13/02/2025

Ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների առնչությամբ դեսպան Մուստաֆաևը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է ԱԳՆ կանչված Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևին:

«Ռուսական կողմն ընդգծել է 2022 թվականի փետրվարի 22-ին բարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ոգով հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ ի շահ երկու պետությունների ազգային շահերի։

Այս կապակցությամբ տարակուսանք է հայտնվել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական ուղղվածության վերջին հրապարակումների շարքի, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի կապակցությամբ:

Նշվել է հնչած մեղադրանքների բացարձակ անհիմն լինելը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի վթարի թեման:

Ընդգծվել է պաշտոնական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքների հրապարակման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Կալիբեր» կայքը երկրի իշխանությունների բերանով՝ որպես ոչ պաշտոնական, բայց իրենց իսկ խոսքով՝ «հավաստի տեղեկատվություն», կիսասպառնալից հոդված էր հրապարակել՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության իշխանություններին:

Խոսքը դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանված AZAL-ին պատկանող բրազիլական արտադրության Embraer 190 ինքնաթիռի աղետալի դեպքի մասին է: Ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ էր զոհվել:

«Կալիբեր»-ը գրել է, որ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման քրեական գործով Ռուսաստանում անցկացվող հետաքննությունը հաստատել է՝ ինքնաթիռը խոցվել է Pantsir S-1 հակաօդային պաշտպանության համակարգով։ Այս համակարգը Ռուսաստան է առաքվել Սիրիայից։ Նաև, ինչպես հայտնել է լրատվամիջոցը, ռուսական հետաքննությունը հաստատել է ադրբեջանական ինքնաթիռի դեմ էլեկտրոնային պատերազմի համակարգերի կիրառումը, ինչի հետևանքով օդանավի կառավարման համակարգը խափանվել է:

Լրատվամիջոցը սպառնացել է հրապարակել մանրամասներ, ադրբեջանական ԶԼՄ-ն նաև վիրավորանքներ է հնչեցրել ՌԴ իշխանությունների հասցեին, տեղացել մեղադրանքներ, ծաղրելով նշել, թե Ռուսաստանի Դաշնության իշխանությունների վարքագիծը «անազնիվ է, մանր և ուղղակի ամոթալի»: