Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ «Երեւանտրանս» ՓԲԸ-ին հատկացվել է 26 միլիոն 544 հազար դրամ՝ աշխատակիցների վերջնահաշվարկը, արձակման նպաստները եւ հարկային պարտավորությունները վճարելու համար։
Հրապարակ թերթը գրել է․ Փետրվարին գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ Ավինյանը, խոսելով «Երեւանտրանս» ՓԲԸ-ի մասին, ասել էր, որ այն պետք է ձեւափոխվի․ «Գործառույթները պետք է արձանագրենք «Երեւանտրանս» ընկերության, որը պետք է դառնա ՀՈԱԿ, որպեսզի այս տրամաբանական փոփոխությունները կարողանանք իրականացնել, որովհետեւ մասնավոր գծերը, որպես այդպիսին, այլեւս չկան:
Բոլոր ուղեւորափոխադրումները կազմակերպվում են Երեւան քաղաքին ենթակա ընկերություններով: Հետեւապես, «Երեւանտրանս» ընկերության ֆունկցիան պետք է վերաձեւավորել, եւ կազմակերպաիրավական ձեւն էլ պետք է փոխվի»։
Երեւանի քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ «Երեւատրանս»-ը 2021-ին ակտիվացրել է այն ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը: 2021-ին մոտ 5 միլիոն է փոխանցվել ընկերությանը՝ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում տրանսպորտային միջոցների ախտահանման համար։ Երեւանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից տեղակացրել են, որ «Երեւանտրանս» ՓԲ ընկերությանը 2024-ին հատկացվել է 50 միլիոն 200 հազար դրամ, որն օգտագործվել է աշխատակիցների աշխատավարձի, կումունալ եւ կայանման վճարների համար: Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Երեւանտրանս»-ը Երեւանի ներհամայնքային երթուղիների սպասարկումն է իրականացրել, իր հարցման մեջ նշված գումարն էլ՝ 50 միլիոնը, քաղաքապետարանի ծախսած այլ գումարների համեմատ փոքր է։
«Ընկերությունը սպասարկել է մասնավոր գծերը, հիմա մասնավոր գիծ չկա, բայց մյուս կողմից էլ, ես խոսել եմ «Երեւանտրանս»-ի աշխատակցի հետ, նա ասել է, որ իրենք սպասարկել են ոչ միայն ավտոբուսները, այլ նաեւ քաղաքապետարանին կից վարչությունների, ինչպես նաեւ քաղաքապետին սպասարկող ավտոմեքենաները։ Առաջին մասով հասկացանք, բա երկրորդ մասո՞վ` ո՞վ է սպասարկելու պաշտոնյաների մեքենաները, պետական ընկերությունից վերցնելու են՝ տան մասնավորի՞ն, երեւի տենդեր կհայտարարեն, կտան մի ընկերության»։ Սարգսյանի տեղեկություններով՝ «Երեւանտրանս»-ը միանում է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները