Այն ժամանակ մեծ երկրի կինո էր, կարգին ֆինանսավորվում էր, և ապշելու ֆիլմեր էին տալիս Սովետ Միության պետությունները, առանձնացնեմ հատկապես ռուսական կինոն, դա ուրիշ, հզոր կինո էր, մերն էլ պակաս հզոր չէր: Եթե հիշենք մեր կինոյի պատմությունը, Բեկ-Նազարովից հետո եկան Ֆրունզիկ Դովլաթյանը, Հենրիկ Մալյանը, Յուրի Երզնկյանը, Գրիշա Մելիք-Ավագովը և շատերը, ու նրանցից հետո եկավ արդեն մեր սերունդը:
Իսկ ահա մեզնից հետո ապշելու երիտասարդություն է ծնվել` շնորհալի տղերք ու աղջիկներ, և դա ինձ հույս է տալիս, որ վաղը, մյուս օրը մեր կինոն ավելի կհզորանա: Հայկական կինոն միշտ էլ վերելքի մեջ է եղել, միշտ աճ է ապրել: Ցավոք, այժմ կինոթատրոն չունենք, ընդամենը` երեք կինոթատրոն, որոնցից մեկը Գյումրիի կինոթատրոնն է: Պատկերացրեք` շատ երկար ժամանակ Գյումրիում երեխաները չեն տեսել երկու բան` գնացք և կինո: Պատկերացնո՞ւմ եք` ինչ ողբերգություն է կինոյի համար: Իսկ այն, ինչ հիմա է կատարվում հեռուստաալիքներում, կապ չունի իսկական կինոյի հետ: Բայց այսօր ժողովուրդը սովորել է այդպիսի ՙկինոյին՚: Մարդիկ կինո գնալու տեղ չունեն և չեն էլ ուզում կինո գնալ: Սովորել են նստել տանը, մեկ գավաթ սուրճ ըմպել ու նայել այդ սերիալները: Ես հազարավոր մարդիկ գիտեմ, որոնք երեկոները տնից դուրս չեն գալիս, գերադասում են մնալ տանը և սերիալ նայել: Իսկ այն ժամանակներում մարդիկ ընտանիքներով կինոթատրոն էին գնում: Դա միջավայր էր ստեղծում, կուլտուրա էր ստեղծում:
Այդ սերիալները վնաս են հասցնում հենց այդ նույն ընտանիքներին և’ ճաշակի իմաստով, և’ սերունդ դաստիարակելու առումով: Այդ ամենը կործանում է նաև թատրոնը: Մենք հիմա, փառք Աստծո, ունենք լավ թատրոններ, բայց եթե այսպես շարունակվի, կկործանվի թատրոնը:
Ֆինանսավորման խնդիր: Մեր կինոյին պետականորեն շատ փոքր գումար է հատկացվում: Կան պրոդյուսերներ, որոնք գումարներ են ներդնում, բայց չէ՞ որ նրանք էլ են սնվում պետությունից: Մեզ մոտ պրոդյուսեր ասվածը նման չէ արտասահմանի այդ նույն հասկացողությանը:
Այսօր կինոստեղծողին կռիվն է պակասում
Խոսքս քաղաքական կռվի մասին չէ, այլ` ստեղծագործական կռվի: Բացի այդ, ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ջրից, մեր լեզվով: Այն, ինչ ներկայացնում ես, մեր խնդիրը պիտի լինի, մեր ցավը, մեր ուրախությունը: Այդ դեպքում բոլորն էլ կուզեն տեսնել այդ գործը, բայց եթե անգամ օտարները չուզենան, միևնույն է, դու դա տալիս ես քո հայրենիքին, հայ ժողովրդին:
Շատ դրական նախաձեռնություն է այս “Հայակ՚”մրցանակաբաշխությունը: Լավ սկիզբ է, որի ընթացքը պիտի ապահովվի: Մրցանակաբաշխությունը մի երևույթ է, որը շատերին կշահագրգռի, որ ավելի շատ զբաղվեն կինոյով: Համոզված եմ, որ դեռ լավ, շատ լավ կինո ենք ունենալու…
