Մոտենում է սեպտեմբերի 2-ը։ Լրատվամիջոցներից մեկը գրում է, որ 1991թ. այդ օրն Արցախը հռչակեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից, և ավելացնում է, որ դրանից երեք ամիս անց Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության մեծամասնությունը արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին։
Ստացվում է, որ արդեն ԽՍՀՄ-ից անկախացած Արցախը երկրորդ անգամ անկախացել է Ադրբեջանից։ Որն, ի դեպ, մինչև 1991թ. դեկտեմբերի 28-ը դե յուրե գտնվել է ԽՍՀՄ կազմում։
Իրականում այդ օրը ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակել է, որ ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն անցկացվել է հետևյալ հարցով. «Համաձա՞յն եք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն»: Ընտրական իրավունք ունեցող և հանրաքվեին մասնակցած անձանց 99,98%-ը պատասխանել է «այո»:
1991 թ. դեկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվել են առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրություններ, և ձևավորվել է իշխանության բարձրագույն մարմինը, որն առաջին նստաշրջանում, 1992 թ. հունվարի 6-ին, ԼՂՀ-ն հռչակել է անկախ պետություն՝ հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները:
Պատմա-քաղաքական կեղծիքը, որ ԼՂՀ-ն «անկախություն է հռչակել» 1991թ. սեպտեմբերի 2-ին, չէր կարող ավերիչ հետևանքներ չունենալ, որովհետև երբ խախտվում է պետական կազմավորման իրավա-քաղաքական ծննդաբանությունը, առաջանում է նախադեպը կրկնելու գայթակղություն: Դա Ստեփանակերտում տեղի ունեցավ 2006-ին, երբ քննարկվում էր առաջին սահմանադրության նախագիծը:
Խնդիրը ԼՂՀ տարածքի սահմանումն էր։ Պետության, ապա նաև անկախության հռչակման ակունքներում կանգնած, նրա և ժողովրդի ապագայի համար պատասխանատվություն և մասնագիտական բարձր որակներ ունեցող մարդիկ առաջարկում էին սահմանադրության երկրորդ հոդվածը ձևակերպել այսպես. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը միասնական է, անբաժանելի և անօտարելի՝ ինչպես սահմանված է ԼՂՀ հռչակման մասին Հռչակագրով»: Իսկ այնտեղ հստակ ամրագրված է, որ ԼՂՀ-ն կազմավորվում է նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի տարածքում:
«Ազգային-հայրենասիրական» ուժերի ճնշման տակ, սակայն, սահմանադրության վերջին հոդվածում տեղ գտավ մի ձևակերպում, ըստ որի ԼՂՀ իրավազորությունը տարածվում է փաստացի ամբողջ տարածքի վրա, ինչը հետագայում «օրինական հիմք» հանդիսացավ, որպեսզի ԼՂ կարգավորման բանակցություններում Ստեփանակերտը և Հայաստանի խորհրդարանական որոշ կուսակցություններ պնդեն, որ «Արցախի սահմանադրությամբ ամրագրված տարածքները զիջման ենթակա չեն»:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը «բոլորին» կոչ է անում սեպտեմբերի 2-ին լինել Արցախի ներկայացուցչությունում: Կարելի է պատկերացնել, թե ինչ որակի և մակարդակի միջոցառում է նախապատրաստվում և ովքեր ինչ են խոսելու:
ԼՂՀ հռչակման օրն, իհարկե, պետք է նշվի, բայց եթե կրկնվելու է պատմա-քաղաքական կեղծիքը, ապա ով էլ կազմակերպիչը լինի և ինչ ներկայացուցչություն էլ ունենա՝ այդ միջոցառումն, անկասկած, վնասաբեր է, քանի որ բուն իմաստով հետապնդելու է թույլ տրված սխալները որպես «միակ ճիշտ ճանապարհ» ներկայացնելու նպատակ: Սխալներից, մինչդեռ, պետք է դասեր քաղել, ոչ թե փորձել սրբացնել և դարձնել պաշտամունք՝ առավել ևս նպատակ, որին պետք է ձգտել:
Ովքեր նախանձախնդիր են, որ Լեռնային Ղարաբաղի էջն իրոք չփակվի, պետք է լծվեն ծանր, ժամանակատար և գիտական, քաղաքական, տեղեկատվա-քարոզչական ու ֆինանսական ահռելի ռեսուրսներ պահանջող աշխատանքի: ԼՂՀ ստեղծումը պատմա-քաղաքական օրինաչափություն էր: Եվ վերագտնումի մի ճանապարհ կա՝ հասնել դրա միջազգային վերահաստատման:
Բաց մի թողեք
Ինքնախաբեության թմբիրը բերեց Արցախի կորստի ․․․ և դեռ շարունակվում է
Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո մտել է «տաբուների հաղթահարման» փուլ
Ալիևը խելոք համաձայնել է Բլինքենի բոլոր հրահանգներին, Պուտինին մերժե՞լ է դրանով