22/04/2025

Ոչ թե «քառասուն քանի», այլ՝ 209. ՀՅԴ-ական պատգամավորը ԵՄ դիտորդների կեղծ թիվ է նշել և «սիգնալ» ուղարկել Ալիևին

Խաղաղության պայմանագրի ստորագրումը, թերևս դժվար է առարկելը, չի բխում ընդդիմության շահերից մի շարք՝ քաղաքական, բարոյահոգեբանական և այլ պատճառներից ելնելով։ Որքան էլ ընդդիմությունը նաիվ ձևանալով հայտարարի՝ էնպես չէ, որ մենք խաղաղություն չենք ուզում, ուզում ենք, բայց…

Նկատենք, որ խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում այն քաղաքական ուժերն են, որոնց ղեկավարների օրոք ընթացել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացն ու 2018 թվականին գործող իշխանությանը փոխանցվել բանակցային փակուղու կարգավիճակում, վկան է՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը ԱԺ-ում։

Այնպես որ, խաղաղության գործընթացը քննադատող հիմնական քաղաքական ուժերը նրանք են, որոնք իրենց կառավարման օրոք, եթե գնահատելու լինենք իրենց իսկ պրիզմայով, ձախողել են խաղաղ կարգավորումը, քանի որ դիվանագիտական գործիքակազմով այդպես էլ չեն կարողացել Ադրբեջանին հակել խնդրի ոչ թե ռազմական, այլ խաղաղ կարգավորման միակ ընտրությանը։

Մենք հեռու ենք այն մտքից, որ ՀՀ-ն է եղել խաղաղ կարգավորումը տորպեդահարողը և կամ վիժեցնողը, ընդհակառակը, հայկական կողմը հանդես է եկել կարգավորման բոլոր տարբերակներին «հա» ասողի դիրքերից, իսկ բուն բանակցային գործընթացն ապակառուցողական հունով տարած ու հարցը ի սկզբանե իր նախանշած ճանապարհով՝ պատերազմով լուծմանը գնացած սուբյեկտը Ադրբեջանն է։ Թեման ընդգրկուն է, դրան կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։

Այժմ դառնանք այսօրվա իրողությանն ու խաղաղության շուրջ նախկին բանակցողների՝ այսօր արդեն ընդդիմության կարգավիճակում հանդես եկող սուբյեկտների վարքին։

Անհնար է չարձանագրել նախկին նախագահների շուրջ համախմբված քաղաքական խմբակների ներկայացուցիչների հրճվանքը ալիևյան ռեժիմի՝ իրենց այդքան ծանոթ վարքագծի հանդեպ։ Բանը հասել է նրան, որ Ալիևից ժամանակին «քաշվածներն» այսօր «ռևանշիստական» բերկրանք են ապրում նաև Ադրբեջանի ՊՆ-ի տարածած կեղծ հաղորդագրություններից՝ ՀՀ ԶՈՒ-ի կողմից իբրև թե հրադադարը խախտելու վերաբերյալ, քանի որ հատկապես նման հաղորդագրությունները հույս են ներշնչում հայրենի ընդդիմությանը, որ հարևան երկիրն իր գործողություններով կհաստատի իրենց կանխատեսումները՝ հավատարիմ կմնա իր վարքագծին և չի ստորագրի համաձայնեցված փաստաթուղթն ու վերջապես խոսքից՝ կեղծ հաղորդագրություններից գործի կանցնի՝ դիմելով էսկալացիայի։

Պատերազմը, ռազմական գործողությունները, անխոս, կամրապնդեն ընդդիմության քաղաքական դիրքերը, ու գործող իշխանության հրաժարականի օրակարգին, ըստ ընդդիմության հաշվարկի, գոնե այս անգամ հնարավոր կլինի միս ու արյուն տալ։ Դաժան է հնչում, բայց, այո, նոր պատերազմը Նիկոլ Փաշինյանի գահընկեցությանը հասնելու միակ «ռեալ վարիանտն» է։

Հայտնի ընդդիմադիր գործիչն իզուր չէ, որ ժամանակ առաջ բարձրաձայն երազում էր նոր պատերազմի մասին, որի դեպքում հնարավոր կլինի «վերականգնել» 44-օրյա պատերազմի ավարտից հետո առկա մթնոլորտն ու «ներքաղաքական կապիտուլյացիա» պարտադրել գործող իշխանությանը։ Խաղաղության օրակարգի ձախողումը փափագող և ալիևյան հոխորտանքներից, թույլ տվեք ասել, «լկստվող» ընդդիմության ներկայացուցիչներից մեկը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը (https://civic.am/news/8900), այս համատեքստում մանիպուլյատիվ հայտարարություն է արել:

