24/02/2025

Երկիրը, նրա գլխին կախված վտանգը, որ առաջնային պիտի լինի, անորոշության ծիրում է

Ամեն օր կորցնում ենք, երբ առանց այն էլ շատ բան ենք կորցրել, այնքա՜ն շատ, որ այս երկնքի տակ մի կտոր սեփական ոտնահետք էլ չունենք։

Ֆեյսբուքյանս հարթակում ընտանեկան կյանք լուսաբանող անիմաստ հրապարակումներ ավելին ենք տեսնում, քան կարող էր լինել այն լուրջ սպառնալիքների մասին, որ առնչվում են երկրին ու ժողովրդին։

Լրագրողը նա չէ, ով քիթը խոթում է ուրիշների ընտանիքների մեջ, թե ինչու բաժանվեցին կամ ում հետ սիրային կապեր ունեցան… Նման հրապարակումները խոսում են գլխավորը երկրորդականից չտարբերող այն հետնահանջի մասին, որ առկա է մեր շուրջը իր «պրիմիտիվությամբ»։

Երբեմն նախընտրելի է դառնում անարդար աշխարհի ճղճիմությունից հեռանալը, բայց դեպի ո՞ւր, երբ անգամ այս անծայրածիր երկնքի տակ խաղաղ անկյուն ենք փնտրում, որ մերը լինի, բայց չենք գտնում։

Այս հարթակում հաճախ վիրավորանքների տարափ է, հայհոյախառն, միմյանց հանդեպ հոշոտող սպառնալիքներով, անգամ` նախկին թե ներկա պաշտոնավորների խոսվածքում, որ հպարտորեն տեսանելի են դարձնում հանրությանը։ Եվ թվում է՝ կեղտոտ բառապաշարի գործածության մրցավազք է, ու հաղթողը նա է, ով ավելի է տիրապետում անբարո վարքի կանոններին։

Նախանձը, ծաղրուծանակը, վրեժխնդրությունը, օդ բարձրացած բռունցքները չեն ճանաչում անգամ յուրայիններին, գոնե այն օգտագործվեր ներքին թե արտաքին թշնամիների դեմ։

Ո՞ւմ են զարմացնում կամ ո՞ւմ են վարկաբեկում իրենց չկամությամբ, սեփական «ես»-ի բարձրագոչ աղաղակով, երբ չարի դեմ պայքարելու տեղ ունենք բոլորս էլ, բայց ինքնագովազդ է մեր շուրջը։

Երկիրը, նրա գլխին կախված վտանգը, որ առաջնային պիտի լինի, անորոշության ծիրում է հայտնվել, մի՞թե ուզում ենք նորից հայրենիք կորցնել, երբ դրան տենչացողները, առանց այն էլ՝ ներսից թե դրսից, չափազանց շատ են։

Դե, ի՞նչ ասել արցախատյացության մասին, որ հնչեցնում են ամենուր, այն կաթ-կաթ չէ, այլ հեղեղով, որ մեկընդմեջ թափում են գլխներիս Արցախ հանձնողներն ու նրանց սատարող անհայրենիք զանգվածները։

Նատաշա Պողոսյան; Հայացք Երևանից