20/03/2025

Որքան սխալված կլինի Ալիևը, եթե հայ ժողովրդի մասին կարծիք կազմի Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ունեցած պատկերացումներով․ Վարդանյան

Ռուբեն Վարդանյանի ձայնային ուղերձը Բաքվի բանտից, ինչ խոսք, առանց էմոցիաների հնարավոր չէր լսել, ինչը շատ բնական է։ Անշուշտ, որոշակի ժամանակ է պետք, որպեսզի հնարավոր լինի առանց հուզմունքի սթափ վերլուծել ու կենտրոնանալ այն կարևոր շեշտադրումների վրա, որոնք առկա են ուղերձում։

Միաժամանակ մի անդրադարձով նույնպես դժվար կլինի ուշադրություն հրավիրել կարևորագույն կետերի վրա, որոնք բազմաթիվ են։

Այս պահին ցանկացած մոտեցում ու գնահատական համեմված է որոշակի զգացմունքայնությամբ, որոնք կարող են և իրարամերժ լինել։

Օրինակ, շատերի ընկալմամբ, Ռուբեն Վարդանյանի այսօրվա ուղերձը հրաժեշտի խոսք էր՝ ուղղված իր ընտանիքին, ընկերներին, հայրենակիցներին ու հայրենիքին։ Իհարկե, նման տագնապն ու անհանգստությունն ամենևին էլ անհիմն չեն, հատկապես, որ անհանգստացնող են Ռուբենի հետևյալ տողերը. «Չգիտեմ՝ ես կունենամ արդյոք հնարավորություն ձեզ հետ շփվելու, թե ոչ, ուստի ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևէ նեղացրել եմ խոսքով, գործով կամ անուշադրությամբ»։

Սակայն Ռուբենի խոսքում ավելի շատ առկա էին քաղաքական ուղերձներ, պայքարելու կամք, վճռականություն ու հաստատակամություն։ Վաղն անպայման առավել մանրամասն կանդրադառնամ այդ ուղերձների վերլուծությանը, սակայն այսօր կցանկանայի առանձնացնել մի դրույթ, որի վրա, կարծես, առավել քիչ ուշադրություն դարձվեց։

Ռուբեն Վարդանյանի ուղերձը բազմաշերտ էր ու հասցեագրված տարբեր լսարանների, այդ թվում ադրբեջանական։ Մեզ բոլորիս կոչ անելով մարտահրավերները հաղթահարելու կամքի, Ռուբեն Վարդանյանը տողատակով Ադրբեջանի իշխանությունների առաջ հստակ տարանջատում է հայաստանյան հասարակությանը Հայաստանի իշխանություններից։

Իհարկե, Ռուբեն Վարդանյանը նույնպես երազում է խաղաղության մասին, ինչպես երկրագնդի վրա ցանկացած ողջամիտ մարդ, սակայն Ռուբենի պատկերացրած խաղաղությունը հիմնվում է հստակ գաղափարախոսության վրա՝ ի տարբերություն Հայաստանի իշխանությունների ինքնանպատակ ու կամազուրկ խաղաղության ձգտմանը։

«Ես պատրաստ եմ կրել ամենածանր պատիժը դրա համար, միայն թե դա օգներ խաղաղության ու հանգստության հաստատմանը: Բայց պատրանք է, թե ձեզ հետո բոլորը հանգիստ են թողնելու, և դուք հանգիստ կարող եք անել ձեր գործն ու վայելել կյանքը՝ չմտածելով այս խնդիրների մասին, որոնք առջևում են»:

Ահա այն բաժանարար գիծը, որը նա քաշում է իր ու Հայաստանի իշխանությունների պատկերացրած խաղաղության մեջ։ Բացի անձնազոհության պատրաստակամությունից, Ռուբեն Վարդանյանի ուղերձում հստակ նշմարվում է, որ խաղաղությունը չի կարող ինքնանպատակ լինել, որը հենված չէ համամարդկային արժեքների վրա, այլ ընդամենը պարտադրված է ուժի դիրքերից։ Սա հերթական հստակ մատնանշումն է, որ նման խաղաղությունը ոչ միայն հիմքն է հաջորդ պատերազմի, այլ նաև հաջորդ կորուստների։

Ալիևին ուղղված մեսիջում Ռուբեն Վարդանյանն այն մոտեցումն է առաջ մղում, որ հայն ու Հայաստանի ներկայիս իշխանությունները ոչ միայն տարբեր արժեհամակարգերի կրող են, այլև ունեն տարբեր պատկերացումներ խաղաղության մասին։

Ռուբեն Վարդանյանը հստակ փաստում է, որ Հայաստանի հասարակությունը, ի տարբերություն իր իշխանության, չի ձգտում անարժանապատիվ խաղաղության, չի հրաժարվում հայրենիքից ու իր ազգային արժեքներից, չի հրաժարվում պայքարի կամքից ու վճռականությունից։ Այո’, ձգտում է խաղաղության, բայց էլի եմ շեշտում՝ հիմնված բացառապես համամարդկային արժեքների ու արժանապատվության վրա։

Ռուբեն Վարդանյանը շեշտում է, թե որքան սխալված կլինի Ալիևը, եթե հայ ժողովրդի մասին կարծիք կազմի Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ունեցած պատկերացումներով, ըստ այդմ` Վարդանյանի ուղերձն իրոք որոշ չափով կարելի է համարել քաղաքական ամբողջական գաղափարախոսություն, որում հաշվի են առնված իրական խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ բոլոր ասպեկտները։