Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթթաբակը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն արդեն մուտք է ստացել իրանական Չաբահար նավահանգիստ:
Իրանցի նախարարը հայտնել է, որ դա կնպաստի Հայաստան-Իրան և Իրան-ԵԱՏՄ առևտրի աճին: Հայաստանից Չաբահար նավահանգստի վերաբերյալ առաջարկների սպասելու մասին ամիսներ առաջ ազդարարել էր Հայաստանում Հնդկաստանի դեսպանը:
Նյու Դելին և Թեհրանը ամիսներ առաջ կնքեցին համաձայնագիր, որը վերաբերում է Չաբահար նավահանգստի զարգացմանը, արդիականացմանն ու շահագործմանը: Հնդկաստանը փորձում է այդ նավահանգիստ «ուղղորդել» նաև Կենտրոնական Ասիայի երկրներին:
Այդ կերպ, Նյու Դելին ձգտում է կառուցել Հյուսիս-հարավ, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով ուղղությամբ երթուղային մեծ ցանց, որը կբարձրացնի Հնդկաստանի միջազգային դերը: Հայաստանն այդ համայնապատկերում դիտվում է օղակներից մեկը, սակայն այստեղ կա էական հանգամանք:
Իսկ Հայաստանն ինքը որքանո՞վ է պատրաստ լինել արդյունավետ օղակ, գրավիչ և գործուն օղակ: Եվ այդ իմաստով, Չաբահար նավահանգիստ մուտք ստանալը ընդամենը առաջին քայլն է, որովհետև, անկասկած, դեռ պետք է կարողանալ օգտագործել նավահանգստում աշխատանքի հնարավորությունը, ինչի համար նաև շատ կարևոր է այն, ինչ կլինի Հայաստանում: Իսկ խոսքը Հայաստանում արդիական ճանապարհների առկայության մասին է, որոնք պարզապես չկան:
Կառուցվում է Հյուսիս-հարավը, որի տեմպը, մեղմ ասած, անհամարժեք էր աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական միջավայրին թե մինչև 2018 թվականը, թե դրանից հետո և թե անգամ ներկայումս:
Այն պարագայում, երբ այդօրինակ նշանակության լոգիստիկ նախագծերը մեր շուրջ ծավալվում են բավականին մեծ թափով ու արագությամբ: Իսկ այստեղ հարցը լոկ այն չէ, որ մենք կարող ենք հետ մնալ, ուշանալ: Այստեղ հարցն այն է, որ մենք կարող ենք ճանաչվել անգործունյա, կարող է տուժել մեր գործընկերային վարկը:
Դա չի նշանակում, որ հետաքրքրված երկրները, որոնք քիչ չեն, կհրաժարվեն գործ ունենալ մեզ հետ: Կաշխատեն, գործ կունենան, բայց այդ գործը նրանց համար չի դիտվի առաջնահերթություն: Այստեղ են խնդիրները, ու այստեղ է նաև Հայաստանի գլխավոր անելիքը:
Բաց մի թողեք
Ովքեր են արդարադատության նախարարի նոր թեկնածուները. անուններ
«Վրացական երազանքին» եվրոպական «երազախաբությո՞ւն» է սպասվում
… իրենց տարածքներով անցնող հաղորդակցությունները զիջել էին մասնավոր ընկերությունների, հետո այդ սխալը շտկելու համար շատ արյուն հեղվեց