Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր ընդունած բանաձևում Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական պաշտոնյաներին և մյուս հայերին։
Անկասկած կարևոր կոչ է: Սակայն ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ այդօրինակ կոչերը, մեղմ ասած, բավարար չեն խնդրո առարկա հարցում էական տեղաշարժ ապահովելու համար:
ԵԽԽՎ բանաձևը ազդեցություն ունենալո՞ւ է Ադրբեջանի վրա: Հազիվ թե: Ադրբեջանի վրա անգամ Եվրոպական դատարանի և ՄԱԿ միջազգային դատարանի որոշումները չեն ունենում ազդեցություն, ինչի հարցում համոզվելու առիթ ցավոք սրտի ունեցել ենք բազմիցս:
Հետևաբար, եթե միջազգային կառույցները ունեն այդ հարցում Ադրբեջանի վրա ազդելու իրապես առարկայական ցանկություն, ապա նրանք, թերևս, պետք է դիտարկեն բանաձևերից և կոչերից բացի այլ մեխանիզմների կիրառման հնարավորությունները:
Ընդ որում՝ այստեղ նրանք պետք է թերևս ունենան նաև այլ մոտիվ, անմիջականորեն իրենց առնչվող: Վերջին հաշվով, երբ իրենց կոչերը, բանաձևերը մնում են թղթի վրա, ըստ էության՝ անհետևանք, դա անմիջականորեն հարվածում հենց այդ կառույցների հեղինակությանը:
Թեև, իհարկե, մեծ հարց է, թե արդյո՞ք այդ կառույցների անդամներին, մասնակիցներին հետաքրքրում է այդ հարցը, թե՞ նրանք իրենց համարում են այսպես, թե այնպես ժամանակավոր, հետևաբար առավել առաջնային են համարում այդ ժամանակավորությամբ հանդերձ վայելել այն հարմարավետությունը, որ հատկապես ունի եվրաբյուրոկրատիան:
Այդ պարագայում, բանաձևերն իհարկե նվազագույնն են, որ հնարավոր է ստանալ, և իհարկե պետք է առավելագույնն անել գոնե այդ մակարդակում արձանագրումների համար:
Ինչպես արտահայտվել եմ տարբեր այլ միջազգային փաստաթղթերի առիթով, դրանք, իհարկե, ներկայումս ունեն, թերևս, գրոշի արժեք, սակայն հրաժարվել դրանցից, անշուշտ, պետք չէ, որովհետև համաշխարհային զարգացումների որևէ կետում, երբ կուրվագծվի արդեն նոր աշխարհակարգի վերաբերյալ հիմնական խոշոր խաղացողների միջև պայմանավորվածությունների կամ համաձայնությունների որևէ համակարգ, միջազգային այդ թղթերը կարող են որոշակի դասավորության կամ սցենարի պարագայում արժևորվել էապես:
Հետևաբար, Հայաստանն անշուշտ պետք է ջանքերի լարումով ստանա այդ իմաստով առավելագույն թղթեր, իհարկե չապավինելով լոկ դրանց և չբավարարվելով դրանցով, սակայն կազմելով թղթապանակ, որը քաղաքական իմաստով կարող է տեսանելի ապագայում դառնալ քաղաքական արժեթուղթ:
Բաց մի թողեք
Ալիևը քաղաքական ինչ «գործարք» կարող է առաջարկել Ֆրանսիային
Ֆրանսիան ինչո՞ւ է մտադրվել Սիրիայում ռազմական ներկայություն ունենալ, եթե Թրամփը որոշի հեռացնել ամերիկյան զորախումբը
Ինչ է սպասվում Հայաստանում, որ այդքան հետաքրքիր հայտարարություններ են արվում ու հանդիպումներ տեղի ունենում