21/01/2025

Թուրքիան Հալեպը գրավելու հետ կապ չունի՞, իսկ Արցախի հետ ունի՞ ․․․

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարվածությունը կհանգեցնի սպառազինությունների մրցավազքի ծավալմանը և կմեծացնի միջուկային բախման հավանականությունը:

Ֆիդանը տպավորություն է ստեղծել, որ Սիրիայում իրավիճակի սրացման հետ Թուրքիան ոչ մի առնչություն չունի: Թուրքական մամուլը Սիրիայի նախագահի դեմ զինված պայքարի հովանավոր համարում է Իսրայելի վարչապետ Նաթանյահուին:

Իրենց հերթին իսրայելական աղբյուրները Սիրիայում մարտական գործողությունների գոտուց ստացվող տեսագրությունների և լուսանկարների վերլուծություն են կատարել և արձանագրել, որ «Հայաթ թահրիր ալ-Շամ» խմբավորման զինյալները, որ ապստամբական ուժերի միջուկն են կազմում և հայտնի են որպես Թուրքիայի պրոքսի, Սիրիայի գրաված բնակավայրերում ոչ միայն նախկին նախագահ Հաֆեզ Ասասի արձաններն են ավերում և պատռում Բաշար Ասադի լուսանկարով պաստառները, այլև ոչնչացնում են պաղեստինյան խորհրդանշանները և Իրանի ու «Հըզբոլահի» առաջնորդների լուսանկարները:

Իսրայելական լրատվամիջոցներն առանձնացրել են Հալեպից ստացված լուսանկար, որ պատկերում է «Երուսաղեմի ճանապարհը Սիրիայով չի անցնում» գրությամբ ցուցապաստառ: Իսրայելցի փորձագետները եզրակացնում են, որ այդպիսով Ասադի հակառակորդները դեմ են արտահայտվում Իրանի հետ նրա բարեկամությանը, հանդես են գալիս իրանական ներկայությանը վերջ տալու դիրքերից:

Ըստ տեղեկությունների, Իսրայելի վարչապետ Նաթանյահուն «Մոսադի» և բանակի հետախուզական ծառայության պատասխանատուների հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը: Հետախուզությունը կառավարության ղեկավարին զգուշացրել է, որ Ասադի «վարչախմբի անկումը կարող է հանգեցնել մերձավորարևելյան քաոսի և արտաքին ուժերի ներգրավման»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը միանշանակորեն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում այլ կարգավորում չի կարող լինել, բացի Պաղեստինի անկախության ճանաչումը 1967թ. սահմաններում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Եթե «ապստամբական ուժերը» համարում են, որ «Երուսաղեմի ճանապարհը Սիրիայով չի անցնում», և գրեթե ոչ ոք չի կասկածում, որ նրանք Ասադի դեմ պատերազմն սկսել են Էրդողանի հրահանգով, ապա ստացվում է, որ «Երուսաղեմի ճանապարհն անցնում է կամ պետք է անցնի Թուրքիայո՞վ»:

Բաքվի իշխանական լրատվամիջոցը Սիրիայում սրացման նախօրեին ակնարկել է, որ «Ադրբեջանը կարող է ներգրավվել Գազայի հատվածի վերականգնմանը»: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ «քրդական զինված խմբավորումներն աջակցում են սիրիական բանակին և մարտի են բռնվել Ասադի հակառակորդների հետ»:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը Միացյալ Նահանգներին և Իսրայելին մեղադրել է Սիրիայի հյուսիսի քրդական ինքնավարությանը հովանավորելու մեջ: Արտգործնախարար Ֆիդանը բաց ասել է, որ ընտրված նախագահ Թրամփից ակնկալում են, որ ամերիկյան զորախումբը Սիրիայից կհեռացնի: Միջազգային մամուլում տեսակետ է արտահայտվել, որ Լիբանանում հրադադարի հաստատմանն աջակցել է նաև Իրանը:

Ըստ էության՝ Սիրիայում իրավիճակի սրացումը մերձավորարևելյան կարգավորմանը Թուրքիայի ներգրավվածության, տարածաշրջանում Անկարայի դերակատարության ճանաչման աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի:

Էրդողանին կհաջողվի՞ «մարսել» սիրիական ճգնաժամը: Արաբական լիգայի երկրները Սիրիայի գործող իշխանությանն աջակցություն են հայտնել: Հալեպի ուղղությամբ թուրքական պրոքսի ուժերի հարձակման նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինն ասել է, որ քննարկվում է 3+3 ձևաչափը «կազմակերպության վերածելու հնարավորությունը»:

Սիրիայում միմյանց դեմ այլևս բաց մրցակցող Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը Հարավային Կովկասում կարո՞ղ են ընդհանուր հայտարարի գալ: Հարավային Կովկասը Մերձավոր Արևելքի՞, թե՞ Արևելյան Եվրապայի «սուբռեգիոն» է: Վրաստանը կտա՞ այդ հարցի պատասխանը:

Թուրքիան Հալեպը գրավելու հետ կապ չունի՞, իսկ Արցախի հետ ունի՞ ․․․