Նոյեմբերի 9-ի փաստաթղթին վերադարձի մասին պնդումները բացահայտ դավաճանություն են։ Ցանկացած մեկը, ով դա առաջ է քաշում, գործում է ի վնաս Հայաստանի ազգային շահերի և սպասարկում է այլ պետությունների օրակարգը։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն չապահովեց անվտանգություն, այլև դարձավ Հայաստանի ու Արցախի կործանման հիմքը։ Ռուսական խաղաղապահները Արցախում ոչ թե կայունություն, Հայաստանի հետ անխափան կապ ապահովելու, արցախցիների անվտանգ կյանքը երաշխավորելու համար էին, այլ արցախցիներին սովի մատնելու ադրբեջանական ծրագիրը հովանավորելու և Ադրբեջանի առջև Արցախի դարպասները բացելու համար էին:
Ռուսաստանը երբեք չի դիտարկել այդ փաստաթուղթը որպես պարտավորություն։ Երբ Ադրբեջանը սկսեց խախտել դրա կետերը, Մոսկվան դա ոչ միայն չկասեցրեց, այլև համարեց օրինաչափ։ Ռուսներն իրենց երբեք չեն փորձել ազատել այդ խայտառակությունից, չեն փորձել նույնիսկ ձևականորեն ցույց տալ, որ հետաքրքրված են դրա կատարմամբ։
Այս պայմաններում այդ փաստաթղթին վերադառնալու ցանկացած փորձ հանցագործութուն է։ Այն չի կարող լինել անվտանգության հիմք։ Այն, ինչ չաշխատեց 2020-ին, չի աշխատելու նաև այսօր։
Դավաճանական կեղծ թեզեր կրկնելու փոխարեն անհրաժեշտ է ընդունել իրականությունը. Ռուսաստանը չի եղել և երբեք չի լինի պայմանագրունակ պետություն։ Այն չի կատարել իր պարտավորությունները 2020-ին, չի կատարել դրանք 2021-ին, 2022-ին, 2023-ին, չի կատարի նաև 2025-ից հետո։ Եթե 2020-ին Հայաստանի ղեկավարությունն ու հասարակությունը դեռ հույսեր էին կապում ռուսական «երաշխիքների» հետ, ապա այսօր արդեն պետք է պարզ լինի, որ դրանք զրոյի արժեք ունեն։ Ինչպես Արցախը հանձնվեց Ադրբեջանին, այնպես էլ ցանկացած այլ տարածք, ճանապարհ, միջանցք որը կտրամադրվի ռուսական վերահսկողությանը, ի վերջո կհանձնվի Բաքվին՝ առանց դիմադրության
Հայաստանի անվտանգությունը կախված չէ որևէ փաստաթղթից, եթե այն չունի պաշտպանվելու իրական կարողություն։ Արցախը հանձնվեց, որովհետև Հայաստանը չուներ ոչ միայն բավարար ռազմական հնարավորություններ, այլև հստակ քաղաքականություն՝ ինքնիշխան անվտանգություն ապահովելու համար։ Այդ նույն տրամաբանությամբ Հայաստանի վրա ճնշումները շարունակվելու են, եթե պետությունը շարունակի հետևել զիջումների, ոչ թե տնտեսապես, տեխնոլոգիապես հզորանալու քաղաքականությանը։
Պատմությունն արդեն ցույց է տվել, թե ուր են տանում կեղծ հույսերը։ Հայաստանը կանգնած է կա՛մ դիմադրելու, կա՛մ ոչնչացման ճանապարհների ընտրության առաջ։ Իսկ նրանք, ովքեր կոչ են անում նորից տրվել նույն խաբկանքին, գիտակցաբար կամ անգիտակցաբար առաջնորդում են երկիրը դեպի կործանում։
Արման Բաբաջանյան; «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ
Բաց մի թողեք
Ինչո՞ւ են մարդիկ ձգտում դառնալ իշխանական պատգամավոր կամ կառավարության պաշտոնյա
Այ, դրանից հետո հաստատ չի մնա ո՛չ հայրենիք, ո՛չ էլ պետություն
Փաշինյանի բանակցային «մոտեցումը» բնորոշվում է ճակատագրական անկարողությամբ. Օսկանյան