Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ աջակցում են հրադադարի խախտման մեղադրանքների համատեղ քննության մեխանիզմ ստեղծելու Երեւանի առաջարկին: Կլաարի այդ գրառումը թերեւս հնարավոր է համարել նրա հազվադեպ ողջունելի դիրքորոշումներից մեկը:
Նախօրեին անդրադառնալով Ադրբեջանի ապատեղեկատվության հերթական ալիքին, նկատել էի, որ շատ կարեւոր է միջազգային դերակատարների հստակ դիրքորոշումը Երեւանի առաջարկի առնչությամբ, բնականաբար աջակցության դաշտում, քանի որ դա իհարկե ոչ աներկբա եւ բացարձակ, բայց որոշակի իմաստով կարող է նպաստել սահմանային սադրանքների հավանականության աստիճանի նվազեցմանը, սահմանային ռեժիմը քաղաքական ճնշման, շանտաժի նպատակով շահարկելու Ադրբեջանի մարտավարության զսպմանը:
Այդ առումով, Կլաարի գրառումը փաստացի այդպիսի արձագանք է: Այստեղ իհարկե կարեւոր է հասկանալ, թե դա որքանով է Եվրամիության քաղաքականության արտահայտություն, եւ որքանով է ընդամենը իր պաշտոնից օրեր անց հեռացող չինովնիկի դիրքորոշում: Կլաարը թողնելու է պաշտոնը օգոստոսի 31-ին:
Նրա փոխարեն գործունեություն է սկսելու Եվրամիության Հարավային Կովկասի հարցերի նոր հատուկ ներկայացուցիչ: Որպես կանոն, պաշտոնից հեռացող չինովնիկները իրենց կարող են թույլ տալ արտահայտություններ, որոնք մի կողմից կունենան քարոզչական որոշակի էֆեկտ, մյուս կողմից սակայն առնվազն հարցական է դրանց քաղաքական ազդեցության գործակիցը:
Այդպիսի մի ընդգծված ու հիշարժան օրինակ էր նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի մի հայտարարություն, որ հնչեց 2016 թվականի դեկտեմբերին, երբ նա վերջին օրերն էր անցկացնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Բորդյուժան այդ ժամանակ հայտարարություն անելով Հայաստան-Ադրբեջան սահմանի Չինարի գյուղում ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ, հիշատակել էր նաեւ նույն թվականի ապրիլյան քառօրյան եւ այդ կապակցությամբ օգտագործել էր «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» ձեւակերպումը: Բայց, ինչպես պարզ դարձավ հետագայում, դա ընդամենը Բորդյուժայի ձեւակերպում էր, այլ ոչ թե ՀԱՊԿ քաղաքականություն:
Ըստ այդմ, Կլաարի դիրքորշամն առնչությամբ էլ պետք է հասկանալ, թե Եվրամիությունն իր քաղաքականությամբ որքան գործուն է լինելու Հայաստանի առաջարկը պաշտպանելու եւ առաջ մղելու հարցում, եւ որքանով է այդ դիրքորոշումն ընդամենը հեռացող Կլաարի միտքը:
Բաց մի թողեք
ՔՊ-ը քաղաքական այլընտրանք չունի՞, Հայաստանի երկրորդ ընտրությունը կրոնապետությո՞ւնն է
Քելոգը ՌԴ նախագահ Պուտինին «խնդրել է խելքի բերել Մեդվեդևին»
Թուրքիայի փխրուն ուսերի հուսին մնացած Ռուսաստանն ամենավտանգավորն է, ինչպես սատկող գազանը