Ես նույնպես, ինչպես «Սրբազան պայքարի» երիտասարդները, մեղմ ասած, չեմ վստահում Փաշինյանի իշխանությանը: Ոչ միայն չեմ վստահում, այլ կարծում եմ, որ նրա՝ վարչապետի աթոռին մնալու ամեն օրը մոտեցնում է Հայաստան պետության դե-ֆակտո վերացումը:
Ցանկացած այլ անձի, անկախ կուսակցական պատկանելությունից, այդ աթոռին հայտնվելը տալիս է որոշ շանսեր, բայց, բնականաբար, չի տալիս ոչ մի երաշխիք: Այն վիճակը, որում մենք հայտնվել ենք, պայմանավորված է ոչ միայն նվաստացուցիչ պարտությամբ, այլ հասարակական լուրջ դեգրադացիայով:
Հետեւաբար, հնարավոր իշխանափոխությունն էլ իմ մեջ, ճիշտն ասած, մեծ լավատեսություն չի արթնացնում: Այն տոնայնությունը, որով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իրականացնում է իր կուսակցության քարոզչությունը, նույնպես իմ սրտով չէ: Չնայած հանուն արդարության՝ պետք է ասել, որ այդպես են գործում բոլոր կուսակցությունների «ագիտացիայի եւ պրոպագանդայի բաժնի վարիչները»:
Բայց երբ տարեց կինը մոտենում է ցույց անող (կրկնեմ՝ ինձ համար միանգամայն ընդունելի կարգախոսներով ցույց անող) երիտասարդներին ու իր դժգոհությունն է հայտնում, նույնիսկ վիրավորում է, նույնիսկ ձեռնափայտն է թափահարում, միակ մարդկային պատասխանը պետք է լինի՝ «մայրիկ ջան, մի՛ հուզվեք, ամեն ինչ լավ կլինի»:
Եվ ոչ թե քաղաքական թեմաներով այդ կնոջը բզբզելը, որպեսզի նա ավելի շատ բորբոքվի: Մանավանդ, եթե ցուցարար երիտասարդներին, կարծես թե, խորթ չեն քրիստոնեական արժեքները՝ ներողամտությունը, համբերատարությունը, հանդուրժողականությունը:
Ամենավատ բանը, որը հիմա կա, եւ որն, ի դեպ, նպաստում է հասարակական դեգրադացիային՝ այն է, որ քաղաքական, միանգամայն բնական, հակասությունները վերածվում են անձնական թշնամանքի: Դուք գուցե ասեք՝ «բա որ նրանք…»:
Օրինակ, «բա որ նրանց ոստիկանները քաշքշում էին որդեկորույս մայրերին»: Դա իրականում շատ կարեւոր խնդիր է. արդյոք իմ վարքը պայմանավորված է ուրիշների՞ վարքով, թե՞ իմ ներքին, անսասան, որեւէ «դրսի գործոններով» չպայմանավորված սկզբունքներով:
Ամեն մեկս պետք է պատասխան տա այդ հարցին: Առաջին ճանապարհը հեշտ է, բայց, ինչպես ցույց է տալիս հազարամյակների մարդկային փորձը, հղի է «պատասխան» ստորություններով ու սրիկայություններով: Երկրորդը՝ բարդ է եւ շատերի համար՝ անընդունելի: Բայց դե իմ նպատակը որեւէ մեկի համար ընդունելի լինելը չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու. Լուսանկար
ԱՄՆ-ն այժմ հետաքրքրություն ունի, որ Հարավային Կովկասում հարաբերական անդորր լինի
Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանից զանգի լուրը, սակայն ինքը թիրախավորվել է 2008-ից