16/09/2024

Ռուսաստանում ներքին խժդժություններ են՝ իրենք իրենց համար

Դաշնային ժողովի նստաշրջանի ավարտի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է Դաշնային խորհրդի եւ Պետական դումայի խոսնակներ Մատվիենկոյին եւ Վոլոդինին:

«Նեզավիսիմայա գազետան» դիտարկել է Ռուսաստանի օրենսդրության խստացման միտում: Պետական դումայում շրջանառվել է օրենքի նախագիծ, որը պարտադիր զինվորական հաշվառում եւ զինապարտություն է նախատեսում բոլոր անձանց համար, ովքեր Ռուսաստանի քաղաքացիություն են ստանում:

Պետդումայի խոսնակ Վոլոդինը առայժմ ոչ պաշտոնական կարծիք է հայտնել, որ այդ անձինք կամ նրանց զավակները պետք է բանակում ոչ թե մեկ, այլ երկու տարի ծառայեն:

«Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Միրոնովի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է որոշակի ասպարեզներում ներգաղթյալների աշխատանքի ընդունման արգելք: Եթե օրենքն ընդունվի, ապա ներգաղթյալը չի կարող աշխատել մանկապարտեզի դայակ, դաստիարակ, հանրակրթական դպրոցի ուսուցիչ, դեղագործ եւ այլն:

Ավելի խիստ է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրենսդրական նախաձեռնությունը: Այն նախատեսում է, որ ոստիկանությունը կարող է ներգաղթյալի նկատմամբ արտաքսման վճիռ կայացնել եւ անհապաղ իրականացնել՝ առանց դատական ընթացակարգի:

Կառավարությունը մի շարք մարզերում ներգաղթյալների աշխատանքի ընդունման արգելք է մտցրել: Ավելի ուշ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը պետական դումային քննադատել էր եւ պահանջել, որ օրենսդիրներն օգնեն կառավարությանը, որպեսզի «յուրաքանչյուր թափուր աշխատատեղ հատկացվի Ռուսաստանի քաղաքացուն, ռուս մարդուն»:

Փորձագետներից ոմանք գտնում են, որ նման խստացումները «խորքային պատճառներ ունեն, որ բացահայտվել են «Կրոկուսում» ահաբեկչությունից հետո»:

Ռուսաստանի պետական դումայում շրջանառված օրենսդրական նախաձեռնությունները մտահոգություններ են առաջացրել Կենտրոնական Ասիայի երկրներում: Տաջիկստանից Ռուսաստան աշխատանքային միգրանտների թիվն այս տարի նախորդի համեմատ կրճատվել է 16 տոկոսով:

«Կրոկուսում» ահաբեկչությունից հետո տաջիկ ներգաղթյալների շրջանում տոտալ ստուգումներ են անցկացվել, և տասնյակ հազարավոր մարդիկ վերադարձել են հայրենիք:

Իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին շատ սուր անդրադարձել է Ղրղզստանի փոխվարչապետ Էդիլ Բայսալովը: Նրա գնահատմամբ՝ այդ սահմանափակումները չպետք է վերաբերվեն ղրղզներին, քանի որ Ղրղզստանը ԵՏՄ անդամ է: Այդ կառույցի հիմնարար փաստաթղթերի իմաստով՝ անդամ պետությունների քաղաքացիներն աշխատանքային շուկա ազատ մուտքի իրավունք ունեն:

Բայսալովն ասել է, որ եթե Ռուսաստանի իշխանությունները խնդիրը չկարգավորեն, եւ ղրղզները զրկվեն Ռուսաստանի աշխատանքի շուկա ազատ մուտքի իրավունքից, ապա Ղրղզստանը ԵՏՄ-ում «մնալու ոչ մի իմաստ չի տեսնի»: Ամենայն հավանականությամբ, նույն մտահոգությունը կարտահայտի կամ արդեն իսկ խորհրդապահական մակարդակում արտահայտել է նաեւ Տաջիկստանը:

Խնդիրը վերաբերում է նաեւ Հայաստանին, որը նույնպես ԵՏՄ անդամ է: Եթե պետական դուման թվարկված օրենսդրական նախաձեռնություններն ընդունի, ապա ինչպես է կարգավորվելու հայ աշխատանքային միգրանտների հարցը: ԼՂ-ից բռնագաղթված հազարավոր արցախցիներ նույնպես հիմնականում Ռուսաստանում են:

Բացառված չէ, իհարկե, որ «Ռուսաստանը՝ միայն ռուսաստանցիների համար» կարգախոսը նախկին խորհրդային հանրապետությունները ԵՏՄ-ին ավելի ամուր կապելու համար է, բայց անակնկալների էլ պետք է պատրաստ լինել: