29/04/2025

Վաշինգտոնն ու Մոսկվան ունե՞ն Կովկասում նոր գծագրումների պատկերացում

Էր Ռիյադում 12 ժամ է տևել ռուս-ամերիկյան աշխատանքային խմբերի բանակցությունները, որ կազմվել են Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո և որոնք պետք է բանակցեին այդ հեռախոսազրույցի ընթացքում շոշափված թեմաների շուրջ:

Ինչ արդյունք է ունեցել բանակցությունը, այս պահին դեռևս պաշտոնապես ազդարարված չէ, թեև, իհարկե, դժվար է միարժեք ասել, որ պաշտոնական հաղորդագրություններն այդպիսի պարագաներում ամբողջությամբ արտահայտում են բանակցային բովանդակությունն ու համաձայնությունների ամբողջությունը:

ԱՄՆ ու ՌԴ նախագահների հեռախոսազրույցի առանցքային թեմաներից մեկն էլ եղել էր Իրանի հարցը, և այդ իմաստով Էր Ռիյադում մարտի 24-ին կայացած 12-ժամյա բանակցության հանգամանքը ուշադրության է արժանի այն համատեքստում, որ նույն օրը երեկոյան Երևան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որն առաջին այցն է կատարում Հայաստան 2024 թվականին ԱԳ նախարար նշանակվելուց ի վեր: Ընդ որում՝ Արաղչիի այցից առաջ հայտարարվել է Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարների հեռախոսազրույցի մասին:

Էր Ռիյադում եղե՞լ է Իրանի թեմային դետալային անդրադարձ: Սա էական հարցերից մեկն է, որն ուղղակիորեն կարող է առնչվել Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրին, Կովկասում ռեգիոնալ մթնոլորտին: Կովկասի հարցն ամերիկա-ռուսական բանակցային «տրեկում» թերևս կարող է արտահայտվել մեկ էլ Թուրքիայի հնարավոր դերակատարման համատեքստում: Այդ իմաստով էլ ուշադրության է արժանի, որ մարտի 25-ին էլ մեկնարկում է Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի այցն ԱՄՆ, որն առաջինն է նոր վարչակազմի պաշտոնամուտից ի վեր:

Եվ դա էլ տեղի է ունենում Թուրքիայում ներքաղաքական բարդ իրադրության պայմաններում: Ակնառու է, որ այս օրերին ծավալվում են իրադարձություններ, որոնք թե՛ մերձռեգիոնալ, թե՛ ներռեգիոնալ իմաստով վերաբերում են Կովկասին:

Էր Ռիյադում ռուս-ամերիկյան շեշտադրումները, հավանաբար, իրենց արտացոլումը կունենան Թուրքիայի ԱԳ նախարարի Վաշինգտոն այցի և Իրանի արտգործնախարարի՝ Հայաստան այցի շրջանակում: Հայաստանի ու ՌԴ արտգործնախարարների նախորդող հեռախոսազրույցը դրա վկայությունն է:

Վաշինգտոնն ու Մոսկվան ունե՞ն Կովկասում նոր գծագրումների պատկերացում, որը կփորձեն արդեն մշակել անմիջապես ռեգիոնալ դերակատարների հետ: Դրա ուրվագծեր կարծես թե նշմարվում են, թեև իհարկե դա տպավորության, այլ ոչ թե եզրակացության մակարդակում է: Ընդ որում՝ խոսքը թերևս կարող է լինել ներկայացվող առաջարկների կամ գաղափարների, այլ ոչ թե պարտադրվող սցենարների մասին: