13/10/2024

90 տոկոսով, 17 կետից 13-ը, 17-ից՝ 17-ը, ինչ է կատարվում «խաղաղության պայմանագրի» շուրջ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ծայրից ծայր համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստը եւ տեքստի շուրջ անհամաձայնություն այլեւս չկա:

«Փաստացի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, ու սա է եղել մեր առաջարկը՝ ստորագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել: Հետևաբար, տեքստի շուրջ այլևս անհամաձայնություն չկա: Այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթաց: Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել», հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Համաձայնեք, տարօրինակ իրավիճակ է «խաղաղության պայմանագրի» շուրջ: Ընդամենը տասն օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնեցված է պայմանագրի 17 կետից 13-ը, որը Երեւանն առաջարկում է ստորագրել, հետո շարունակելով չորսի շուրջ աշխատանքը: Բաքուն ըստ էության չընդունեց այդ առաջարկը: Տասն օր անց Հայաստանի արտգործնախարարը հայտարարում է, որ պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է:

Դա նշանակում է, որ համաձայնեցված է 17 կետիվ 17-ը: Ստացվում է, որ Ադրբեջանը ավելացնում է կամ փորձում է ավելացնել նոր կետեր կամ դրույթներ՝ առկա կետերում: Ադրբեջանի նախագահ Ալիեւը ընդամենը մեկ-երկու օր առաջ Հռոմում մասնակցելով միջազգային համաժողովի հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե համաձայնեցրել են պայմանագիրը՝ 90 տոկոսով:

Փաստորեն, Հայաստանի ԱԳ նախարարն ազդարարում է, որ համաձայնեցված է ամբողջը: Ի՞նչ է արձագանքելու Ադրբեջանը: Որովհետեւ, եթե Բաքուն ընդունի, որ ամբողջը համաձայնեցված է, ապա այդ դեպքում որեւէ բացատրություն չի լինի, թե ինչու՞ չի ստորագրվում պայմանագիրը: Թե՞ Ադրբեջանը կարող է դնել պայման, կամ՝ դնում է պայման, որ պայմանագիրը պետք է ստորագրվի Բաքվում՝ նոյեմբերին կայանալիք Կլիմայի գագաթնաժողովում:

Այսինքն, երբ Երեւանը հայտարարում է, որ տեքստը համաձայնեցված է ամբողջությամբ, հարց է առաջանում, թե ի՞նչը համաձայնեցված չէ՝ ստորագրման վայրն ու ձեւաչա՞փը: Համենայն դեպս, եթե կա Բաքվում ստորագրելու պայման կամ ակնկալիք, ապա դա իհարկե չի կարող լինել ընդունելի, որովհետեւ Հայաստանի համար կլինի առնվազն անարժանապատիվ «անտուրաժ», եթե անգամ որեւէ խնդիր չլինի տեքստի հարցում:

Իսկ միջազգային քաղաքականության մեջ դրանք խիստ էական նրբերանգներ են, որոնց առավել մեծ նշանակություն տալիս են օրինակ Ադրբեջանն ու Թուրքիան, հատկապես Հայաստանին վերաբերող հարցերում: