04/11/2024

ՌԴ-ում ապաստանած ՀՀ պաշտպանության նախկին նախարարը դիմել է մանիպուլյացիայի՝ տարածելով ատելության խոսք

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տարածել, որում Փաշինյանը ներկայացվում է որպես Ադրբեջանի նախագահ։

Լուսանկարին կից նա գրել է․ «Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»։

Լուսանկարում Փաշինյանն է Կազանում տեղի ունեցած BRICS-ի գագաթնաժողովում ելույթ ունենալիս, և նրա դիմաց երևում է Ադրբեջանի դրոշը։ Լուսանկարը, ըստ ամենայնի, տեսանյութից արտապատկերում է, և Փաշինյանը կադրում հայտնվել է այն անկյունից, որ նրա դիմաց երևում է նրա կողքին նստած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիմաց տեղադրված Ադրբեջանի դրոշը։

Արշակ Կարապետյանի հետևորդները «լավ են հասկացել» նրան, ու վիրավորանքներ են գրել՝ մեղադրելով Փաշինյանին, որ նա իբրև թե ներկայացնում է Ադրբեջանը։

Սակայն, տարածված պաշտոնական լուսանկարներում երևում է, որ Փաշինյանի դիմաց տեղադրված է տարբերանշան Հայաստանի դրոշով՝ կողքին գրված «Armenia»։ Դրանից աջ Ադրբեջանի դրոշով տարբերանշանն է, քանի որ Փաշինյանի կողքին Ադրբեջանի նախագահն է նստած։

Այսպիսով, Արշակ Կարապետյանը, որն այժմ ապաստանել է Ռուսաստանի Դաշնությունում և այնտեղից քաղաքական գործունեություն է ծավալում՝ քննադատելով Հայաստանի իշխանությանը, կեղծ, մանիպուլյատիվ լուսանկար է տարածել՝ հրահրելով ատելության խոսք։

Հասմիկ Համբարձումյան