ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայ-ռուսական հարաբերությունը ունի դարերի ամրություն եւ կդիմանա այն փորձությանը, որոնց ենթարկում է այդ հարաբերությունն Արեւմուտքը:
Ինչ խոսք, կասկած չկա, որ արեւմտյան մի շարք խաղացողներ Հայաստանի հետ հարաբերության առանցքային նպատակ դիտարկում են Ռուսաստանի համար խնդիրների ստեղծումը: Ավելին, այդ մասին արեւմտյան պաշտոնյաներից շատերը հայտարարում են շատ բաց:
Սակայն, եթե խոսք է ծավալվում հայ-ռուսական հարաբերության փորձության մասին, ապա այստեղ հարկ է թեման դիտարկել ամբողջ խորությամբ, դրա էությունը հասկանալու, պատկերացնելու, ըստ այդմ նաեւ լուծումներն ոու հեռանկարները հասկանալու համար: Այդ իմաստով, հայ-ռուսական հարաբերություններում գլխավորը ոչ թե արեւմտյան փորձություններին դիմանալն է, այլ այն փորձություններին, որ այդ հարաբերությունը ենթարկվում է արդեն ավելի քան երկու տասնամյակ՝ մասնավորապես այն քաղաքականության հետեւանքով, որ այս ռեգիոնում իրականացնում է այն գերատեսչությունը, որը ներկայացնում է Մարիա Զախարովան:
Ասել կուզի, հայ-ռուսական հարաբերությունը պետք է դիմանա պատճառի փորձությանը, այլ ոչ թե հետեւանքի: Եթե այդ հարաբերությունը դիմանա Սերգեյ Լավրովի, Մարիա Զախարովայի, մեծ հաշվով Ռուսաստանի հետխորհրդային կովկասյան քաղաքականության փորձությանը՝ ՌԴ նախագահական «փուլի» գլխավորությամբ, ապա որեւէ այլ փորձության կդիմանա հաստատ, որովհետեւ այդ այլ փորձությունները ընդամենը հետեւանքն են:
Եթե Ռուսաստանը չտապալեր իր քաղաքականությունը Հայաստանում, եթե Ռուսաստանի ԱԳՆ-ն, նաեւ Հայաստանի հետ աշխատանքի համար պատասխանատու մնացյալ կառույցները Հայաստանի հետ հարաբերությանը չնայեին ըստ էության «թքած ունենալու» վերեւից, այն համոզումով, թե «ուր պետք է փախչի» Հայաստանը, ապա հայ-ռուսական հարաբերությունում որեւէ կերպ հնարավոր չէր լինի այն «փորձությունը», որ ստեղծում է Արեւմուտքը: Այո, իհարկե ստեղծում է, եւ դա ոչ թե լավ է կամ վատ, այլ դա փաստ է՝ աշխարհաքաղաքական փաստ: Թե Արեւմուտքը, թե Մոսկվան, թե ուժային այլ կենտրոններ պարզապես մրցակցում են եւ ձգտում միիմյանց հանդեպ դիրքային առավելության որտեղ որ կհաջողվի:
Իհարկե, անխոս է նաեւ, որ այդ մրցակցության որեւէ կողմից մանրադրամ չդառնալը Հայաստանի ազգային անվտանգության հարցն է, հետեւաբար առաջին եւ գլխավոր հերթին՝ Հայաստանի քաղաքական ղեկավարության, եւ ընդհանրապես քաղաքական վերնախավերի պատասխանատվության հարցը: Բայց, դա բոլորովին չի նշանակում Հայաստանի հանդեպ քաղաքականության լիակատար տապալման, եւ մեծ հաշվով դրա հետեւանքով նաեւ Կովկասում քաղաքականության «դոմինոյի էֆեկտով» տապալման ՌԴ վերնախավի պատասխանատվության չեզոքացում:
Ըստ այդմ, հայ-ռուսական հարաբերության գլխավոր խնդիրը Ռուսաստանի ներկայիս վերնախավի կամ առնվազն դրա մի զգալի մասի քաղաքականության, մտածողության եւ հոգեբանության հետեւանքով առաջացող փորձություններին դիմանալն է: Դրան դիմանալու դեպքում, այդ հարաբերությունը հաստատապես դիմադրունակ կլինի այլ փորձությունների հանդեպ:
Բաց մի թողեք
Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը
Ի՞նչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Ինչո՞ւ Փաշինյանը չի հիշում այն փաստաթուղթը, որը ստորագրել է 2020 թ. պատերազմի ավարտին