04/12/2024

ԱՄՆ դեսպանը փորձել է անմիջական հասկանալ, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական տիրույթում

Նոյեմբերի 8-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարությունում ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությանը, ինչպես նաև ռեգիոնալ ու միջազգային զարգացումներին առնչվող հարցեր:

Պաշտոնական հաղորդագրության սուղ բովանդակությունը թերևս վկայում է, որ ԱՄՆ դեսպանի կառավարություն կատարած այցն ու փոխվարչապետ Գրիգորյանի հետ հանդիպումը կրել է շատ կոնկրետ նպատակ, և խոսակցությունն ունեցել է բովանդակություն, որը «չի տեղավորվել» արարողակարգային շարադրության տրամաբանության մեջ:

Դեսպանը կառավարություն է այցելել բավականին հետաքրքիր մի ժամանակահատվածում: Բնականաբար, առաջին հերթին այցը փաստորեն հաջորդել է ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքին:

Իհարկե, այստեղ պարզ չէ, թե այդ թեմատիկան ինչպիսի քննարկման կարող էր արժանանալ փոխվարչապետ-դեսպան ձևաչափով: Օրինակ՝ հազիվ թե ընտրության արդյունքի հրապարակումից երկու օր անց դեսպան Քվինը որևէ առարկայական հավաստիացում ունենար այդ ընտրության արդյունքի հետ կապված՝ հայ-ամերիկյան փոխհարաբերության հնարավոր փոփոխությունների կամ անփոփոխ շարունակության առնչությամբ:

Հետևաբար, պետք է ենթադրել, որ դեսպանի այցն ավելի շուտ թերևս պայմանավորված է եղել այն հանդիպումով, որ փոխվարչապետ Գրիգորյանն օրեր առաջ ունեցել է իր ադրբեջանցի գործընկեր Մուստաֆաևի հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին, որի ընթացքում այսպես ասած փոխանակվել են սահմանազատման ու սահմանագծման հարցերի հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգերի ներպետական հաստատման մասին ծանուցումները:

Այդ հանդիպման մասին հաղորդագրությունը մեկ տողով նշում էր նաև, որ փոխվարչապետները քննարկել էին նաև ռեգիոնալ կոմունիկացիաներին առնչվող հարցեր: Դեսպան Քվինը, ըստ ամենայնի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման միջոցով փորձել է անմիջականորեն հասկանալ, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական տիրույթում, հատկապես հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմը նախօրեին այսպես ասած բաց էր թողել արտահոսք խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված բովանդակության մասին:

Դժվար է միանշանակ պնդել, թե արդյո՞ք դեսպանը կառավարություն այց ծրագրել է դրանից առաջ, թե՞ հենց այդ տեղեկությունն է առավել ինտրիգային դարձրել պատկերը, հետևաբար սրել այն անմիջականորեն հասկանալու մոտիվը:

Այստեղ, իհարկե, առանցքային հարցն այն է, թե դեսպանից վեր՝ պետքարտուղարության մակարդակում ինչպիսին են Նահանգների մոտիվները խնդրո առարկայի վերաբերյալ: Դեսպանը, իհարկե, անշեղ կատարում է իր առաքելությունը, բայց գլխավորն այն է, թե ինչպիսին է ներկայումս տրամադրությունը պետքարտուղարությունում, երբ պարզ է, որ մնացել է գործունեության՝ երկու ամսից քիչ ավելի ժամանակ, ինչից հետո լինելու են ղեկավար կազմի էական փոփոխություններ: