16/09/2024

Ինչ է կատարվել, ինչ կկատարվի Իրանում ու մեր տարածաշրջանում. Ո՞վ է շարունակելու միջուկային «զինանոցի» հարցով ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակվել է գրառում՝ «եկել է սիոնիստական վարչակարգի վերջը»: Առաջին անգամը չէ, որ Իրանի պաշտոնյաները անում են բավականին կտրուկ հայտարարություններ ու գրառումներ:

Դրանք ավելի շուտ հիշեցնում են «ժանրի կանոն», քան վկայում քաղաքական կոնկրետ որոշումների մասին: Միեւնույն ժամանակ, արդեն փաստ է, որ Իրանը ՄԱԿ քարտուղարությանը տեղեկացրել է, որ Իսրայելին կհարվածի ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն:

Մասնավորապես, ՄԱԿ կանոնադրության 51-րդ կետն արձանագրում է պետության ինքնապաշտպաննության անքակտելի իրավունքը, եթե այդ պետությունը ենթարկվում է գրոհի: Իրանը ՄԱԿ կանոնադրության նույն հոդվածին հղումով էր 2024-ի ապրիլին հարվածել Իսրայելին՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հասցված հարվածի:

Իրանն ու Իսրայելը արդեն փակել են իրենց օդային տարածությունները, ինչը նշանակում է, որ հաշվարկը թերեւս ընդանում է այլեւս ժամերով: Միացյալ Նահանգները ռեգիոնին է մոտեցնում լրացուցիչ օդուժ՝ Իսրայելի պաշտպանության համար:

Այս ամենը հիշեցնում է մարկեսյան «Մի հայտարարված սպանության քրոնիկոնը»: Այդուհանդերձ դժվար է ասել, թե արդյո՞ք այդ ամենը «սիոնիստական վարչակարգի վերջի» մասին է, թե՞ մի «կարուսելի» անվերջ պտույտների, երբ թե «սիոնիստական վարչակարգը», թե Իրանի պետական-հոգեւոր կարգը, միմյանց հետ «հավերժական դիմակայությամբ» ըստ էության ավելի շատ դնում եւ հետապնդում են միմյանց պահպանման, քան ոչնչացման խնդիր:

Տպավորություն է, որ Իրանի եւ Իսրայելի կառավարող համակարգերի կենսունակությունը հենց այն փոխադարձ հակամարտության հավերժությունն է, որ ստացվել է արդեն չորս տասնամյակ, եւ որը գործնականում փոխելը կարծես թե այդքան էլ չի բխում թե մեկի, թե մյուսի «էքզիստենցիալ» շահից:

Իհարկե, պատկերը չի սահմանափակվում այդ երկու ծայրահեղությամբ կամ բեվեռներով, քանի որ այդ «ռեժիմի» շուրջ ծավալվում են նաեւ այլ խոշոր դերակատարների սցենարներ, բայց կարծես թե առ այսօր գոյություն չունի մերձավորարեւելյան այնպիսի սցենար, որն իր մասշտաբով, իր շուրջ կոնսոլիդացիայի շրջանակով, եւ իր տակ դրված ռեսուրսով կարող է հավակնել «երկու ծայրահեղությունների» ռեժիմի՝ հետեւաբար ռեգիոնալ ստատուս-քվոյի փոփոխության:

Ռեգիոնալ մեծ պատերազմի հեռանկարը կախված է թերեւս այդ հանգամանքից, քանի որ այդպիսի սցենարի առկայության պարագայում, դրա իրավործման ամենահավանական տարբերակը կդիտվի թերեւս հենց մեծ պատերազմը:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախկին արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆին նշանակել է խորհրդական կամ՝ ռազմավարական հարցերով փոխնախագահ:

Զարիֆը Փեզեշքիանի նախընտրական քարոզչության առանցքային դերակատար էր: Տպավորություն կար, որ նա կվերադառնա արտգործնախարարի պաշտոնին, բայց, երևում է, Գերագույն հոգևոր առաջնորդի օրհնությունը չի ստացել:

