Հուլիսի 17–ի ժամը 22.41-ին «Սևան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, ներքին արնահոսությամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա, 56-ամյա և 41-ամյա երեք տղամարդ. առաջին երկուսը՝ Սևան քաղաքի, երրորդը՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ։
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հրազենային վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ժամը 22.20-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի հարակից հյուրանոցային համալիրին կից քոթեջում ձերբակալվել և ոստիկանության Սևանի բաժին է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի՝ 19–ամյա և Տավուշի մարզի Կողբ բնակավայրի՝ 40–ամյա բնակիչ երկու տղամարդ։
Ձերբակալման ժամանակ քոթեջի հյուրասենյակի սեղանին եղել է «Մակարովի» նմանվող ատրճանակ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 19–ամյա երիտասարդը և 40–ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի հարակից հյուրանոցային համալիրում հանգստանալիս վիճաբանության մեջ են մտել նշված վայրում հանգստացող Սևան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա երկու տղամարդկանց և Երևան քաղաքի բնակիչ 36–ամյա կնոջ հետ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 37-ամյա և 41-ամյա տղամարդիկ, ինչպես նաև հյուրանոցային համալիրի անվտանգության 56-ամյա աշխատակիցը ստացել են հրազենային վնասվածքներ։
Հուլիսի 18-ի ժամը 6.40-ին «Սևան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ որովայնի շրջանում հրազենային վնասվածքներ ստացած Սևան քաղաքի 37–ամյա բնակիչը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, դեֆորմացված գնդակի նմանվող դետալներ, արնանման հետքեր: Հայտնաբերվել և առգրավվել են նաև երկու ատրճանակներ՝ փամփշատուփում փամփուշտներով։ Առգրավվել և զննության է ենթարկվել նաև տեսահսկող սարքը։
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նորատուսի բնակիչ՝ 19–ամյա և Կողբի բնակիչ՝ 40–ամյա տղամարդիկ ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է։

Բաց մի թողեք
Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու
Կրակոցներ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. Լուսանկար
Դաշտից գողացել են 224 ոչխար՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս. կան ձերբակալվածներ