Նորից հիշեցի Արա Թադեւոսյանի վերջերս հրատարակած գրքից մի դրվագ:
«Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ո՞վ նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստան, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով:
Եվ ո՞վ վերջում ասաց՝ դե, գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետև ինքը, ոնց որ, այլ երկրի քաղաքացի է», – 2024 թվականի օգոստոսի 31-ին նման հռետորական հարցերով էր հանդես եկել Նիկոլ Փաշինյանը:
Ռուբեն Վարդանյանի պատասխանը Բաքվի բանտից, ի դեպ, շատ դիպուկ էր. «Յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից եւ սկզբունքներից»: Բայց ինչո՞ւ հիշեցի այս դրվագը հենց ապրիլի 24-ին:
Ո՞րն էր մեջբերված «հարցերի» իմաստը: Կարծում եմ, պատասխանը պարզ է. քանի որ Պուտինն է հանձնարարել, գործուղել, իսկ հետո «քցել» (ռուսերեն ասած՝ «слил»), ապա մենք՝ Հայաստանի իշխանություններս, ՀՀ այս քաղաքացու, նրա կյանքի եւ անվտանգության համար պատասխանատու չենք:
Այդ սխեման գործում է բոլոր պարագաներում: Քանի որ արցախցիները մեծ մասամբ «մեծահարուստ են» եւ/կամ «փախել են կռվելու փոխարեն» եւ/կամ Արցախի վերջին օրերին «սխալ իշխանություն» են ընտրել եւ/կամ չափից դուրս վստահում էին ռուս խաղաղապահներին, հետեւաբար, թող ինչպես ուզում են ապրեն Հայաստանում կամ, ավելի լավ է՝ թող գնան իրենց Ռուսաստանը:
Նույն «տրամաբանությունը» (որը տվյալ դեպքում համընկնում է թուրքական նարատիվի հետ) ընկած է նաեւ Փաշինյանի իշխանության՝ ցեղասպանության հետ կապված «հայեցակարգի» հիմքում: Քանի որ Օսմանյան կայսրության հայ քաղաքացիները ռուսների դրդմամբ դավաճանել էին այդ կայսրությանը եւ միացել էին դրա թշնամիներին, Թալեաթին եւ Էնվերին էլ ոչինչ չէր մնում, քան հայերին ցեղասպանության ենթարկել:
Քիչ է ասել, որ այդ «հայեցակարգը» հակապատմական է, հակաազգային եւ հակամարդկային: Դա պաթոլոգիա է, որը ցավոք սրտի, հնարավոր չէ բուժել: Դա նաեւ վարակ է, որը խորացնում է մեր ազգային ինքնության ճգնաժամը ու ներազգային պառակտումը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Հերթական շինծու մեղադրանքներն են ներկայացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան. Մարության
590 հազար դոլարի գողությունը պայմանավորում են նաև ՔԿ պետի թույլությամբ