Բաքվի իշխանական լրատվամիջոցը հայտնում է, որ դեկտեմբերի 28-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում Ադրբեջանի հյուպատոսության մոտ ապամոնտաժվել է ադրբեջանական օդանավի աղետից զոհվածների հիշատակին նախօրեին կանգնեցված հուշաքարը: Այդ մասին, իբր, հայտնի է դարձել «Կոմսոմոլսկայա պրավդա-Եկատերինբուրգ» թերթի թղթակցի հրապարակումից:
Հոդվածի հեղինակը պատմել է, որ հուշաքարը կանգնեցվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկու նախաձեռնությամբ և օրվա ընթացքում հազարավոր մարդիկ զոհվածների հիշատակին հարգանքի իրենց տուրքն են մատուցել:
Դեկտեմբերի 28-ին, սակայն, լրագրողը նույն վայրում տեսել է միայն ձյուների մեջ մնացած երկու կարմիր մեխակ: Նա փորձել է կապ հաստատել Եկատերինբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի հետ, որպեսզի պարզի հուշաքարի ապամոնտաժման պատճառը, բայց նրա հետ կապ հաստատել չի հաջողվել:
Հուշաքարի ապամոնտաժումը, որքանով հասկացվում է, ինչ-որ վանդալների ձեռքի գործը չէ: Հավանաբար նման որոշում ընդունել է Եկատերինբուրգի քաղաքային իշխանությունը, իսկ գործողությունն իրականացվել է գիշերը: Հակառակ դեպքում մարդիկ կհասցնեին տեսանկարահանել և տարածել, թե ինչպես է «քանդվում հուշաքարը»:
Երևույթը,անշուշտ, քաղաքական է և վկայում է, որ Ռուսաստանի տարածքում ադրբեջանական օդանավի կործանման հետևանքով զոհվածների հիշատակի հարգման հրապարակային միջոցառումները, մեղմ ասած, Մոսկվայի համար «ցանկալի չեն»: Այս օրերին ի՞նչ կոմունիկացիայի մեջ են Մոսկվան և Բաքուն՝ տեղեկատվություն չկա:
Բայց Ադրբեջանը դեկտեմբերի 27-ին խախտել է «լռության ուխտը»: Իշխանական մամուլն արդեն բաց տեքստով գրում է, որ Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը «խոցվել է»: Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը կատարվածը որակել է «անմարդկային քայլ» և իշխանություններից պահանջել «լինել հետևողական»: Ադրբեջանում հանրային ինչ տրամադրություններ են գերիշխում՝ կարելի է եզրակացնել սոցիալական ցանցերում գրառումներից:
Ի՞նչ որոշում կընդունի Իլհամ Ալիևը: Անցել է չորս օր, բայց նա դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել: Լռում է նաև Ռուսաստանի նախագահ Պուտինը, որ աղետից մեկ օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ, նրան ծննդյան օրվա առթիվ շնորհավորել:
Ընդ որում՝ հեռախոսազրույցը հաջորդել է ռուս-ադրբեջանական միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը, որով կարգավորվում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ռուս-ադրբեջանական հատվածում բեռնափոխադրումների սահմանային և մաքսային «պարզեցված ռեժիմը»:
Ի՞նչ եզրակացության կհանգի Ղազախստանի կառավարական հանձնաժողովը, այն ամբողջությամբ կհրապարակվի՞, թե՞ Մոսկվան, Աստանան և Բաքուն խորհրդապահական համաձայնության կգան: Բայց այդ դեպքում Ալիևը խնդիրներ կունենա ադրբեջանական հանրության հետ՝ քաղաքական հնարավոր հետևանքներով հանդերձ:
Ադրբեջանական օդանավի կործանման միջազգային արձագանքները հիմնականում Ռուսաստանի դեմ են: Մարդասիրական մղումներից զատ դրանք, կարծես, քաղաքական ուղղորդվածության են և հետապնդում են Ալիևին Պուտինից «բաժանելու» նպատակ:
Անցած չորս տարիներին, սակայն, Մոսկվան երկու անգամ Ալիևին ներել է ուղղաթիռի խոցման և Լեռնային Ղարաբաղում վեց սպաների ցուցադրական գնդակահարության համար: Պուտինը կհիշեցնի՞ դա, թե կընտրի Թուրքիայի միջոցով Ալիևին «զսպելու» կամ Ղազախստանի նախագահ Տոկաևի միջնորդության տարբերա՞կը:
Մոտակա մի քանի օրերին, գուցե, տեղեկատվական հոսքերից հնարավոր լինի որևէ կռահում անել, բայց ամեն դեպքում ռուս-ադրբեջանական հարաբերություններում ծանր նստվածք կա:
Հ.Գ. Տասնամյակներ շարունակ ադրբեջանական քարոզչությունը Սումգայիթի ջարդերը համարում է «հայերի կողմից կազմակերպված»: «Ապացույցներից» մեկն էլ այն է, որ մի քանի օր անց Ստեփանակերտում հուշաքար է տեղադրվել, որ, իբր, «պատրաստվել է նախօրոք»:
Եկատերինբուրգում օդանավի աղետից զոհվածների հիշատակի հուշաքարը նույնպես նախօրո՞ք էր պատրաստվել:
Բաց մի թողեք
Թրամփի պաշտոնամուտն էական փոփոխություններ կբերի ԱՄՆ – ԵՄ հարաբերություններում
Թրամփ – Պուտին հանդիպումը նշանակելու է քաղաքական նոր սակարկության մեկնարկ
Պատճառն ու մոտիվը Թեհրանի քաղաքական ու դիվանագիտական ջանքի առնչությամբ որևէ ակնկալիքն է