13/10/2024

Ինչ է առաջարկում ԱՄՆ-ը՝ Հայաստանին ու Ադրբեջանին

Միացյալ Նահանգները հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի գագաթնաժողովը կստորագրեն որևէ փաստաթուղթ:

Եթե մի կողմ թողնենք այդօրինակ ակնկալիքների կամ հույսերի արտահայտման, այսպես ասած, պրոտոկոլային դիվանագիտական ոճի հանգամանքը, երբ բոլորն էլ արտահայտում են այդպիսի հույսեր, և դիտարկենք պրակտիկ իրականանալիության առումով, ապա որքանո՞վ կարող է այդպիսի հույսը լինել իրատեսական:

Գետնի վրա, այսինքն` հրապարակային դաշտում, չի նշմարվում այդպիսի իրատեսականության որևէ հիմք, որևէ նախադրյալ: Ավելին՝ նշմարվողը հակառակն է՝ Ադրբեջանի ավելի ու ավելի ընդգծվող առավելապաշտություն, Հայաստանի հանդեպ նոր պայմաններ, կամ եղած պայմանների նոր երանգներ և ուրվագծեր:

Այդ պարագայում, երբ գետնի վրա նկատվողը դա է, մնում է եզրակացնել, որ փաստաթղթի հնարավորություն կարող է լինել երկու դեպքում: Կամ եթե այդ փաստաթուղթը ունենա բովանդակություն, որը, ըստ էության, ձևից բացի՝ չի ունենա ոչ մի նշանակություն երկու երկրների միջև իրավիճակի կառավարելիության, կայունության և խաղաղության համար, կամ եթե այդ փաստաթուղթը բավարարի Ադրբեջանի պահանջները, գոնե մասնակի:

Հարց կառաջանա, թե՝ իսկ հնարավոր չէ՞, որ լինի երկու կողմերի միջև փոխզիջում ենթադրող փաստաթուղթ, որը հավասարակշռված ձևով կարտահայտի երկու կողմին բավարարող մոտեցումներ: Տեսականում հնարավոր է ամեն ինչ, բայց գործնականում՝ ոչ: Եվ պատճառը միայն Հայաստանի կամ Ադրբեջանի տիրույթում չէ, այլ ուժային կենտրոնների, որոնք պայքարում են Կովկասում ռեգիոնալ ազդեցության համար:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված փաստաթուղթ հնարավոր է, եթե հնարավոր է հավասարակշռություն այդ ուժային կենտրոնների շահերի միջև, եթե այդ փաստաթուղթը կարտացոլի նաև նրանց շահերի հավասարակշռություն: Սա իրողություն է, որի հանդեպ «ջայլամի» քաղաքականությունը չի կարող լինել օգտակար, չի կարող թույլ տալ այդ իրողության պայմաններում ձևավորել առավել կենսունակ ու դիմադրունակ պետական և հանրային օրգանիզմ:

Հետևաբար, եթե Հայաստանի միջև որևէ փաստաթուղթ հնարավոր է՝ մինչև Կլիմայի նոյեմբերյան գագաթնաժողովը Բաքվում, ապա դա կլինի կամ ոչինչ չորոշող փաստաթուղթ, որն ընդամենը թույլ կտա այդ պահի համար լուծել գուցե ինչ-ինչ հարակից հարցեր՝ հետաքրքրված տարբեր խաղացողների համար, կամ այդ փաստաթուղթը կլինի անհավասարակշռված բովանդակությամբ, ինչը, բնականաբար, չի կարող լինել Հայաստանի օգտին այն պարզ պատճառով, որ ուժերի հավասարակշռությունն այսօր այնպիսին չէ, որ փաստաթղթային անհավասարակշռությունը շահեկան լինի Հայաստանի համար: