16/07/2024

Առկա իրավիճակը ստեղծում է անորոշության «օջախներ», որոնց ուղղությամբ Հայաստանից պահանջվում է աշխատանք

Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը ոչ թե հստակեցրեց առաջին փուլից հետո առկա պատկերը, այլ թերեւս առավել խճճեց այն: Եթե առաջին փուլում Մարին Լե Պենի առաջնորդած աջերը տարել էին հաղթանակ, ապա երկրորդ փուլիարդյունքով նրանք երրորդն են:

Երկրորդ փուլի արդյունքով խորհրդարանի մեծամասնությունը կլինի ձախ ուժերի կոալիցիան՝ Մելանշոնի գլխավորությամբ, իսկ Մակորնի «Վերածնունդ» կուսակցությունը կլինի երկրորդը, փոքր ինչ բարելավելով առաջին փուլի իր արդյունքը: Չնայած հաղթանակին, ձախերի կոալիցիան այդուհանդերձ ի վիճակի չէ միանձնյա ձեւավորել կառավարություն:

Նրանք կարող են դա անել կոալիցիայի միջոցով, կամ Մակրոնի, կամ Մարին Լե Պենի հետ: Իհարկե գրեթե անհավանական է թվում, որ ձախերը կոալիցիա կազմեն աջերի հետ եւ ձեւավորեն կառավարություն: Անհավանական է նաեւ Մակրոնի եւ Մարին Լե Պենի կոալիցիան:

Ըստ այդմ, Ֆրանսիայում նոր կառավարության ամենահավանական տարբերակը կլինի Մելանշոն-Մակրոն կոալիցիան, այսինքն՝ ձախերի եւ որոշակի իմաստով կենտրոնի միջեւ: Բոլոր դեպքերում, ակնառու է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունը պատկերել է Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում առկա բավականին բարդ խճանկարը:

Իհարկե Ֆրանսիան նախագահական ուժեղ իշխանությամբ պետություն է, բայց այդուհանդերձ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը չի կարող չազդել նաեւ նախագահական ինստիտուտի քաղաքական գործունեության եւ կենսունակության վրա:

Ի վերջո, նաեւ այդ հանգամանքից ելնելով է թերեւս, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Եվրախորհրդարանի ընտրության արդյունքից հետո հայտարարեց խորհրդարանի արտահերթ ընտրություն նշանակելու մասին:

Մակրոնի կուսակցությունը նախորդ ընտրությունից հետո ուներ բավարար մեծամասնություն՝ կառավարություն ձեւավորելու համար: Հետեւաբար հարց է առաջանում, ինչու՞ նա պետք է Եվրախորհրդարանի ընտրությունից հետո՝ որտեղ հաղթել էին աջերը, գնար իր լիարժեք մեծամասնությամբ խորհրդարանը լուծարելու:

Պատասխանը թերեւս այն է, որ Մակրոնը լավ էևր պատկերացնում, որ այդ մեծամասնությունը ըստ էության չի արտացոլում երկրում առկա հասարակական տրամադրությունների քարտեզը, հետեւաբար «արհեստական քարտեզով» ներքաղաքական կենսագործունեությունը չի կարող պետական կենսունակություն ապահովել թե ներսում, թե արտաիքն հարցերում: Ի դեպ, այդ իմաստով, դա թերեւս ուսանելի օրինակ է գործնականում բոլոր երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի համար:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի համար իհարկե շատ կարեւոր է հասկանալ, թե Ֆրանսիայում նոր ներքաղաքական կոնֆիգուրացիան եւ ուժերի հարաբերակցությունը, ըստ էության ներքաղաքական բավականին բարդ խճանկարը ինչպես կանդրադառնա Ֆրանսիայի արտաքին քաղաքական գործողությունների, մասնավորապես այդ թվում Հայաստանի եւ Կովկասի առնչությամբ իրողությունների վրա: Առկա իրավիճակը ստեղծում է անորոշության «օջախներ», որոնց ուղղությամբ պահանջվում է աշխատանք: