09/12/2024

Հայաստանը, ՀԱՊԿ-ն ու կայացվող որոշումները․ որքանով են ներդաշնակ

«ՀԱՊԿ միջոցառումների դռները Հայաստանի համար բաց են»,- հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը, խոսելով ՀԱՊԿ-ի հանդեպ Հայաստանի դիրքորոշման մասին և ասելով, որ իրենք հարգանքով են վերաբերում այդ հարցում Հայաստանի քաղաքականությանը:

Ուշակովը, իհարկե, միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Հայաստանը կվերադառնա կազմակերպության շարքում ակտիվ աշխատանքի: Երևանը հայտարարել է, որ չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովին, թեև Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել էր գագաթնաժողովին ընդառաջ Մոսկվայում տեղի ունեցած՝ ԱԳ նախարար Լավրովի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը:

Թե ինչո՞ւ էր Լավրովը գագաթնաժողովից առաջ կազմակերպել այդպիսի հանդիպում, պարզ չէ, և կարծես թե դա այսպես ասած նախագագաթնաժողովային ավանդույթ չէ: Դա կարող է հուշել, որ Աստանայում տեղի ունենալիք գագաթնաժողովի քննարկումներում լինելու են առանձնահատուկ հարցեր:

Հայտնի է դարձել, որ Աստանայում, օրինակ, ՀԱՊԿ օրակարգում կլինի տաջիկ-աֆղանական սահմանին վերաբերող հարցը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տասմանգաբետովը գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ ՀԱՊԿ ղեկավարները կընդունեն տաջիկ-աֆղանական սահմանի վերաբերյալ շատ կարևոր ամբողջական փաստաթուղթ, որը կվերաբերի այդ սահմանի միջպետական կահավորմանը:

Թերևս հարցի կարևորության մասին է վկայում այն, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի բառացիորեն շեմին ՌԴ ԱԽ քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Շոյգուն ժամանել է Աֆղանստան և հանդիպում ունեցել Թալիբանի ներկայացուցիչների հետ:

Ռուսաստանում քննարկվում է նաև Թալիբանը ահաբեկչական կազմավորումների ցանկից դուրս բերելու որոշումը: Երևանն ինչպե՞ս է վերաբերելու ՀԱՊԿ որոշմանը: Ուշակովը հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցում աշխատանքներին, բայց դե յուրե կազմակերպության անդամ է, հետևաբար պահպանում է բոլոր իրավունքներն ու պարտավորությունները:

ՀԱՊԿ որոշումները կայացվում են բոլոր անդամների համաձայնությամբ, հետևաբար Հայաստանը պետք է հայտնի իր դիրքորոշումը այն որոշումների վերաբերյալ, որոնք կկայացվեն Աստանայում:

Իսկ այստեղ կա նուրբ հարց, հաշվի առնելով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ հանդեպ իր դիրքորոշումը պայմանավորում է հենց նրանով, որ ՀԱՊԿ համարժեք չի գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային իրավիճակը և համարել է, որ սահմանը հստակեցված չէ:

Ամբողջ նրբությունն ու հակասականությունը նաև այն է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ինքն էլ արել է բազմաթիվ հայտարարություններ, որոնք այդ սահմանի ոչ հստակ լինելու մասին է, ինչը բավականին տարակուսելի է դարձնում ՀԱՊԿ դիրքորոշման հանդեպ Հայաստանի «փաստարկը»:

Սակայն, ըստ ամենայնի այդ ամենը իրողությունների մակերեսն է և Հայաստան-ՀԱՊԿ այսպես ասած փոխհարաբերության հարցը իր վրա կրում է շատ ավելի խորքային երևույթների ազդեցություն:

Այդ իմաստով, եթե Ռուսաստանին հաջողվի Թալիբների հետ գալ սահմանային իրավիճակի հարցում հաստատուն պայմանավորվածությունների, որոնք թույլ կտան Կենտրոնական Ասիայում առնվազն այդ մասով հասնել որոշակի երկարաժամկետ կառավարելիության, ապա դա կարող է որոշակի լիցքաթափող ազդեցություն ունենալ կովկասյան ուղղությամբ:

Այդ հանգամանքը արժանի է Հայաստանի ուշադրությանը, անկախ Աստանայում կայանալիք գագաթնաժողովին մասնակցությունից: