Այսօր աշխարհում ծավալվող ինտենսիվ ռազմական գործողությունների, տարբեր պատերազմական թատերաբեմերի առկայության պարագայում գործնականում անհիշելի է դառնում 16 տարի առաջ Կովկասում բռնկված հետխորհրդային դե ֆակտո առաջին պատերազմը՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմը:
Մինչդեռ, հնգօրյա այդ պատերազմը, որի վեցերորդ տարելիցը լրանում է այսօր, ըստ էության մի գիծ էր, որ քաշվեց Կովկասի երկու ժամանակների միջեւ, դնելով փաստորեն ռեգիոնալ ստատուս-քվոյի վերանայման սկիզբը:
Հետահայաց դիտարկումը հուշում է, որ ռուս-վրացական հնգօրյա պատերազն էր հետխորհրդայինբ սառեցումից հետո Կովկասը վերստին տաքացնողը, եւ դրանից հետո տաքությունը ռեգիոնում միայն ու միայն բարձրանում էր:
Խոշոր հաշվով, այդ տաքության հանդեպ ամենազգայունը Հայաստանն էր, եւ հենց այդ նկատառումով թերեւս Սերժ Սարգսյանը փորձեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության միջոցով բալանսավորել իրավիճակը, սառեցնել կամ գոլացնել այն:
Սակայն, մեծ հաշվով սառեց հենց այդ գործընթացը, իսկ ռեգիոնալ իրավիճակը սկսեց ավելի ու ավելի տաքանալ: Մեծ հաշվով, ընդամենը հնգօրյա ռեժիմում, բայց պատերազմը գործնականում արձանագրեց, որ ուժը կարող է լինել ռեգիոնում ստատուս-քվո կանխորոշող գործոն:
Մեծ հաշվով, ռուս-վրացական հնգօրյա պատերազմն ու նաեւ դրա հանդեպ միջազգային դերակատարների արձագանքը դարձան պատերազմմի վրա ալիեւյան խաղադրույքի վճռորոշ գործոններից մեկը:
Ալիեւը տեսավ, որ հնարավոր է խաղադրույք կատարել պատերազմի վրա, խաղադրույք կատարել ուժով հարցեր լուծելու, կամ ուժի կիրառման սպառնալիքով հարցեր լուծելու վրա:
Անցնող ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում իրավիճակը Կովկասում փոխվել է հիմնավորապես, այդ թվում նույնիսկ ռուս-վրացական հարաբերության տիրույթում, սակայն այդ փոփոխությունների «շարժիչը» գործնականում եղել է ուժի գործոնը եւ դեռ երկար ժամանակ լինելու է դա:
Ընդ որում, ռուս-վրացական պատերազմի բացասական ազդեցությունը իրավիճակի վրա ոչ միայն ուղիղ իմաստով ուժի գործոնի «լեգիտիմացումն» էր, այլ նաեւ մեկ այլ հանգամանք, որը ոչ ուղիղ, բայց միջավայրային առումով էական ազդեցություն թողեց ռեգիոնալ բալանսի վրա, կամ ռեգիոնն ապահավասարակշռելու վրա:
Օգոստոսյան հնգօրյա պատերազմը բերեց մի իրավիճակի, երբ զգալիորեն ավելացավ Վրաստանի հանդեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը: Սա էլ իր հերթին ուժգնացրեց Թուրքիայից եւ Ադրբեջանից Ռուսաստանի կախվածությունը, այն դեպքում, երբ Մոսկվան առանց այդ էլ ձեռնմուխ էր եղել ըստ էության «եվրասիա-թյուրքական» ռազմավարությանը, ըստ այդմ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների կառուցմանը:
Ավելի քան մեկուկես տասնամյակ անց ռեգիոնում նոր պատկեր է, այդ թվում ռուս-վրացական հարաբերության առումով: Այն բերում է ռեգիոն նոր շերտեր, որոնց առնչությամբ ունենում եմ պարբերական անդրադարձեր: Մի բան սակայն Հայաստանի համար աներեր է՝ Վրաստանի կայունության ու անվտանգության կարեւորությունը:
Բաց մի թողեք
Ինչ կտա հանրությանը դատավարական նոր շոուն
Ով է Ադրբեջանի նախագահի խորհրդատուն, բայց ԵԽԽՎ հետ շանտաժի լեզվով չպետք է խոսել
Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են կարգավորման մի տարբերակ, որ երկուսին էլ թույլ կտա «դեմք փրկել»