Նա նախ խոժոռ հայացք ընդունած ազդարարել է՝ ադրբեջանական կողմը քարոզչական ֆոն է ստեղծում, «նույնը եղավ թե 2016 թվականի ապրիլին, թե նույնը եղավ 2020 թվականի սեպտեմբերին, նույնը եղավ 2023 թվականի սեպտեմբերին, թե իբր հայկական կողմն է կրակել, և՞…»։ Ապա, ի պատասխան լրագրողի հարցի՝ ԱՄՆ-ն եթե ցանկանա, չունի՞ գործիքակազմ Ադրբեջանին զսպելու, ՀՅԴ-ական պատգամավորը, «Չեշիրյան կատվի» ժպիտը դեմքին, պատասխանել է. «Ադրբեջանը հայտարարել է՝ հայերը կրակել են, մենք էլ չենք պատասխանել, բայց եթե շարունակեն կրակել, կլինի պատասխան…»։

Դիտարկմանը՝ ԵՄ դիտորդները չե՞ն կարողանում (իրողությունը զեկուցել)՝ Խաչատրյանը, ստանձնելով Ադրբեջանի հուշարարի դերը, ավելին՝ կռահելով, թե ինչ հակափաստարկ կարող են բերել ադրբեջանցիները, վրա է բերել. «Դե դիտորդները հո… քառասուն քանի հոգի են ընդամենը, հո էն պահին ըտեղ չե՞ն եղել։ Դիտորդները գնացել են, Հայաստանը էլ չի կրակել։ Ով ա ասում՝ դիտորդները հո սահմանապահ չե՞ն…»։

Ասվում է, որ իրենք անվտանգության երաշխավոր են՝ դիտարկմանն էլ Արթուր Խաչատրյանը հեգնանքով է պատասխանել՝ «բա որ անվտանգության երաշխավոր են, ինչի՞ են հետ քաշում»։ «Աշխարհում ոչ մի խաղաղության ոչ մի պայմանագիր չի կանխել հաջորդ պատերազմը, չի կանխել։ Յուրաքանչյուր պատերազմի նախորդել է մի խաղաղության պայմանագիր, որն ավետել է խաղաղության դարաշրջանի մեկնարկը։ Խաղաղություն կարող է երաշխավորել ուժեղ բանակը, ճկուն դիվանագիտությունը և կայուն տնտեսությունը։ Ցավոք սրտի, Հայաստանը ոչ ուժեղ բանակ ունի, ոչ ճկուն դիվանագիտություն, ոչ էլ կայուն տնտեսություն»,- ազդարարել է Խաչատրյանը՝ Ալիևին, փաստորեն, հղելով «մի՛ ստորագրիր պայմանագիրը, «արխային, անվարան հարձակվիր բանակ ու տնտեսություն չունեցող Հայաստանի վրա» ուղերձը։

Նշենք, որ ՀՅԴ-ական պատգամավորը կեղծ թիվ է նշում դիտորդների հետ կապված, նրա ինֆորմացիան հիշյալ թվի վերաբերյալ հին է, կամ էլ Խաչատրյանը միտումնավոր է նման կեղծ թիվ վկայակոչում։ Առաքելությունը, որի մանդատը այս տարվա հունվարին կրկին երկարաձգվեց, ունի երկամյա մանդատ, որում ներգրավված են անձնակազմի մինչև 209 անդամ, ներառյալ 165 միջազգային և 44 տեղական աշխատակիցներ:

Առաքելության դիտորդները և քաղաքացիական փորձագետները ԵՄ անդամ 23 երկրներից են և երրորդ կողմ հանդիսացող մասնակից պետությունից՝ Կանադայից: Առաքելության գլխամասային գրասենյակը գտնվում է Եղեգնաձորում, վեց օպերատիվ գրասենյակները՝ Եղեգնաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Կապանում, Գորիսում և Իջևանում: Խաչատրյանի նշած 40 թիվը վերաբերում էր դիտորդական առաքելության առաջին՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում տեղակայված խմբին։ Այդ ժամանակ, այո, խումբը կազմված էր առավելագույնը 40 դիտորդ-փորձագետից, որոնց տեղակայման սկզբնական ժամկետը երկու ամիս էր՝ մինչև դեկտեմբերի 19-ը։

Հետագայում առաքելությունը երկարաձգեց իր մանդատը, ընդլայնվեց նաև դիտորդների կազմը։ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն որոշել է ավելացնել ՀՀ-ում դիտորդական առաքելության դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի։ «Սա առաքելության ծավալի կարևոր աճ է և միջոց է բարձրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը»,- ասել էր Բորելը։

