Հոկտեմբերի 1-ին Նիդեռլանդների նախկին վարչապետ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել է Յենս Ստոլտենբերգին: Այդ առթիվ արևմտյան մամուլի կանխատեսումները հակասական են:
Հրապարակումներում հիշեցվում է, որ վարչապետի պաշտոնում Ռյուտեն չի կատարել պաշտպանության ծախսերի մեծացման պարտավորությունը, իսկ այժմ ստիպված կլինի եվրոպական մի շարք երկրներից պահանջել, որ Դաշինքի որոշմանը հավատարիմ մնան:
Փորձագետներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել Ռուսաստանի պետական բյուջեի մասին տեղեկատվական արտահոսքին, ըստ որի՝ Մոսկվան ծրագրում է ռազմական ծախսերը կրկնապատկել և հասցնել տարեկան 142 միլիարդ դոլարի: Դա հստակ ազդակ է, որ Ռուսաստանը ոչ միայն մնում է որդեգրած աշխարհաքաղաքական ուղեգծի մեջ, այլև ռազմական հավելյալ գործիքակազմ է ներգրավում, որպեսզի Ուկրաինայում «հաղթանակը» միջազգայնորեն ընդունվի:
Ռուս-ուկրաինական ռազմաճակատում իրավիճակը, եթե ուշադրությամբ հետևենք, ուղղակիորեն պրոյեկտվում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ Իլհամ Ալիևի խոսույթում:
Նույնիսկ ադրբեջանցի փորձագետներն են ընդունում, որ Բաքվի դիրքորոշումը կրկին կոշտացել է օգոստոսի 18-19-ին ՌԴ նախագահ Պուտինի՝ Ադրբեջան պետական այցից հետո:
Քաղաքական առումով Ռուսաստանին ոչ մի կերպ ձեռնտու չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի Հռչակագրի իրավական հիմքով սահմանազատում անցկացվի և կնքվի հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր:
Դա նախադեպ կլինի, որ հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչման սկզբունքով:
Երկու տարի առաջ այս օրը Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Դոնբասը և Նովոռուսիան միավորելու մասին, որ հաստատվել է Դաշնային ժողովի երկու պալատներում: Տարելիցի առթիվ ռուսաստանյան մամուլի հրապարակումներում ընդգծվում է, որ պատմական այդ որոշումից հետքայլ չի լինելու:
Ֆորմալ առումով՝ Ադրբեջանն այդ քարոզչությունից ձեռնպահ է մնում, փոխարենը գեներացվում է, որ Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձը բացառված է: Ավելին՝ Իլհամ Ալիևը խոսել է ինչ-որ ժամանակ ադրբեջանցիների «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին:
Ու թեև ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանը COP 29-ին ընդառաջ կարող են փաստաթուղթ ստորագրել, այդ հավանականությունը գրեթե զրոյական է:
Ադրբեջանի առավելապաշտությունը բխում է Ռուսաստանի ռազմական դոկտրինից, կամ Մոսկվան պարզապես հայ-ադրբեջանական կարգավորումը խոչընդոտում է: Պուտինի «հաղթանակի» հետևանքները Հայաստանի համար կարող են ավելի ծանր լինել, քան առաջին հայացքից է թվում:
Բաց մի թողեք
TikTok-ե՞ր, մարզի՞կ, թե՞ չորքոտանու ինքնություն ունեցող․ ովքեր են Լավրովի հիշատակած կվադրոբերները
Գնդակը Հայաստանի դաշտում է. Ամիրբեկովը՝ խաղաղության պայմանագրի մասին
Մոսկվայից ի՞նչ պաշարով է վերադարձել Իլհամ Ալիևը