20/05/2025

Ատելության լիմիտը սպառվում է. ինչն է պետք սիրել

Պետք է խոստովանեմ, որ ՔՊ-ականների ճեպազրույցներին եւ հարցուպատասխաններին վերջին ժամանակներս չեմ հետեւում: Նախ՝ իհարկե, խնայում եմ նյարդերս: Երկրորդ՝ անգիր գիտեմ, թե ինչ են ասելու:

Ընդ որում՝ այնքան ինքնավստահ են, կամ գուցե մանկամիտ, որ կարծում են, թե 7 տարի, 100-րդ անգամ նույն քարոզչական ապրանքը վաճառելով, դրա գինը չի ընկնի: Բայց կա երրորդ պատճառը, թե ինչու ՔՊ-ականների խոսացածը տեղեկատվական առումով արդեն առանձնապես հետաքրքիր չի:

ՔՊ-ն եւ դրա առաջնորդը, անկախ նրանից, թե որքան են վարչական լծակներով եւ բռնություններով մնալու իրենց աթոռներին, գնում են դեպի մայրամուտ, եւ նրանց ճառերն այլեւս նշանակություն չունեն: Իսկ մայրամուտի հիմնական պատճառը, կարծում եմ, «ատելության մարտավարության» շարունակությունն է:

Ամբոխի հույզերի վրա հիմնվելով՝ կարելի է գալ իշխանության՝ դագաղներով, բուլինգով եւ այլն: (Դա չի բացառում, իհարկե, նաեւ հեղափոխության դրական բովանդակությունը, ինչի մասին վերջերս գրել եմ): Բայց 7 տարի հույս դնել բացասական կրքերի վրա, պարզապես սխալ հաշվարկ է: Ամբոխի զգացմունքները հարատեւ չեն:

Կիրակի օրը նույն ամբոխը կարող է գոռալ «Օվսա՜ննա», իսկ ուրբաթ օրը ճչալ՝ «Խաչի՛ր նրան»: Եթե Աստծո հետ է այդպես վարվում, ապա ի՞նչ ասես սովորական բանսարկուի եւ արկածախնդրի մասին: Սակայն կարեւորն այն է, թե ինչ է վերջնարդյունքում մնում՝ ատելությո՞ւն, թե՞ սեր: ՔՊ-ն հույսը դրել է ատելության վրա: Ատելության օբյեկտը փոխվում է, մարտավարությունը՝ ոչ:

Սկզբից առաջարկվում էր անվերջ ատել «նախկիններին», այնուհետեւ՝ ռուսներին: Բայց դա, ի վերջո, հոգնեցրեց: Հիմա՝ 2023 թվականի սեպտեմբերից գտան նոր թիրախ՝ արցախցիները, որոնք հենց իրենց՝ ՔՊ-ականների պատճառով զրկվեցին հայրենիքից, տներից, ունեցվածքից:

Բայց դա էլ երկար չի աշխատի: Ենթադրենք, պաշտոնյայի ամեն մի ելույթից, Հ1-ի ամեն հաղորդումից կամ քարոզչի ամեն մի ստատուսից հետո բնակչության 20-25%-ի՝ ատելությամբ ապրողների, զգացմունքները խորանում են, բայց ընդգրկել ատողների ավելի մեծ ծավալներ, ըստ ամենայնի, չի հաջողվի:

Հետեւաբար, ժամանակի ընթացքում այդ կրակոցները «խոլոստոյ» (անգնդակ) են դառնում: Իհարկե, ՔՊ-ն մի նոր բան կմոգոնի, թե ում կամ ինչն է պետք ատել: Խնդիրն այն է, որ նրանք չեն առաջարկում, թե ինչն է պետք սիրել: Գուցե խաշլամա՞ն: Կամ հեծանի՞վը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