25/04/2025

Արտակարգ իրավիճակ, քաղաքապետ Դիանա Գասպարյանին «չեն մտահոգում լճակները»

Երեկ՝ ապրիլի 23-ին, Հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել նաև Արմավիրի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 24-ին, այդ իրավիճակը պահպանվում է, որը գտնվում է ժողովրդին ավելի շատ հայտնի «Զվարթնոց» թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի տակ։

Այսօր էլ դեռ անձրևաջրերի պատճառով նշված հատվածում, ինչպես վարորդներն էին ասում, կարծես «մինի Սևանա լիճ» գոյացած լիներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին․

«Ամեն անգամ, երբ անձրևներ են տեղում, այդ հատվածում ոչ թե ավտոմեքենաներով, այլ նավակներով պետք է տեղաշարժվել, կամ էլ պետք է շրջանցել, որովհետև Էջմիածնի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, ժամանակ չունեն վարորդներիս փրկել էս վիճակից։ Էսօր մի քիչ փառք ա, երեկ ավելի անտանելի էր։ Մոտ 30-ից ավելի ավտոմեքենաները մնացել էին ջրի մեջ։ Վարորդները մեկմեկու օգնելով ավտոմեքենաները հանեցին, բայց հետո էլ մի քանի ժամ ավտոմեքենայի վրայից պոկված համարներն էին փնտրում։

21-րդ դար ու այսպիսի բարձիթողի վիճակ, այն էլ որտեղ՝ հայության կողմից հոգևոր մայրաքաղաք անունը ստացած Էջմիածնում։ Էլ չենք ասում, որ զբոսաշրջիկների բավականին մեծ հոսք կա, այդ թվում այսօր, երբ համայն հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը ու մարդիկ, այցելելով մեր հոգևոր քաղաք, նման պատկերի են ականատես լինում»։