Ռուսաստանցի մի շարք փորձագետներ Մոսկվայի հետ հարաբերություններում Վրաստանի իշխանությունների լոյալության խորքային պատճառների շարքում ընդգծում են նաեւ «Թուրքիայից եւ Ադրբեջանից կախվածությունը հաղթահարելու նպատակը»:
Ըստ երեւույթին, իշող «Վրացական երազանքն» այդ նարատիվը չբարձրաձայնելով հանդերձ՝ հանրությանը որոշակի ազդակներ հղում է:
Եվրոպայում գործող ադրբեջանական MeydanTV-ն հայտնում է, որ օրերս Զուգդիդիում գումարվել է Վրաստանի ադրբեջանցի մտավորականության առաջին համաժողովը, որ կայացրել է «Գիտնականները հանուն ապագայի» հանրային-քաղաքական շարժում ստեղծելու որոշում:
Նախաձեռնողներից Օքթայ Քյազիմովն ասել է, որ իրենք կաջակցեն Վրաստանի ընդդիմությանը: Նա պատմել է, որ արդեն իսկ շփումներ է ունեցել մի քանի ընդդիմադիր գործիչների, մասնավորապես՝ Նիկա Ղվարամիայի հետ:
Լրատվամիջոցն ընդգծում է, որ Վրաստանի անկախությունից ի վեր սա առաջին փորձն է՝ մի գաղափարի շուրջ համախմբելու էթնիկ ադրբեջանցիներին: Վրաստանում ավելի քան երեք հարյուր հազար ադրբեջանցի է բնակվում: Ընդ որում, Քվեմո-Քարթլիի շրջանում նրանք բնակչության բացարձակ մեծամասնությունն են կազմում:
Չնայած հրապարակային սիրալիրություններին՝ վրաց-ադրբեջանական հարաբերությունները եղել եւ շարունակում են բարդ մնալ: Վրաստանում կայուն համոզմունք կա, որ Նուխ-Զաքաթալայի շրջանը բռնակցվել է Ադրբեջանին: Բաքուն մշտապես թարմ է պահում «վաղեմի թուրքական հող Բորչալուի» թեման:
Իրավիճակի որեւէ փոփոխություն այդ խնդիրը կակտուալացնի: Այդ առումով հարց է, թե ի՞նչ անհրաժեշտությամբ է կազմավորվում «Գիտնականները հանուն ապագայի» շարժումը: Դա իրոք աջակցությու՞ն է Վրաստանի ընդդիմությանը, թե՞ կազմակերպիչները գործում են Բաքվի թելադրանքով:
Եթե Վրաստանում ապրող ադրբեջանցի մտավորականությունները իսկապես համախմբվեն ընդդիմության շուրջ, ապա իշխող կուսակցությունը, հավանաբար, կդիմի Ալիեւի օգնությանը: Վրաստանի ադրբեջանցի ընտրողներն ավանդաբար քվեարկել են իշխանության օգտին:
Իսկ եթե այդպես չէ, եւ վրացական ընդդիմադիրներն ունեն ադրբեջանցի քվեատուների աջակցության կարիքը, ապա «Վրացական երազանքի» նախընտրական ծրագրում, ըստ քաղաքական տրամաբանության, ընդգծվելու է ադրբեջանաբնակ շրջանների բարեկեցության ապահովման, ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության, նրանց լեզվի եւ մշակույթի նկատմամբ հարգանքի թեման:
Այս դեպքում, սակայն, Թուրքիայից եւ Ադրբեջանից կախվածությունը հաղթահարելու նարատիվը չի աշխատի, եւ իշխող կուսակցությունը կկորցնի վրացի ավանդական ընտրողի վստահությունը: Մինդեռ, որքանով հասկացվում է, Վրաստանի կառավարությունը հենց այդ խավերի վրա է խաղադրույք դրել:
Առարկայական առումով չտիրապետելով իրավիճակին, շատ դժվար է կողմնորոշվել, թե Քյազիմովի «Գիտնականները հանուն ապագայի» հանրային-քաղաքական շարժումը որքա՞ն ժողովրդավարական է, որքանո՞վ՝ թուրք-ազգայնական: Բարդ է նաեւ ասել, թե վրացական ընդդիմությունը, լինելով ֆորմալ հակառուսական, իրականում թուրքաֆի՞լ է, թե՞ դավանում է համամարդկային-համաեվրոպական արժեքներ:
Կարծես թե փաստ է, որ թուրք-վրաց-ադրբեջանական «երամիասնության ճարտարապետը» Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է: Բայց նա վերջին շրջանում խիստ քննադատում է Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականությունը: Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ուրվագծվում է «ադրբեջանական գործոնի հանգույց»: Իշխանությանը կհաջողվի՞ քանդել այն:
Բաց մի թողեք
Հակասանիտարական վիճակ՝ Երևանում հայտնի դպրոցներից մեկի բակում. Լուսանկար
Ինչ կտա հանրությանը դատավարական նոր շոուն
Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են կարգավորման մի տարբերակ, որ երկուսին էլ թույլ կտա «դեմք փրկել»