Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին Իլհամ Ալիևը մեկնել է Արաբական միացյալ էմիրություններ: Այցի պաշտոնական մակարդակն աշխատանքային է:
Նույն օրն ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բեն Զաիդ ալ-Նահաիանը նրա պատվին ճաշ է մատուցել, ապա կայացել է երկու առաջնորդների դեմ առ դեմ հանդիպում, որից հետո բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների մասնակցությամբ:
Որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին տեղեկություն չի տարածվել: Այցի ընթացքում Ալիևին ուղեկցել են արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարներ Բայրամովը, Ջաբարովը և Շահբազովը, ինչպես նաև արտաքին քաղաքական հարցերով նրա օգնական Հաջիևը:
Պաշտոնական հաղորդագրությունից դատելով՝ քննարկման հիմնական թեման վերաբերել է ԱՄԷ-ի կողմից Ադրբեջանի տնտեսության տարբեր ճյուղերում, բայց հատկապես վերականգնվող էներգիայի արտադրության ոլորտում ներդրումներին: Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև այդ շրջանակի հարցերը քննարկվում են արդեն մի քանի տարի շարունակ:
Երկու երկրների միջև հարաբերություններում բեկումնային էր 2024թվականը, երբ հունվարի 8-ին ԱՄԷ նախագահ ալ-Նահաինանը պետական այց կատարեց Բաքու: Այդ փուլում Իլհամ Ալիևը նախագահական արտահերթ ընտրություններ էր հայտարարել:
Կողմերի միջև ստորագրվեց Ապշերոնի թերակղզում արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման համաձայնագիր: Այդ կայաններից մեկն արդեն շահագործման է հանձնվել:
Մեկ տարի անց Ալիևը փոխադարձ, բայց աշխատանքային այց է կատարել Աբու Դաբի: Հունվարի 7-ին տեղական հեռուստաընկերություններին հարցազրույցի մի էական մաս Ալիևը նվիրել է Ադրբեջանի և իսլամական աշխարհի հետ հարաբերություններին: Ադրբեջանը վերջերս Թուրքիայի հովանավորությամբ ներգրավվել է իսլամական ութ պետությունների տնտեսական զարգացման ծրագրերում:
Ալիևի մանտրան, որ Ադրբեջանը Հարավային Կովկասի ամենամեծ տնտեսությունն է, ունի ամենաուժեղ բանակը և դեմոգրաֆիական ռեսուրսներ, ուստի պետք է տարածաշրջանում «կամք թելադրող» լինի, առերևույթ իրականությանը մոտ է, բայց միջին-վիճակագրական ցուցանիշներով ամենևին էլ այդպես չէ, իսկ որոշ ցուցանիշներով Վրաստանը և Հայաստանը գերազանցում են Ադրբեջանին:
Ի՞նչ ակնկալիքներ ունի Ալիևը ԱՄԷ-ից, իսլամական ութ երկրներից: Մեկ տարի առաջ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տնտեսությունը պետք է հաղթահարի նավթագազային «ասեղից» կախվածությունը:
Ինչպե՞ս: Ըստ հռչակված նպատակի՝ Ադրբեջանը կանաչ էներգիայի արտահանման աղբյուր է: Այդ նպատակին են ծառայեցվում քառասունչորսօրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքների ջրային ռեսուրսները, ինչպես նաև ԱՄԷ-ի ներդրումների հաշվին կառուցվում արևային և հողմային էլեկտրակայաններ:
Վերջերս հայտնի է դարձել, որ ռուսաստանցի միլիարդատեր Արաս Աղալարովի որդին, որ Իլհամ Ալիևի դստեր նախկին ամուսինն է, Նարդարան ավանում խաղատնային բիզնեսի կենտրոն է կառուցում:
Այդ առթիվ նա մամուլին ասել է, որ Բաքուն կարող է լինել Կովկասի Դուբայը, որտեղ հանգիստ անցկացնելու ցանկություն կունենան միջազգային հեղինակություն ունեցող մեծահարուստները: Արաբական աշխարհի մեծահարուստներն Ադրբեջանում նաև «արքայական որսի» հետաքրքրություն ունեն:
Ալիևն, իհարկե, միայն Նարդարանի խաղատան և թանկարժեք որսի հարցեր քննարկելու համար չէ, որ մեկնել է Աբու- աբի: Հրապարակված օրակարգը, ամենայն հավանականությամբ, ԱՄԷ-ի նախագահի հետ նրա առարկայական քննարկումների այն շերտն է, որ պետք է ներկայացվի: Ըստ երևույթին, Ալիևի Աբու Դաբի աշխատանքային այցի հիմնական հարցը կապված է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում էներգետիկ ծրագրերի ֆինանսավորման հետ: Ենթակառուցվածքները շահագործվում են արդեն շուրջ երեսուն տարի և հասել են բարոյական ու ֆիզիկական մաշվածության:
Ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ալիևը պատրաստվում է մասնակիորեն սեփականաշնորհել Socar-ը: Այդ ընկերությունը փաստացի իշխող ընտանիքի սեփականությունն է:
Բացառված չէ, որ Ադրբեջանի «շեյխն» Աբու Դաբիի շեյխին առաջարկել է գնորդ և ներդրող լինել: Նավթի դարաշրջանի մայրամուտի մասին բոլոր խոսակցությունները ոչ մի քննություն չեն բռնում:
Բաց մի թողեք
Ի՞նչ դեր է վերապահվում Ադրբեջանին, Էրդողանը կփորձի «խառնե՞լ» Հարավային Կովկասը
Ալիևը քաղաքական ինչ «գործարք» կարող է առաջարկել Ֆրանսիային
Ֆրանսիան ինչո՞ւ է մտադրվել Սիրիայում ռազմական ներկայություն ունենալ, եթե Թրամփը որոշի հեռացնել ամերիկյան զորախումբը