Բայց կինո ստեղծողի համար ամենամեծ մրցանակն իր հանդիսատեսի շնորհակալությունն է իր կատարած գործի համար: Ինձ համար ո’չ «Օսկարն» է կարևոր, ո’չ որևէ այլ մրցանակ, ամենամեծ մրցանակն իմ ժողովրդի գնահատականն է: Անկեղծ ուրախանում եմ, երբ փողոցում անծանոթ մարդիկ ճանաչում են, լավ խոսքեր ասում: Չէ՞ որ ամբողջ կյանքում հենց այն եմ արել, որ նրանք էլ իմանան իմ տեսածի ու ապրածի մասին:
Ինքս ինձնից հեռու չեմ գնացել
Չեմ կարող որևէ գործ առանձնացնել, բոլոր 11 ֆիլմերս էլ իմ «երեխաներն» են: Շատ անգամ եմ ասել, որ իմ նկարահանած բոլոր ֆիլմերն ավելի ինքնակենսագրական են, ընտանեկան: Այ, օրինակ, «Մեր մանկության տանգոն». ուղղակի չէի կարող չնկարահանել այդ ֆիլմը, ես տեսել եմ այդ ամենը:
Այդ է պատճառը, որ շատ ֆիլմերիս սցենարներ ինքս եմ գրել, ոչ մի ֆիլմի սցենար հնարած չէ: «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը» իմ մանկությունն են, Ֆրունզիկի մանկությունն են:
Հիշում եմ` փոստատարը «սև թուղթ՚» էր բերում, մենք դեռ երեխա էինք, չգիտեինք, թե դա ինչ է նշանակում, մեզ համար կարևոր էր մի բան, որ ռազմաճակատից նամակ է եկել: Եվ «ուռա» գոռալով տանում տալիս էինք այն կնոջը, ում հասցեագրված էր նամակը, իսկ կինը շոյում էր մեր գլուխը ու ներս անցնում: Չէինք հասկանում, թե ինչ է կատարվում: Բայց հետո տեսանք, որ մեր բակի լավ, բարի մարդիկ վերանում են մեր բակից: Հետո, երբ արդեն հասկացա, թե ինչ է իրականում կատարվում, ողբերգություն ապրեցի: Մի բան, որ ազդում է ինձ վրա, անպայման իր հետևանքն է ունենում, հետո կինոյի է վերածվում: «ՙՀին օրերի երգը», մյուս ֆիլմերը մենք իրականում ենք տեսել, ինքներս ենք անցել այդ ամենի միջով: Իմ մեջ պահանջ կար այդ ամենը ներկայացնելու: Հիշում եմ` ինչքան դժվար եմ համոզել Ֆրունզիկին, որ ուտի այդ «սև թուղթը»: Այդ ամենը արյունից է ծնվում, էությունից է ծնվում:
Եվ դա է, որ ոչ միայն մեր սրտին է դիպչում, այլև` օտարների: «Մեր մանկության տանգոն» մեծ հաջողություն ունեցավ Վենետիկի կինոփառատոնում, մեծ ոգևորությամբ ընդունվեց: Ֆիլմից հետո ես հարցազրույց տվեցի, որի ժամանակ մեկն ակնարկեց, թե իմ ֆիլմում մի սուտ բան կա` հայերը որտեղի՞ց գիտեն Ջորդանո Բրունոյին: Իհարկե ծիծաղեցի և սկսեցի Ջորդանո Բրունոյից ու վերջացրի իտալական Վերածնունդով: Իմիջիայլոց, մեկն էլ ասաց, որ իմ ֆիլմում կոմոդը շնչավոր է և ամենակարևոր դերերից մեկն է:
Մի խոսքով, ինքս ինձնից հեռու չեմ գնացել, որևէ գրականությունից չեմ օգտվել, պատահական չէ, որ ինքս սկսեցի սցենար գրել: Բայց արդեն հինգերորդ տարին է, ինչ չեմ նկարում: Վերջին ֆիլմս եղել է «Տխուր փողոցի լուսաբացը»: Չեմ կարող ֆիլմ նկարահանել, եթե հիմք չունեմ: Իմ մտքում ինչ եղել է, նկարել եմ: Իմ մեջ հիմա մի քիչ այլ պրոցես է. ես կռվում եմ ժամանակի հետ:
Ալբերտ Մկրտչյան
Բաց մի թողեք
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Արա Դեղտրիկյանի հրաժեշտի արարողությունները
Կյանքից հեռացել է դերասան Արա Դեղտրիկյանը. Լուսանկար
Մանուշյանական շաբաթը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում. Լուսանկարներ