Այնպես որ, եթե Արթուր Խաչատրյանը, հանդես գալով իրողության գնահատման ադրբեջանական դիտանկյունից, ակնարկում է, թե դիտորդները «քչության» պատճառով չեն հասցրել լինել «դեպքի վայրում» և ֆիքսել հրադադարի «խախտումը», ապա, մեղմ ասած, թյուրիմացության մեջ է։ Սա է հաստատում նաև առաքելության հաղորդագրությունը, որում հերքվել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը։ Ըստ այդմ՝ «մարտի 16-ին և 17-ին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում պարեկություն իրականացրած դիտորդները սահմանին որևէ անսովոր ակտիվություն չեն նկատել»։

Սրանից հետևում է, որ միջազգային հանրությանը մոլորեցնելու, ՀՀ-ի վրա «շառ անելու» Ադրբեջանի բանեցրած մարտավարությունը, որի նպատակը ՀՀ-ին որպես խաղաղությունը տորպեդահարող կողմ ներկայացնելու քարոզչական ֆոն ապահովելն է, ձախողված է։ Ինչն իր հերթին վկայում է, որ ընդդիմության հույսերը՝ էսկալացիայի միջոցով ներքաղաքական պրոցեսներ գեներացնել, անորոշ ժամանակով հետաձգված են։

Վերադառնալով ՀՅԴ-ական պատգամավորի չարախինդ նկատառմանը, թե՝ «եթե դիտորդները ՀՀ անվտանգության երաշխավորն են, ապա ինչու են հանում», նկատենք՝ խորհրդարանական ընդդիմությունն ու իր սատելիտները, մեղմ ասած, ամեն ինչ արել են այս ընթացքում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը արժեզրկելու, ծաղրելու, այդ առաքելության իրական նպատակների մասին շահագրգիռ կենտրոններին «ֆալշ սիգնալներ» հղելու համար։ Հիշյալ խմբակցության՝ այսօր արդեն նախկին անդամ Անդրանիկ Թևանյանն, օրինակ, կատարելով իր դրսի խաղավարների՝ ՌԴ-ի հրահանգները, խառնակչական, սադրիչ հայտարարություններ էր անում ի լուր տարածաշրջանի երկրների, մասնավորապես Իրանի՝ հայտարարելով, թե ՀՀ-ն, ԵՄ դիտորդներ հրավիրելով, զբաղված է «աշխարհաքաղաքական շահերի բախում հրահրելով»։

Մեկ տարի առաջ այս օրերին էլ, երբ ԱԺ վավերացմանն էր ներկայացվել Եվրոպական միության առաքելության համաձայնագիրը վավերացնելու հարցը, «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց։ Հայաստանականներին, վերհիշենք, հարցի վերաբերյալ քննարկումների ժամանակ հուզում էին տեխնիկական մի քանի նյուանսներ և հատկապես դիտորդների կազմի, ժամկետի վերաբերյալ կոնսպիրոլոգիական ոճի մտահոգությունները։

«Եվրամիությունն իրավունք ունի Եվրամիության ոչ անդամ երկրներին մասնակից դարձնելու այս առաքելությանը, չկա որևէ սահմանափակում, որ այս առաքելությանը մաս կարող է կազմել, օրինակ, Թուրքիան, այն Թուրքիան, որի կարգավիճակի բարձրացման մասին օրերս խոսեց Եվրամիության ներկայացուցիչը Հարավային Կովկասում»,- մասնավորապես նշել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ընդդիմադիրների բարձրացրած հարցերին հակիրճ էր արձագանքել։ «Հարցը՝ կարո՞ղ է ԵՄ առաքելությունը առանց Հայաստանի ցանկության ու թույլտվության գալ ու մնալ Հայաստանում, պատասխանն է՝ ոչ: Արդյոք կարո՞ղ է Եվրամիության առաքելությունը 3-րդ երկրի դիտորդներին ներգրավել առանց Հայաստանի համաձայնության, պատասխանն է՝ ոչ»։

Այսօր արդեն ԵՄ դիտորդների տեղակայման փաստը ժամանակին սվիններով ընդունած ընդդիմությունը «դարդ է անում» դիտորդների՝ ՀՀ-Ադրբեջան սահմանից ենթադրյալ դուրսբերման համար։ Նրանց տանջող ցավը, մինչդեռ, ոչ այնքան դիտորդներն են, այլ նրանց դուրսբերման հանգամանքը հանրությանը որպես Ալիևի կողմից պարտադրված «հերթական զիջում» մատուցելը։

Համոզված ենք, որ հայտնի ուժային կենտրոնի ազդեցությամբ գործող ընդդիմությունն իրականում դիտորդների դուրս բերվելու հանգամանքից էլ է ներքին հրճվանք ապրում, քանի որ այսպիսով վերջապես կկատարվի հատկապես Մարիա Զախարովայի և նրա երկրի այլ պաշտոնյաների երազանքը, որոնք մեկ անգամ չէ, որ աղաղակել են դիտորդների, ի դեմս ԵՄ-ի, տարածաշրջանում ապակառուցողական վարքագծի մասին։

Հ. Մանուկյան

Translate »