հապճեպության: Հետեւաբար, չկա համեմատության որեւէ եզր, չկա որեւէ հիմք՝ փոխադարձության մասին խոսելու համար, թե Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստական դարձած հայերի պատմության հետ համեմատության իմաստով, թե Արցախի հայության հանդեպ ագրեսիայի ու բռնության, էթնիկ զտման փաստի հետ համեմատության առումով: Ադրբեջանը սակայն օգտվում է այն հանգամանքից, որ Հայաստանը բավարար չափով չաշխատեց ու չի աշխատում այդ հանգամանքները միջազգային ասպարեզում պարբերաբար ներկայացնելու եւ Ադրբեջանի «հիմնավորումների» մտացածին բնույթը, դրանց կեղծ, սուտ լինելը ներկայացնելու համար:

Մինչդեռ, Բաքուն այժմ է խոսում «փոխադարձության» մասին, որպես ընդամենը այսպես ասած առաջին փուլ: Ադրբեջանը բոլորովին կանգ չի առնելու դրա վրա: Առաջին փուլով Բաքուն ընդամենն ուզում է ամրագրել, լեգիտիմացնել միջազգային ընկալման մեջ այն, որ եղել է «տեղահանում» նաեւ Հայաստանից:

Այսինքն, նախ ամրագրել այն, ինչ իրականում չի եղել, ստանալ այսպես ասած «փոխադարձության» ճանաչում, իսկ հետո արդեն՝ հաջորդ փուլում կամ փուլերում, Ադրբեջանը ձեռնմուխ է լինելու ադրբեջանցիների Հայաստանի «վերադարձի» հարցն առաջ մղելով, այսպես ասած պասիվ ռեժիմիցանցնելով ակտիվի, արձանագրելով, որ «փոխադարձաբար» ինքն էլ պատրաստ է ընդունել «վերադարձող» հայերին:

Պարզ չէ՞, որ չի լինելու Ադրբեջանի ենթակայության ներքո վերադառնալ ցանկացող հայ, իսկ Հայաստան «վերադառնալ» ցանկացող «հատուկ նշանակության» ադրբեջանցի՝ թերեւս որքան Ալիեւը կկամենա:

1920թ. օգոստոսի 10-ին Ռուսաստանի բոլշեւիկյան կառավարության եւ Հայաստանի միջեւ Թիֆլիսում ստորագրվել է զինադադարի համաձայնագիր: Հայաստանը ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը ժամանակավորապես գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի օկուպացիայի տակ:

Ռուսաստանը ճանաչել է, որ օկուպացիան չի կանխորոշում այդ տարածքների իրավական կարգավիճակը: Երկուստեք համաձայնել են, որ ԼՂ, Զանգեզուրի եւ Նախիջեւանի կարգավիճակը պետք է որոշվի կողմերի միջեւ «ամենամոտ ապագայում կնքվելիք խաղաղության պայմանագրով»:

Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի կարգավիճակի հարցում Ադրբեջանի իրավունքը չի ճանաչվել: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել: Պատմա-քաղաքական բանավեճը, որ 1920թ. ամռանը Հայաստանը կարող էր բոլշեւիկյան Մոսկվայի հետ նպաստավոր համաձայնության հասնել, զինադադարի մասին համաձայնագրի իրավական նշանակությունը չի նսեմացնում:

Հայաստանի հետ ստորագրելով ԼՂ, Զանգեզուրի եւ Նախիջեւանի կարգավիճակը երկկողմ խաղաղ պայմանավորվածությամբ որոշելու համաձայնագիր, բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի խնդիրը լուծել է քեմալական Թուրքիայի հետ 1921թ. մարտի 16-ի «Բարեկամության եւ եղբայրության մասին» պայմանագրով: 1921 թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի բոլշեւիկյան կուսակցության Կովկասյան բյուրոն որոշել է Լեռնային Ղարաբաղը «մարզային լայն ինքնավարությամբ թողնել Ադրբեջանի կազմում».

ԼՂ հարցի շուրջ պատմա-քաղաքագիտական բանավեճում ադրբեջանական կողմը մշտապես պնդել է, որ եթե ԼՂ-ն «թողնվել է Ադրբեջանի կազմում», ինչպես ձեւակերպված է Կովբյուրոյի որոշմամբ, ուրեմն՝ «ԼՂ-ն միշտ էլ ադրբեջանական է եղել». Իրականում այդ սահմանումը ուղղակիորեն բխում է ռուս-հայակական զինադադարի համաձայնագրից, այնպես որ Հայաստանից օկուպացված Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին, բայց Մոսկվան այն «թողնում» է, այսինքն՝ հանձնում է Ադրբեջանին։

88-ի Շարժումն, ըստ էության, մի նպատակ է հետապնդել՝ հասնել ԼՂ մասին Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշման չեղարկմանը: Եւ ամենահակառուսականը հենց այդ նպատակադրվածությունն էր, ինչին Մոսկվան հակադարձել է նախ «ադրբեջանական գործոնի» սպառնալիքով, ապա՝ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայկական ջարդերով, ի վերջո՝ «Կոլցո» օպերացիայով, որ այլ բան չէր, քան՝ այն, ինչ Իլհամ Ալիեւն իրականացրեց անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին։

Ռազմա-քաղաքական գենեզիսն ակնհայտ է: Թե ի՞նչ շահ է Մոսկվան հետապնդել՝ 2022թ. օգոստոսի 3-ին Լաչինի միջանցքի հսկողությունը Բաքվին զիջելով՝ պետք է փորձել հասկանալ ոչ միայն լայնքով՝ իրադարձությունների փաստագրմամբ, այլեւ՝ խորքով: Մասնավորապես՝ իրավա-քաղաքական գնահատական տալ ԼՂ էլիտայի 2022թ. օգոստոսի 3-ից մինչեւ 2023թ. սեպտեմբերի 9-ը տեւած «դիմադրողականությանը» եւ պարզել ծագումնաբանությունը, ստվերային կազմակերպիչներին:

Հայաստանի համար դա ավելի անվտանգային խնդիր է, քան՝ Ադրբեջանից հնչող սպառնալիքը, որովհետեւ պատերազմի եւ խաղաղության խնդիրը Բաքվի իրավազորությունից դուրս է: