Չնայած հայտարարված համազգային սգին՝ հունվարի 22-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որ տևել է երեքուկես ժամ:
Նիստի օրակարգային հարցերի, ծավալված քննարկումների մասին որևէ տեղեկություն չի տարածվել, բայց նախագահի գրասենյակի հաղորդագրությունից, ըստ որի՝ նորացվել է Ազգային անվտանգության մասին փաստաթուղթը:
Թուրքական մի քանի լրատվամիջոցների ձևակերպմամբ՝ այդ փաստաթուղթը ոչ պաշտոնապես անվանվում է «Կարմիր գիրք» և թարմացվում, լրացվում, փոփոխությունների է ենթարկվում հինգ տարին մեկ: Ըստ այդմ՝ 2020 թվականին ընդունված փաստաթղթում փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով Թուրքիայում և տարածաշրջանում տեղի ունեցող և կանխատեսվող իրադարձությունները:
«Անադոլուն» որոշ մանրամասնություններ է փոխանցել՝ հղելով նախագահի գրասենյակի հանրային կապերի բաժնի սոցցանցային գրառմանը: Ըստ հաղորդագրության՝ Թուրքիան ազգային անվտանգության առաջնահերթություն է գնահատել երկրի ներսում և նրա սահմաններից դուրս գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը:
Հատուկ ընդգծված է, որ Թուրքիան ոչ մի գնով թույլ չի տա, որպեսզի Սիրիայում գործող քրդական կազմավորումները փորձեն հօգուտ իրենց շահերի ծառայեցնել այդ երկրում ստեղծված իրավիճակը: Սիրիայի ունիտար կառուցվածքի և տարածքային ամբողջականության պահպանումը, երկրի բոլոր էթնիկ, կրոնական, անգամ աղանդավորական խմբերի մասնակցությամբ քաղաքական համակարգի ձևավորումը Անկարան գնահատել է որպես անվտանգության խնդիր:
Փաստաթղթում, այնուհետև, անդրադարձ է կա Սիրիայում իսրայելական ներկայությանը, որ որակված է իբրեւ ագրեսիա: Թուրքիան համարում է, որ միջազգային քաղաքական օրակարգում պետք էդրվի սիրիական տարածքից իսրայելական զինված ուժերի հեռանալու հարցը, բայց որևէ խոսք չկա Գազայում հրադադարի և Պաղեստինի անկախ պետության ստեղծման մասին: Ըստ երևույթին՝ «Կարմիր գրքի» այդ մասը նույնիսկ ընդհանուր ձևակերպումներով հրապարակման ենթակա չէ:
Փոխարենը հրապարակայնացվել է այս նպատակադրվածությունը, Թուրքիան շարունակելու է աջակցել գլոբալ անվտանգության հաստատմանը՝ ակտիվացնելով աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների կարգավորման իր ջանքերը՝ ներառյալ Աֆրիկան, Մերձավոր Արևելքը և Բալկանները: Ուշագրավ է, որ աշխարհաքաղաքական այս բավական լայն լանդշաֆտից Հարավային Կովկասը դուրս է մնացել:
Թուրքիան համարում է, որ Հարավային Կովկասում կարգավորելիք խնդիրներ չկա՞ն, թե՞ դրանց առկայությունը չի գնահատում որպես իր ազգային անվտանգությանը սպառնալիք: Բացառված չէ, որ Անկարան իր ռազմաքաղաքական ձեռնարկումների կովկասյան ուղղությունը նույնպես «Կարմիր գրքի» հրապարակման ոչ ենթակա «էջ» է համարում և այդ մասին հրապարակային ոչինչ չի հնչեցնում:
Չափազանց կարևոր է, որ նույն օրը, հավանաբար՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, կայացել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ռուբիոյի առաջին հեռախոսազրույցը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ֆիդանը ողջունել է ամերիկացի պաշտոնակցին և հավաստիացրել, որ Թուրքիան, որպես Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակից, պատրստ է աջակցել հակամարտությունների կարգավորման ամերիկյան ջանքերին:
Այդ հեռախոսազրույցն առայժմ կարելի է համարել զուտ ճանաչողական, բայց փաստը, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին վիզավիների շարքում է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ամենևին էլ պատահական չէ:
Որքանո՞վ Թուրքիայի խմբագրված «Կարմիր գիրքը» Միացյալ Նահանգների նոր վարչակազմի արտաքին քաղաքական դոկտրինին կներգրվի: Ըստ երևույթին՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների գնահատման համար «լակմուսի թուղթ» կլինի Սիրիայում ԱՄՆ զինվոական ներկայության ապագայի վերաբերյալ նախագահ Թրամփի որոշումը: Իսկ դա կարող է անդրադառնալ նաև Թուրքիայի կովկասյան քաղաքականությանը:
Բաց մի թողեք
«Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի հոր «Toyota»-ն «պլաշչադկա» է տեղափոխվել խմածության համար
Ինչպես է Մինասյանը կես գնով մասնավորեցրել Նորատուսի ռադիոկայանը․ ապօրինի գույքի վերադարձի պատմությունը. Fip
Անկարայի «վրեժն» է այն վարքագիծը, որ Բաքուն է այս շրջանում ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