22/11/2024

Օտարերկրացիների վեճն ավարտվել է մարմնական վնասվածքներով․ Տեսանյութ

Հոկտեմբերի 25-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Կոմիտասի պողոտայում վիճաբանություն է օտարերկրացիների միջև, մեկ անձ դանակահարվել է:

«Ահազանգը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը, նաև զարգացումները կանխելու նպատակով, հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր:

Այդ ընթացքում հաղորդում ստացվեց արդեն ոստիկանության բաժնում. հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության խումբը Կոմիտասի պողոտայից բուժօգնության էր տեղափոխել 30-ամյա օտարերկրացու` կրծքավանդակի ծակած վերքով: Առաջին ահազանգերից մոտ երեք ժամ անց ստացվեց ևս մեկ հիվանդանոցային հաղորդում. «Երևան» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ դաստակի սալջարդով և ձեռքի կտրած վերքով բուժօգնության են դիմել 26 և 27 տարեկան օտարերկրացիներ: Արաբկիրի ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում, հենց բժշկական կենտրոնի մոտ գիշերվա ժամը 4.15-ին, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով, 26-ամյա օտարերկրացին ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ, երբ իրավապահներն արդեն ճշտել էին վիճաբանության մասնակիցների շրջանակը, բաժին ներկայացավ ևս մեկ օտարերկրացի, որը, ըստ հավաստի տեղեկությունների, նույնպես մասնակցել էր վիճաբանությանն ու պատճառել մարմնական վնասվածք:
Օտարերկրացիներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: