«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, «Աշխարհն առանց նացիզմի» խորագրով կլոր սեղանի շրջանակներում անդրադառնալով նացիզմի եւ դրա դեմ պայքարի անհրաժեշտությանը, ասաց. «Պոլեմիկան զարգացավ հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Կողմերը սկսեցին միմյանց մեղադրել նացիզմը խրախուսելու մեջ:
Հատկապես այդ խոսույթը պոպուլյար էր Արեւմուտքում: Մեկը մեկի վրա բարդեցին, թե ով էր մեղավոր այս պատերազմի սանձազերծման հարցում: Ինչ է ասում արեւմտյան վարկածը: Ասում է, որ Ուկրաինայում պատերազմը բորբոքվեց իբրեւ թե այն պատճառով, որ Մոսկվան ուզում էր նոր կայսրություն վերածնել: Սա ամենապոպուլյար թեզն է: Չեմ տրվի ոչ արեւմտյան, ոչ ռուսական նարատիվներին:
Միայն մի փաստ բերեմ: Ռուս-ուկրաինական պատերազմին նախորդող տարիներին Ռուսաստանի ռազմական բյուջեն փոքրանալու տենդենց է ունեցել: Օրինակ, 2021 թվականին եղել է ընդամենը $ 70 միլիարդ: Սա շատ փոքր, աննշան մի թիվ է, եթե նկատի ունենանք, որ ԱՄՆ-ի միայն նոր տեխնոլոգիաների ռազմական ծախսերի բաժինը գերազանցել է այդ $ 70 միլիարդը: Ուզում եմ ասել, որ պատերազմ նախաձեռնող երկիրը այդքան սահմանափակ ռազմական բյուջե չի ունենա:
Ես պատերազմի մեկնարկից ի վեր միշտ իմ կարծիքն եմ հայտնել, եւ դա միայն իմ կարծիքը չի եղել, որ ուկրաինական պատերազմը հետեւանք էր ՆԱՏՕ-ի էքսպանսիայի: Այս կարծիքը, ի դեպ, վերջին շրջանում հայտնել են նաեւ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը եւ Պենտագոնի ղեկավարը, որը խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր կարգավորման մասին՝ նշել է հետեւյալ կարեւոր պարամետրերը: Ուկրաինան երբեք հետ չի վերադառնալու այն սահմաններին, որ կար մինչեւ 2014 թիվը:
Իրատեսական չէ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին: Իրական չէ ԱՄՆ ուսերին բարդելը եվրոպական անվտանգությանն առնչվող հարցերը: Այսինքն, արձանագրենք, որ պատերազմը ՆԱՏՕ-ի էքսպանսիայի քաղաքականության հետեւանք էր:
Դրա թիվ մեկ պատասխանատուն, այսպես կոչված, Արեւմուտքի գլոբալիստական ուժերն են, որոնք կամաց-կամաց զիջում են իրենց ազդեցությունը եւ դիրքերը արեւմտյան երկրներում: Ավելի բազմաշերտ ու բազմագույն, ավելի բազմաթիվ սեգմենտներից բաղկացած Արեւմուտք, քան հիմա է, գոյություն չի ունեցել:
Մյուս կարեւոր բանը: Ուլտրագլոբալիստների հայկական ֆիլիալի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի քավորությամբ շատ սիրում էին ասել՝ այս պատերազմը առաջադեմ աշխարհի եւ հետադիմական Ռուսաստանի պատերազմ է: Արեւմուտքն էլ, Ռուսաստանն էլ իրենց աշխարհաքաղաքական շահերն ունեն:
Բոլորը գիտեն, որ ես բալանսավորված արտաքին քաղաքականության կողմնակից եմ: Պնդել եմ, որ Ռուսաստանի հետ Հայաստանը պետք է ունենա ռազմավարական հարաբերություններ, միեւնույն ժամանակ գործընկերային հարաբերություններ պահպանի նաեւ արեւմտյան կենտրոնների հետ: Բայց միջազգային հարաբերություններում արժեքային հատկանիշները, մարդու իրավունքները, դեմոկրատիան, երրորդական, չորրորդական տեղում են:
Միջազգային հարաբերությունները ունեն երկու կարեւոր կոմպոնենտ. ուժերի բալանսը եւ դիվանագիտական միջավայրը: Մնացածը հեքիաթների ժանրից են: Քանի որ այսօր քննարկվում է մայիսի 9-ի հետ կապված խնդիրներ, դա քաղաքակիրթ մարդկության հաղթանակն է նացիզմի դեմ: Ի՞նչ է կատարվում Եվրոպայում, որը ես անվանեցի եվրոնացիզմ:
Եվրամիությունը այսօր դժբախտություն ունի իր դիվանագիտության ղեկավարի պաշտոնում տեսնելու մի կնոջ՝ Կայա Կալասին, որը սարսափելի մի ելույթ էր ունեցել Լյուքսեմբուրգում: Այս տիկինն ասում էր, որ ով մեկնի Մոսկվա մայիսի 9-ի շքերթին մասնակցելու, դա անհետեւանք չի մնալու, որովհետեւ դա չի պատասխանում Եվրոմիության արժեքներին: Հաղթանակի արժևորումը երկրորդ համաշխարհային պատերազմում, չեմ հասկանում, ոնց կարող է չհամապատասխանել Եվրամիության արժեքներին:
Նրան դիպուկ հակադարձել է Սլովակիայի վարչապետը, որը պատրաստվում է մեկնել Մոսկվա: Նա ասել է, որ տիկին Կալասը 2025 թիվը չփոթել է 1939 թվի հետ: Հենց սրա համար ես Եվրոնացիզմ տերմինն օգտագործեցի: Ու դա շատ ճիշտ գնահատական է, որովհետեւ նման անհանդուրժող կեցվածքը հենց տոտալիտար մտածողության արգասիք է:
Եվրոպայում մենք այսօր, ըստ էության, գործ ունենք ուլտրալիբերալ նացիզմի հետ, որը չի հանդուրժում որեւէ այլ դրսեւորում, չի ցանկանում տեսնել բազմաբեւեռ աշխարհ»,-ասաց բանախոսը:
Բաց մի թողեք
Ինչպես Կարեն Կարապետյանը /չ/առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում․ Լուսանկար
Ընկնելով պատմության հետևից․ Արա Այվազյան
«Ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ». Հովիկ Աղազարյան