Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և ազգային ընտրանու կիսապաշտպան Արթուր Սերոբյանը Վրաստանի դեմ խաղից առաջ պատասխանեցին լրագրողների հարցերին:
«Մենք նախապատրաստվել ենք այնպես, ինչպես Երևանում կայացած խաղին էինք պատրաստվել: Մեր երեք մեծագույն սխալները մեզ համար արժեցան այն երեք գոլերը, որոնք Վրաստանը խփեց այնտեղ: Մենք պատրաստ ենք պայքար մղել և պատրաստ ենք ռևանշի հասնել»,- լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Ջոն վան’տ Սխիպը:
Վերջինիս խոսքով` հավաքականները հաջողությունների են հասնում ոչ միայն խաղային սխեմաների շնորհիվ, այլև այն ֆուտբոլիստների, որոնք խաղում են ընտրանիների կազմերում:
«Մենք պետք է գտնենք թիմային բալանսը: Առաջիկա երեք խաղերի ընթացքում, որոնք ունենք մինչև սեպտեմբեր ամիսը, փորձելու ենք դիտարկել մի շարք ֆուտբոլիստների, ինչպես դարպասապահի դիրքում, այնպես էլ այլ դիրքերում»,-ասաց նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը հույս հայտնեց, որ հայ երկրպագուները ներկա կլինեն Թբիլիսիում կայանալիք խաղին` հատկապես, որ ընտրանու ֆուտբոլիստները ձգտելու են ուրախացնել նրանց:
«Առաջին խաղում, որը կայացավ Երևանում, ինչ-որ բաներ չստացվեց: Այստեղ ենք եկել մեր սխալներն ուղղելու համար: Մեզ համար առաջիկա հանդիպումը շատ կարևոր է: Բոլորս կենտրոնացած ենք Վրաստանի դեմ խաղի վրա: Ուզում ենք դուրս գալ դաշտ ու ցույց տալ մեր առավելությունը»,-ասաց Սերոբյանը:
Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստանի հանդիպումը կկայանա մարտի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:






Բաց մի թողեք
Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի հարազատ եղբայրը Կաթողիկոսի հետ է․ Լուսանկար
Ազգային եկեղեցու դեմ այս սրբապիղծ գրոհը տոնում են Թուրքիայում ու Ադրբեջանում
Հայտնի է, ով էր այն ՀՀ քաղաքացին, ում Հովհաննավանքից բերանը փակելով բերման ենթարկեցին․ Լուսանկար