ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է Եվրամիությանը առեւտրային մաքսատուրքերով։
«Մեզ հետ շատ, չափազանց վատ են վերաբերվում։ Հետեւաբար, նրանք պետք է պատրաստ լինեն մաքսատուրքերին: Սա արդարության հասնելու միակ ճանապարհն է»,- Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը։
Հանրապետականը դժգոհություն է հայտնել առևտրի դեֆիցիտի կապակցությամբ և նշել, որ Եվրամիությունը հրաժարվում է գնել ամերիկյան մեքենաներ և գյուղմթերքներ։ Ավելի վաղ Թրամփը նաև կոչ էր արել ԵՄ երկրներին ավելացնել ԱՄՆ-ից նավթի և գազի ներկրումը։
Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ իր վարչակազմը քննարկում է փետրվարի 1-ից Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա 10 տոկոս մաքսատուրքեր սահմանելու հարցը:
Որպես պատճառ նա նշել է ֆենտանիլ սինթետիկ թմրանյութի մաքսանենգությունը Չինաստանից Մեքսիկայի և Կանադայի տարածքով Միացյալ Նահանգներ, որը տարեկան խլում է հազարավոր ամերիկացիների կյանքեր։
Նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետում Դոնալդ Թրամփը լրացուցիչ մաքսատուրքեր սահմանեց պողպատի և ալյումինի ներկրման համար, ինչը հանգեցրեց ԱՄՆ-ի և Եվրամիության միջև սուր առևտրային հակամարտության: Ի պատասխան՝ ԵՄ-ն իր հատուկ մաքսատուրքերը սահմանեց մի շարք ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ վիսկիի, Harley-Davidson մոտոցիկլետների և Levi Strauss ապրանքանիշով հագուստի վրա։

Բաց մի թողեք
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի
Հանդիպումից հետո հիասթափված՝ ֆրանսիական արհմիությունները կոչ են անում նոյեմբերի 5-ին գործողություններ սկսել