Էբրահիմ Ռեիսիի ուղղաթիռի խորտակումից անմիջապես հետո Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ նախագահի մահով Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ընթացող խորհրդատվությունները չեն ընդհատվի եւ հատուկ ընդգծեց, որ դրանք կոորդինացնում է փոխարտգործնախարար Ալի Բաղերին:

Իրանական վերնախավի «խոհանոցին» լավատեղյակ աղբյուրների տեղեկություններով՝ Ալի Բաղերին այաթոլլա Խամենեիի դստեր ամուսնու եղբայրն է, ով շատ մոտ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությանը: Միջազգային մամուլում տեսակետ է շրջանառվել, որ ԱՄՆ նախագահի ընտրության հարցում «Ռուսաստանը եւ Իրանը տարբեր ճամբարներում են»: Թեհրանն իր ռեսուրսներով պաշտպանում է դեմոկրատական կուսակցությանը, իսկ Ռուսաստանը՝ Դոնալդ Թրամփին:

Ռուսաստանը, բնականաբար, Արեւմուտք-Իրան հարաբերությունների ապասառեցման ոչ մի մոտիվացիա չունի, իսկ վերլուծաբանների մի մասը գտնում է, որ եթե Փեզեշքիանին չհաջողվի մեղմացնել Իրանի մեկուսացվածությունը, ապա «երկիրը կարող է պայթել ներսից»: Դժվար է ասել, թե այդ գնահատականը որքանով է անաչառ, բայց ավելի քան ութսուն միլիոն բազմազգ բնակչություն ունեցող Իրանը, կարծես, եւս մեկ կամ մի քանի տասնամյակ չի կարող մնալ «ռեզերվուացիա»:

Խնդիրն, ըստ երևույթին, այն է, թե ո՞վ եւ ինչպե՞ս է հաղթահարելու մեկուսացումը: Ընդ որում, իրանագետները նաեւ պնդում են, որ երկրի հիմնական խնդիրները երկուսն են՝ Իրանը կստանա՞ «սահմանային միջուկային տերության» լեգիտիմ կարգավիճակ, եւ ո՞վ է լինելու Խամենեիի իրավահաջորդը:

Ո՞վ է շարունակելու միջուկային «զինանոցի» հարցով ԱՄՆ-ի հետ բանակցությունները: Իրավիճակը, երևի, չարժե պարզունակ գնահատել, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները «թշնամիներ են» կամ Իրան-Իսրայել պատերազմն «անխուսափելի է»: Իրանում իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանը եւ Թել-Ավիվը բազմիցս շատ մոտ են եղել «ապոկալիպսիսի»: Բացառված չէ, որ ներկայիս իրավիճակը ճգնաժամի հերթական փուլ է:

Ավելի կարևոր է լինելու, թե ԱՄՆ հետ ոչ պաշտոնական բանակցությունների կոորդինացիան մնալու է Բաղերինի՞ իրավասությանը, թե անցնելու է Զարիֆի՞ն: Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ աշխարհում ընդհանրապես, իրավիճակը կարող է լինել այնպիսին, որ ավանդական-ստերեոտիպային մոտեցումները կարող են ոչ արդյունավետ լինել կամ արդեն իսկ այդպիսին են:

Իրանի քաղաքական վերնախավը երկրի ապագայի ի՞նչ տեսլական ունի: Իսլամական համերաշխության առաջնորդությունը, հավանաբար, միայն քարոզչություն է, իսկ «դիմադրության առանցքը»՝ մարտահրավեր ոչ միայն Իսրայելին: Այս իրավիճակում Իրանը կարո՞ղ է «բացվել աշխարհին»: Գուցե՝ այո, բայց ո՞վ «կբացի»: Գերագույն հոգևոր առաջնորդը, թե՞ նախագահ Փեզեշքիանը:

Զարիֆն արտաքին գործերի նախարար չի նշանակվել, իսկ Բաղերին կնշանակվի՞, թե՞ կընտրվի «փոխզիջումային» տարբերակ: Խորհրդարանը, որտեղ պահպանողականները գերակշռում են, կաջակցի՞ նախագահին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «ամենազորության» աուրան, կարծես, լրջագույն փորձություն է անցնում: Իսմայիլ Հանիան սպանվել է ԻՀՊԿ հյուրատանը: