23/04/2025

Բաքուն առաջարկում է համաձայնեցնել «բարիդրացիական հարաբերությունների սկզբունքները»` ծուղակ Հայաստանի համար

«Երեսնամյա օկուպացիայի» շրջանում Ադրբեջանը բազմիցս ապատեղեկատվության զոհ է դարձել, Հայաստանն իրեն ներկայացրել է որպես Ադրբեջանի զոհ: Այժմ մենք COP 29-ին ընդառաջ բախվում ենք ապատեղեկատվության նոր ալիքի, բայց դա մեզ չի կանգնեցնի,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը:

Նրա մատուցմամբ՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է «բարիդրացիական հարաբերությունների սկզբունքները համաձայնեցնել խաղաղության լիարժեք պայմանագիր կնքելուց առաջ»:

Ի՞նչ նկատի ունի Հաջիեւը, երբ ասում է, որ Ադրբեջանը բախվում է «ապատեղեկատվության նոր ալիքի»: Ըստ երեւույթին, գործ ունենք դիվանագիտական այլասացության հետ. միջազգային դերակատարները հայ-ադրբեջանական համաձայնություն ակնկալում են մինչեւ COP 29-ը, բայց Ադրբեջանը «ժամանակային շրջանակներ չի սահմանում»: Այսինքն, մինչեւ նոյեմբեր Հայաստանի հետ լիարժեք պայմանագիր ստորագրելու պատրաստ չէ:

Փոխարենը Բաքուն առաջարկում է համաձայնեցնել «բարիդրացիական հարաբերությունների սկզբունքները»: Բայց եթե «բարիդրացիական հարաբերությունների սկզբունքները» համաձայնեցվեն, կողմերը ստորագրեն համապատասխան փաստաթուղթ, ապա «խաղաղության լիարժեք պայմանագրի» կարիք այլեւ չի լինի: Երեւանը եւ Բաքուն պետք է կատարեն հաջորդ քայլը՝ հաստատեն դիվանագիտական հարաբերություններ եւ բարիդրացիության ու փոխվստահության ոգով անցնեն մյուս խնդիրների պայմանագրային կարգավորմանը:

«Բարիդրացիական հարաբերությունների սկզբունքների» համաձայնեցումը կնշանակի, որ կողմերի միջեւ այլեւս սկզբունքային, կոնցեպտուալ բնույթի հակասություններ, տարաձայնություններ, ձեւակերպումների տարընթերցում չկա, արգելքները հաղթահարված են:

Սկզբունքների համաձայնեցումը կողմերից յուրաքանչյուրի համար ոչ միայն իրավասություն, այլեւ պարտադիր կատարման ենթակա պարտավորություն է: Չես կարող գրել, որ կողմերը «բարիդրացիական հարաբերություններ են հաստատում՝ հարգելով միմյանց անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքական ամբողջությունը եւ սահմանների անխախտելիությունը, բացառում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը», ստորագրել այդ փաստաթղթի տակ, իսկ «լիակատար խաղաղության պայմանագրի» քննարկումներում պնդել, որ Հայաստանի «սահմանադրությունը պետք է փոխվի» կամ «Հայաստանը պարտավոր է «Զանգեզուրի միջանցք» բացել»:

Ըստ երեւույթին, Բաքուն միջազգային դերակատարներին խոստացել է COP 29-ին ընդառաջ «համարձակ քայլ անել»: Բայց դա Հայաստանի համար կարող է ծուղակ դառնալ: Շահագրգիռ դերակատարները Նիկոլ Փաշինյանին, երեւի, հորդորելու են մեկնել Բաքու, խորդաժողովի «կողասենյակներից» մեկում Ալիեւի հետ «մտադրությունների մասին արձանագրություն» կամ «շրջանակային համաձայնագիր» ստորագրել:

Բաքու մեկնել, իհարկե, չարժե: Բայց «բարիդրացիական հարաբերությունների սկզբունքների» համաձայնեցման բանակցություններ պետք է վարել: Պայմանով, որ այն սահմանի խորհրդարանական վավերացման ընթացակարգ եւ հստակ ժամանակացույց: Որպես միջազգային երաշխիք կարող է լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը: Բաքուն պատրա՞ստ է այդ ճանապարհն անցնել: Ալիեւը միջազգային ցանկացած հարթակից փախչում է, ինչպես սատանան՝ խունկից:

Translate »